Ինչպես հայտնել էինք, այսօր Երեւանի ավագանու նիստը «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել էր, քվորում չլինելու պատճառով քաղաքապետ Հայկ Մարությանը կես ժամ ընդմիջում հայտարարեց։ Ընդմիջումից հետո էլ քվորում չեղավ, ուստի քաղաքապետը հայտարարեց նիստը չկայացած եւ փակված։
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարություն արեց․ «Հասկանալով ամբողջ իրավիճակը կամ մոտավոր իմանալով այն թվակազմը, ովքեր չեն միացել ստորագրահավաքին (նկատի ունի Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլի» ստորագրահավաքը.-խմբ.) ինձ համար առնվազն տարակուսելի է, որ չմիացած մարդիկ այստեղ չեն, որովհետեւ որքան էլ սկզբունքները տարբեր լինեն, այդուհանդերձ, քաղաքականությունը դա սկզբունքների պաշտպանության արվեստ է, եւ դրա համար ջանք գործադրելու տեղ է։ Եվ մարդիկ, ովքեր չեն միացել եւ պաշտպանել են ձեզ՝ կարծում եմ, հիմա այստեղ պետք է լինեին։ Իսկ ես տեսնում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը, մի մասը, ովքեր չեն միացել, հիմնական կազմով այստեղ չեն»։
«Չգիտեմ, կարող է մարդիկ զբաղված են, աշխատանքի են»,-արձագանքեց քաղաքապետը։
Երեւանի ավագանու անդամ Վահե Գեւորգյանն էլ հայտարարեց․ «Ուզում եմ մեր կոլեգաներին հիշեցնել, որոնք այդպես էլ չկարողացան համոզել, ուղղակի փորձում են տեխնիկապես հարցը լուծել: Հիշեցնեմ 2018 թվականը, երբ Սերժ Սարգսյանը տեխնիկապես մտավ ԱԺ եւ ուղղակի թվաքանակով ընտրվեց վարչապետ։ Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք»։
Կարդացեք նաև
Ավագանու մեկ այլ անդամ՝ Իզաբելլա Աբգարյանն էլ նշեց, որ գուցե շփոթմունք կա, քանի որ շատերը, որոնք չեն միացել ստորագրահավաքին, երեկվա հայտարարությունից հետո մտածել են՝ նիստ չի լինելու։
Բացի այս, Աբգարյանը դիմեց քաղաքապետին․ «Ինչո՞ւ չեք դիմում երեւանցիներին, որոնք ձեզ ընտրել են քաղաքապետ, ինչո՞ւ չեք դիմում այս ծանր պահին»։
Հայկ Մարությանը պատասխանեց․ «Քանի որ սա նիստի օրակարգում չէ, տիկին Աբգարյան ջան, իսկ վաղը նիստ ունենք, վաղը բոլոր հարցերի պատասխանները կհնչեն»։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ը գրել էր, թե Մարությանը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս տեղեկությունը Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր, նշելով՝ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։
Իսկ դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, ինչի համար հավաքել է ավագանու 1/2 -ից ավելիի ստորագրությունը։
Վաղը Երեւանի ավագանու արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն կհայտնի։ Հայտնի է նաեւ , որ խմբակցության քաղաքապետի թեկնածուն փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ