«Անցյալ տարին շատ ծանր էր՝ քովիդի, պատերազմի եւ այլնի առումով, եւ մենք չէինք էլ ցանկանում առանձնապես խոսել, բայց լուռ անում էինք մեր գիտական գործը: Այս տարի էլ աստղադիտարանի 75-ամյակն էր, եւ շատ ուզում էինք, որ դա մեծ իրադարձություն լինի Հայաստանում, Հայաստանի գիտության համար, սակայն քաղաքական ազդեցությունն, այնուամենայնիվ եղավ, եւ տարեդարձը մի քիչ համեստ հիշեցինք»,- ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կայացած ասուլիսում ասաց աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ խոսելով աստղադիտարանի հոբելյանական տարվա ամփոփման, աստղադիտարանի գործունեության, առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու ամենամյա գիտական լրագրության մրցույթի մասին:
«Հետաքրքիր է հասկանալ մեր աստղագիտության տեղն ու դերը համաշխարհային աստղագիտության մեջ: Հայաստանը տարածքով 138-րդ տեղն է գրավում, բնակչության թվով՝ 134-րդ: Տնտեսական ցուցանիշներով համարյա համապատասխանում է իր այդ դիրքին, բյուջեով 136-րդն է, ՀՆԱ-ով՝ 130-րդ տեղում է աշխարհում տարբեր ցուցանիշներով»,- ներկայազեկույցով (պրեզենտացիայով) ասելիքը մատուցելով՝ ասաց Արեգ Միքայելյանը:
Նրա ձեւակերպմամբ, ըստ այս ցուցանիշների, այսպես ասած, երկրորդ էշելոնի երկիր ենք, եւ առանձնապես հպարտանալու բան չունենք տնտեսական ցուցանիշներով, սակայն պատկերն այլ է գիտության ոլորտում:
Կարդացեք նաև
Արեգ Միքայելյանը ներկայացրեց ըստ Scimzago տվյալների շտեմարանի երկրների ցուցանիշների՝ ֆիզիկա, եւ աստղագիտություն, աստղագիտություն եւ աստղաֆիզիկա բնագավառներում Հայաստանի ցուցանիշները: Դրանք 1996-ին համապատասխանաբար եղել են` 45, 30, 2020- ին` 66, 52, 1996-2020` 60,41, իսկ բոլոր բնագավառների առումով պատկերը հետեւյալն է՝ 1996-ին՝ 68, 2020- ին` 95, 1996-2020` 89: Սա է Հայաստանի տեղը աշխարհի գիտության եւ աստղագիտության մեջ:
«Աստղագիտություն եւ աստղաֆիզիկա ոլորտում մենք ամենաբարձր դիրքերն ունենք աշխարհի երկրների մեջ»,-նշեց աստղադիտարանի տնօրենը: «Այն միֆը, թե գիտությունը չի աշխատում Հայաստանում, ըստ այս ցուցանիշների միանգամից հերքվում է»,-հավելեց նա: Նաեւ ընդգծեց, որ պետությունը ջանքեր պետք է ներդնի, որպեսզի մեր ունեցածը չկորցնենք, որովհետեւ այլ երկրներ տարիների կտրվածքով բավականին բարելավել են իրենց դիրքերը:
Աստղադիտարանի տնօրենն այլ տվյալների էլ անդրադարձավ. «Միջազգային աստղագիտական միությունն (ՄԱՄ) ունի 82 անդամ-պետություն, դրանցից մեկն էլ Հայաստանն է: Դա նշանակում է, որ 120 պետություն պաշտոնապես աստղագիտություն չունի, Միջազգային աստղագիտական միության անդամ չի հանդիսանում: Ընդ որում, 82-ից 50-ն ունեն աստղադիտարան, որոնցից մեկը հենց Հայաստանն է: Աստղագետների թվով 18 է մեր ցուցանիշը՝ մեկ միլիոն բնակչության պարագայում, ինչը բավականին բարձր է, եւ Հայաստանը բոլոր երկրների մեջ 9-րդ տեղն է զբաղեցնում այս առումով: Այսինքն` աշխարհում միջինում ավելի քիչ աստղագետներ կան, քան Հայաստանում: Հայաստանը փոքրիկ երկիր լինելով՝ ՄԱՄ անդամ 98 երկրների թվով 47-րդ տեղում է, իսկ ՄԱՄ տարածաշրջանային աստղագիտական կենտրոնների թվում 11-ից մեկը…Մեր դիտակը 46-րդ տեղն է զբաղեցնում, իսկ տեղադրման պահին եղել է աշխարհում 7-րդը՝ մեծությամբ»:
Արեգ Միքայելյանը հայտնեց, որ Հայաստանում հրապարակվում է երկու աստղագիտական ամսագիր, իսկ միջազգային աստղագիտական գիտաժողովների թվով Բյուրականը մտել է տասնյակ լավագույն վայրերի մեջ, որոնց թվում են Փարիզը, Հռոմը, Պեկինը, Ռիո դե Ժանեյրոն, Վիեննան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ