Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում ընտրվել է երկու թեկնածու, իսկ համայնքային կնիքը չկա

Դեկտեմբեր 21,2021 14:04

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետարանի դիմաց դեկտեմբերի 21-ին հավաքվել էին համայնքի ավագանու մի շարք անդամներ և բնակիչներ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:

Համայնքի ավագանու անդամները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Վոլոդյա Գրիգորյանը առաջին ավագանու նիստին 10 կողմ և ոչ մի դեմ ձայներով ընտրվել է. «Մենք արդարության պահանջով եկել ենք, որ մեր թեկնածուն այսօր՝ իր առաջին աշխատանքային օրը կայացնի»։

Նրանք նշեցին, որ իրենց գնալուց հետո ևս մեկ ընտրություն է կազմակերպվել. «Ավագանու նիստին օրենքի կարգով ընտրվել է Վոլոդյա Գրիգորյանը, իրենք էլ ներկա են եղել այդ պահին, հանձնաժողովի նախագահը ստորագրել է, մակագրել է, հիմա պետք է համայնքի ղեկավարի կնիքը այդ թղթի վրա, որ տանեն հանձնեն համապատասխան մարմիններին։ Համայնքի կնիքը չկա, ում հարցնում ես՝ ասում է՝ չգիտենք, Դավիթ Մինասյանի մոտ է»։

Ըստ ավագանու անդամների, դա արդեն օրենքի խախտում է. «Մինչև այս պահը Վոլոդյա Գրիգորյանի ընտրվելը համայնքապետարանում համայնքի գործերը պետք է ղեկավարեր աշխատակազմի ղեկավարը, քանի որ ժամանակավորապես պաշտոնակատարի ժամկետը լրացել է ամսի 17-ին, այսինքն՝ նրա մոտ էլ չէր կարող լինել։ Կնիքը չէր էլ կարող լինել Դավիթ Մինասյանի մոտ, որովհետև նա համայնքի ղեկավարը չի, ոչ էլ պաշտոնակատարն է այս պահի դրությամբ։ Պետք է լիներ աշխատակազմի ղեկավարի մոտ, և նա պետք է դիմավորեր և կնիքը հանձներ նրան։ Բայց համայնքապետարանի ոչ մի աշխատակից, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարը, տեղյակ չէ, թե որտեղ է համայնքապետարանի կնիքը»։

Փարաքարի համայնքապետարանի դիմաց էր նաև Վոլոդյա Գրիգորյանը (լուսանկարում

«Երեկ մեր ավագանու նիստն է կայացել։ Ավագանու նիստը վարվել է ընթացակարգին համապատասխան՝ բացվել է նիստը, փակվել է նիստը։ Միակ առաջադրված թեկնածուն եղել եմ ես, ընտրվել եմ ես։ Այսօր մենք մեր աջակիցներով, մեր ընտրողներով եկել ենք մեր աշխատավայր»,- ասաց նա։

Վոլոդյա Գրիգորյանը նշեց, որ Դավիթ Մինասյանը և իր խմբակցությունը չեն մասնակցել ընտրությանը։ Մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագրից» երկու ավագանու անդամ, որոնք ձեռնպահ են քվեարկել, որոնք մասնակցել են մյուս նիստին ևս. «Մեզնից հետո գումարվել է ևս մեկ նիստ։ ՔՊ-ն ևս մասնակցել է այդ նիստին»։

Նա համայնքում կատարվածը անվանեց «գցոցի». «Իսկ «գցվողը» հաստատ մենք չենք։ Մեր ընտրողները «գցվող» չեն, մեր համայնքները «գցվող» չեն. Մի քանի համայնքում ենք հաղթել, ոչ միայն մեկ համայնքում։ Մենք պատրաստ ենք համագործակցել մնացած ուժերի հետ էլ։ Ես ինքս ինձ ճանաչելով կարող եմ հայտնել, որ ես ընդդիմադիր չեմ, տեսակով այդպիսին չեմ ուղղակի։ Մի փոքր էլ անկեղծանամ, որ իմ սրտով էլ է եղել, որ 48.9 եմ հավաքել, որ 51-ի շեմը չեմ հաղթահարել։ Եթե հաղթահարած լինեի՝ հրավիրելու էի թե՛ Դավիթ Մինասյանին, թե՛ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Ես բազմիցս հայտարարել եմ ընտրություններից առաջ, եթե 51-ով մենք հաղթենք, ես երկու ուժերին էլ հրավիրելու եմ համատեղ կառուցելու, այս ամենը բերելու մի կետի»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031