Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաչյա Սարգսյանը քաղաքային տնտեսության մասով բանիմացություն է ցուցաբերել». Դավիթ Խաժակյան

Դեկտեմբեր 21,2021 13:27

Ինչպե՞ս է դրսեւորվել Հայկ Մարությանի խզումը քաղաքական թիմի հետ. այս հարցին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ինչու՞ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը, ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով քննարկման ժամանակ պատասխանեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով իշխող ուժի՝ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը:

«Քաղաքական խզումը սկսվել է մեկ տարի առաջ, երբ Հայկ Մարությանը պատերազմից հետո, կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Մինչ այդ էլ եղել են խնդիրներ՝ հիմնականում աշխատանքային մակարդակի, որոնք հարթվել են ժամանակի ընթացքում: Բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ պարոն Մարությանն այդպիսի որոշում է կայացրել եւ մենք մեկ տարի ուղղակի ճգնաժամում ենք աշխատել: Դա ի ցույց չենք դրել, որովհետեւ երկիրը ծանր վիճակում էր, գտել ենք, որ տարաձայնությունները պետք է սառեցնենք, վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարենք, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել, չնայած որ մեծ ջանքեր ենք ուղղել այդ ուղղությամբ»,- ասաց Արմեն Գալջյանը: Ջանքերը դրսեւորվել են քննարկումներում, առանձնազրույցներում, խմբակցության նիստերում: Ինչո՞ւ չի հաջողվել՝ իշխող ուժի ներկայացուցիչը խոսել չի ցանկանում, բայց վստահ է, որ հարցի լուծման բանալին Հայկ Մարությանի ձեռքում է եղել եւ նա պարզապես չի ցանկացել օգտվել հնարավորությունից:

Հրաժարականի անհրաժեշտությանն էլ անդրադառնալով՝ Արմեն Գալջյանն ասաց՝ որեւէ տեղ գրված չէ, որ քաղաքական թիմի տարաձայնությունների պատճառով քաղաքապետը պետք է պաշտոնանկ արվի, բայց քաղաքական տրամաբանությունը եւ ԸՕ-ի տրամաբանությունն են դա հուշում, որովհետեւ ընտրությունները համամասնական կարգով են, այսինքն, քաղաքացին ընտրում է ոչ թե անձին, այլ ուժին, որն էլ որոշում է, թե իր ցուցակից ով պետք է դառնա քաղաքապետ: Օրենսդրությունը հնարավորություն տալիս է փոխել քաղաքապետին, ինչը եւ հիմա անում են իրենք:

Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը չի միացել Հայկ Մարությանի անվստահության գործընթացին, բայց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝ խմբակցությունում դժգոհ են Հայկ Մարությանի կառավարման երեք տարիներից, դրանք համարում են ձախողված կառավարում: Ձախողումը դրսեւորվել է ոչ միայն քաղաքային տնտեսության կառավարման մեջ, այլ նաեւ քաղաքական փոխհարաբերություններում, քանի որ ավագանին քաղաքական մարմին է: Ինչեւէ, մարդիկ, ովքեր դեմ են քաղաքապետի փոփոխությանը, նա կարծում է, որ չեն հասկանում իշխանության շարժառիթները, բայց փաստում է, որ քաղաքապետն առաջնային մանդատ չունի եւ ավագանին կարող է այդ փոփոխությունն իրականացնել: Չեն միացել նախաձեռնությանը, քանի որ իշխող ուժի հնչեցրած պատճառները ներկուսակցական, ներքաղաքական են: Իրենք այդտեղ անելիք չունեն: Իրենք հանձնառու են՝ վերահսկել նոր քաղաքապետի գործունեությունը: Իր տպավորությամբ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը քաղաքային տնտեսության մասով բանիմացություն է ցուցաբերել եւ առնվազն եղած վիճակից հետընթաց չենք ունենա:

Արմեն Գալջյանը հավելեց՝ ներկուսակցական, ներքաղաքական պատճառները հանգեցնում են նաեւ քաղաքի կառավարման խնդիրների, արդեն նաեւ ճգնաժամեր են առաջացնում քաղաքային հարցերի լուծման համար: Այդ է պատճառը, որ առաջարկել են թեկնածու, որը ՔՊ անդամ չէ եւ հետագայում համանման խնդիրներ չեն լինի:

Դավիթ Խաժակյանը հավելեց՝ եթե 2019, 2020 թվականների բյուջեների կատարողականների արդյունքներով քաղաքապետին փոխեր իշխող ուժը, այժմ առավել բարվոք վիճակում կլինեինք:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ բացատրեց, ինչո՞ւ է ԲՀԿ-ն միացել պաշտոնանկության գործընթացին՝ ասելով, որ այն համընկնում է իրենց քաղաքական թիմի օրակարգին, որը ձեւավորվել էր դեռ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ տապալվեց արաբ գործարարների խոշոր ներդրումային ծրագիրը, որով նաեւ նախատեսվում էր բարեգործական հիվանդանոցի կառուցում: Մյուս պատճառը՝ «կամազների մութ պատմությունն է», բյուջեի թերի կատարողականները եւ այլն: Մինչ այժմ քաղաքապետին անվստահություն չէին հայտնում, քանի որ երկու ընդդիմադիր խմբակցությունների քվեները չէին բավարարում, իսկ նման պարագայում հարցի բարձրացումը կլիներ պոպուլիզմ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031