Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրեցին, թե ինչպես է Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մասը գրավոր փաստաթղթով հանձնվել Ադրբեջանին: Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը ցույց տվեցին գրավոր փաստաթղթերի մի ամբողջ տրցակ՝ բացահայտելով դեպքերի ժամանակագրությունը ու ամբողջացնելով Սյունիքում կատարվածը:
Այսօր ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հարցին, որ պարզվել է՝ Սյունիքում մեր զորքերը երբ հետ քաշվեցին, կա գրավոր փաստաթուղթ, դուք տեղյա՞կ էիք այդ փաստաթղթի մասին՝ պատասխանեց. «Ասում եք՝ մեր զորքերը հետ քաշվեցին, ինչքա՞ն զորք է հետ քաշվել, քանի՞ մետր է հետ քաշվել: Սա եղել է Կապանի հատվածում՝ Փելա սարի հատվածն է, որտեղ սկզբական շրջանում ռուսները գնացին, կանգնեցին այդտեղ, հետո, որ սահմանները սկսեցին նայել, ճշտել, պարզվեց, որ ռուսները նստած են ադրբեջանցիների սահմանում: Նրանք հետ քաշվան, Փելա սարի հատվածից, անցան այս կողմ: Իրանց հետ գալուց հետո նոր մեր երկու հենակետը հետ է եկել: Այսինքն, զինված ուժերը հետ չեն քաշվել»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը միշտ պնդում էր, որ բանավոր ցուցումով է եղել, գրավոր փաստաթուղթ չկա, հիմա ԳՇ պետը հաստատել է, որ եղել է գրավոր փաստաթուղթ, այսինքն, Նիկոլ Փաշինյանը ստե՞լ է խորհրդարանական ամբիոնից՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Վարչապետն ասաց, որ իմ հրամանով հետ են քաշվել այդ հատվածում, ձեզ ի՞նչ է պետք՝ գրավոր կլինի, բանավոր կլինի…»: Բա ժողովուրդը չիմանա՞՝ հարցին Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Դուք կթողեք ժողովուրդը չիմանա՞»:
Կարդացեք նաև
Մելքոնյանը վստահեցրեց, որ ինքը այդ գաղտնի գրավոր փաստաթղթից տեղյակ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ