Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ենք, որ 2022 թ. գիտության համար բյուջեով նախատեսված հատկացումները կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով. «Գիտուժ»

Դեկտեմբեր 21,2021 14:22

«Գիտուժ»-ի հայտարարությունը «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովն ընդունեց 2022թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Համաձայն օրենքի՝ 2022թ. «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով (դասիչ 1162) նախատեսված է հատկացնել մոտ 25.15 մլրդ. դրամ [1]: Համեմատելով 2021թ. բյուջեում նույն տողով նախատեսված հատկացումների հետ, որոնք պետք է կազմեին մոտ 13.76 մլրդ. դրամ, կարող ենք գրանցել նախատեսված հատկացումների մոտավորապես 83% աճ:

Պարզաբանում. Կառավարության՝ մարտի 18-ի 371-Ն (կրճատում) և ապրիլի 8-ի 524-Ն (ավելացում) բյուջեում վերաբաշխումների մասին որոշումների համաձայն գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար 2021թ. հատկացումներն ավելացվել էին գումարային 2 մլրդ. դրամով՝ կազմելով մոտ 15.76 մլրդ. դրամ: Սա նշանակում է, որ 2021թ. փաստացի հատկացումների համեմատ 2022 թ. նախատեսվում է մոտ 60% աճ:

Հայաստանում գիտական էկոհամակարգի արագընթաց առողջացմանը և զարգացմանը միտված պայմաններ ստեղծելու համար «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կառավարությանը ու Ազգային Ժողովին ուղղված իր պահանջում [2] կոչ էր անում կատարել առնվազն երեք գործողություն.

  • 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումները:
  • ՀՀ գիտության բնագավառը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնելով 2024թ. հասցնել բյուջեի առնվազն 4%-ին (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
  • Լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, բյուջեի աստիճանաբար աճի հանձնառության հիման վրա ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ:

«Գիտուժ» նախաձեռնությունը, հաշվի առնելով գիտության 2021թ. բյուջեի և 2022թ. նախատեսած բյուջեի աննախադեպ ավելացումները, առաջին կետը համարում է ուշացումով կատարված։ Կարևոր է ընդգծել նաև գիտնականների բազային աշխատավարձերի աստիճանաբար ավելացման մասին Կառավարության մայիսի 13-ի 747-Լ որոշումը և 2022-2025թթ. գիտության համար հատկացումներն ամեն տարի 3-5 մլրդ. դրամով ավելացնելու մասին ապրիլի 14-ին վարչապետի ԱԺ-ում կատարած հանրային խոստումը:

Ողջունում ենք Կառավարության այս գործողությունները և ակնկալում ենք, որ 2022 թ. գիտության համար բյուջեով նախատեսված հատկացումները կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով՝ առանց որևէ կրճատումների:

Դրական առաջընթացն արձանագրելով և ողջունելով հանդերձ՝ պետք է արձանագրենք, որ դեռ անկատար են մնում մեր պահանջի երկրորդ և երրորդ կետերը։

 Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների և ռիսկերի առջև։ Այդ մարտահրավերներին դիմակայելու և ռիսկերը մեղմելու կամ ամբողջությամբ վերացնելու գործընթացը կարող է հիմնված լինել միայն ամենաարդիական գիտահետազոտական և փորձարարական կարողությունների վրա՝ թե՛ մաթեմատիկական-բնագիտական, թե՛ հասարակական ու հումանիտար գիտությունների մեջ: Ամեն օր հապաղելով ու հետաձգելով համարձակ հանձնառության վրա հիմնված պետական կարիքներից բխող ռազմավարության մշակումը և իրագործումը՝ մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում մեր առջև ծառացած մարտահրավերներից բխող վտանգների և ռիսկերի իրականացման համար։

Գիտուժի օրեցօր աճող համայնքն անընդունելի է համարում ցանկացած հապաղում այս կենսական հարցում և հետևողական է լինելու վերոնշյալ պահանջների ամբողջական և շուտափույթ կատարմանը:

Հղումներ.

[1] http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12781&Reading=0, Հավելված N1, աղյուսակ N2

[2] https://gituzh.am/պահանջ/

 

Գիտուժ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031