«Հայկ Մարությանի աշխատանքի գնահատականը պետք է տա երեւանցին՝ արտահերթ ընտրություններով, որոնց անունը լսելիս ձեզ մոտ միանգամից ինչ-որ այլայլումներ են առաջանում: Պետք չէ վախենալ ընտրություններից եւ ես կարծում եմ, որ սա միակ ազնիվ տարբերակն է՝ ստուգելու՝ երեւանցին ի՞նչ է մտածում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ «Ինչու՞ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը, ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը՝ հակադարձելով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին: Գրիգոր Երիցյանն օրեր առաջ վայր դրեց մանդատը՝ համաձայն չլինելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու իշխող ուժի որոշման հետ:
Գրիգոր Երիցյանը հասկանում է, որ արտահերթ ընտրությունը ձեռնտու չեն նաեւ «Լույս» եւ «ԲՀԿ» խմբակցություններին էլ, բայց գտնում է, որ ուղիղ ժողովրդավարությամբ պետք է հարցերը լուծվեն, մանավանդ, որ 2018-ին դա խոստացել է իշխող ուժը:
«Դա Մարությանն է խոստացել. ձեզ հայտնի՞ է մի դեպք, երբ Հայկ Մարությանը որեւէ հարց հանրաքվեի է ուզել դնել, իշխող ուժը դե՞մ է եղել»,- հակադարձեց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ նրա տեսակետը կկիսի այն ժամանակ, երբ Մարությանը հայտարարեր, որ ինքը հավակնում է մասնակցել արտահերթ ընտրությունների, պահանջում է դրանք եւ կփորձեր քաղաքական դաշտը համախմբել:
Գրիգոր Երիցյանն ասաց՝ երբ Մարությանը ակնարկել է արտահերթ ընտրությունների մասին, «Իմ քայլը» գնացել է կտրուկ լուծումների:
Կարդացեք նաև
«Ձեզ ի՞նչ է ակնարկել, ես չգիտեմ, ես հրապարակային եմ ասում: Եթե պատրաստ է քաղաքացու ձայնի համար կռիվ տալ, որովհետեւ 2018-ին կռիվ չի տվել, դուք շատ լավ գիտեք, որ 2018-ին իրեն ձայն չի տվել քաղաքացին»,- հավելեց Դավիթ Խաժակյանը:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ այս մասով նկատեց. «Իսկ ինչի՞ պիտի լինեն արտահերթ ընտրություններ: Երեւանցու կարծիքը հաշվի է առնվել երեք տարի առաջ եւ հաշվի կառնվի երկու տարի հետո: Չի կարելի մեկ անձի պատճառով մեկ միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների: Մարդիկ ընտրել են, որպեսզի խնդիրները լուծվեն, ոչ թե որպեսզի մեկ անձի կոմֆորտի դաշտում կառավարվի քաղաքը»: Նա չի կիսում այն տեսակետը, որ վերջին տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներից ելնելով՝ իշխող ուժը վախենում է Երեւանում արտահերթ ընտրությունների գնալ:
Գրիգոր Երիցյանը Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթացը համարում է հակաժողովրդավարական, որը չի բխում երեւանցիների շահերից: Նա գործընթացի օրինականությունը չի վիճարկում, բայց զուգահեռներ է անցկացնում՝ ասելով՝ եթե բացառապես օրինականության հարթությունում դիտարկենք, ապա չէր լինի 2018 թվականի հեղափոխությունը, ինչի արդյունքում ձեւավորվեց «Իմ քայլը» դաշինքը: Հայկ Մարությանին պաշտոնական անելու որոշումը նա նեղկուսակցական է համարում եւ վստահ է, որ այս փոփոխությունը բերելու է նոր ճգնաժամի: Իր հայտարարությամբ, փոխվելու են նաեւ բոլոր փոխքաղաքապետերը, վարչությունների պետերը, վարչական շրջանների ղեկավարները՝ համադրելով քաղաքական թիմին մոտ կանգնած անձերով, ինչի արդյունքում քաղաքի կառավարումը միայն տուժելու է, քանի որ օբյեկտիվորեն մարդիկ պետք է փորձեն հարմարվել նոր պաշտոնին: Հիշեցնում է, որ «Իմ քայլը» խմբակցությանը մեկ տարի պահանջվեց նոր աշխատանքին ինտեգրվելու համար, մինչդեռ այս թիմին մեկ տարի ութ ամիս է մնացել կառավարման համար:
«Այստեղ տուժում է միայն երեւանցին եւ չի շահում ոչ ոք, նաեւ ՔՊ-ն: Որոշումն իրականացվում է հանրային աջակցության տոտալ բացակայության պայմաններում: Սրանք անձնական խնդիրներ են, որոնք բերվել են հանրային դաշտ»,- ասաց Գրիգոր Երիցյանը:
Հիշեցնենք, վաղը կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում կլինի Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չհամաձայնեց Գրիգոր Երիցյանի հետ՝ նկատելով, որ մենք խոսում ենք մի քաղաքապետի մասին, որը երեք տարվա ընթացքում իրավաբանական վարչության չորս պետ է փոխել, ճարտարապետական վարչության երեք պետ, կանաչապատման հիմնարկը մեկ տարեկան է, արդեն երրորդ ղեկավարն է նշանակվել: «Եթե սա է արդյունավետ կառավարումը, ապա սրանից անարդյունավետը ի՞նչը պետք է լինի»,- տարակուսեց Դավիթ Խաժակյանը:
Գրիգոր Երիցյանը հակադարձեց՝ այդ որոշումները աջակցվել կամ ուղղորդվել են ՔՊ-ից: Բացի այդ, մեկ վարչության պետի փոփոխությունն այլ է, ամբողջ համակարգի փոփոխությունը՝ այլ, ինչը մի քանի ամիս կաթվածահար է անելու աշխատանքները: Դիտարկմանը հետեւեց Դավիթ Խաժակյանի հարցը. «Աջափնյակ վարչական շրջանը Մարությանի օրոք քանի՞ ղեկավար փոխեց»: Գրիգոր Երիցյանն ասաց, որ այդ հարցերի պատասխանները պետք է փնտրել ոչ քաղաքապետի գրասենյակում, քանի որ շատ թաղապետեր նշանակվել են ՔՊ-ի առաջարկությամբ եւ տարաձայնություններ սկսվել են նաեւ այն ժամանակ, երբ քաղաքապետ Մարությանը չի կիսել կուսակցության կադրային առաջարկները. «Դա նորմալ է, քաղաքապետն է պատասխանատու քաղաքի կառավարման համար եւ եթե ինքը գտնում է, որ տվյալ անձը հարմար չէ վարչության պետի կամ վարչական շրջանի ղեկավարի համար, քանի որ ինքն է կրում պատասխանատվությունը սխալ թաղապետի կամ, ասենք, քրեական հեղինակությանը թաղապետ նշանակելու համար… »:
Արմեն Գալջյանն էլ նախկին թիմակցին հարցրեց՝ դուք առաջարկում եք անարդյունավետ պաշտոնյաներին թողնենք աշխատե՞ն, ինչ է թե այդ մարդիկ արդեն աշխատում էին եւ սովո՞ր էին: Նա նկատեց, որ որեւէ համակարգային փոփոխություն, որեւէ բարեփոխում Հայկ Մարությանը չի արել: Նրա քննադատություններին էլ դարձյալ հարցերով արձագանքեց. «Ի՞նչն է հակաժողովրդավարական. քաղաքացիները ընտրել են քաղաքական ուժի, մենք հիմա այլ ուժի՞ ենք բերում՝ նստեցնում մեր տեղն՝ առանց ընտրությա՞ն: Որտե՞ղ է հակաժողովրդավարական քայլը: Կամ ասում եք՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի թողել, որ այլակարծություն դրսեւորվի: Դուք լավ գիտեք, քաղաքապետն էլ շատ հստակ բազմիցս ասել է, որ կադրային հարցերն ինքն է որոշում, հետեւաբար, պետք չէ բացթողումները, ձախողումները վերագրել քաղաքական թիմին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան էջից