Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ Թումո տուփ՝ Գեղարքունիքում. ուսանելու համար արդեն իսկ հաշվառված է 300-ից ավելի պատանի

Դեկտեմբեր 21,2021 12:38

Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հարակից տարածքում տեղադրված Թումո տուփը դեկտեմբերի 20-ին պաշտոնապես բացեց իր դռները՝ իր հարկի տակ ընդունելով Սևանի տարածաշրջանի պատանիներին ու աղջիկներին։

Թումո տուփի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, Սևան համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքում գործող կրթական հաստատությունների պատասխանատուներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, աշակերտներ։ Թումո տուփի դռները բացելու պատիվը տրվեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Երևանի կենտրոնի ղեկավար Սիրվարդ Աթանեսյանը հրավիրյալներին և պաշտոնական բացման մասնակիցներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, դրա շրջանակներում գործող Թումո տուփերի անհրաժեշտությունը։

Գեղարքունիքի մարզում Սևանի Թումո տուփը երկրորդն է Գավառից հետո, որը բացվել է 2020թ․-ին։

Ինչպես նշեց Սիրվարդ Աթանեսյանը, «Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է, որը ծառայում է ինքնուսուցման տարածք տվյալ տարածքի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացներին մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ կամ միանում են դրանց առցանց։

Սևանի Թումո տուփում ուսանելու համար արդեն իսկ հաշվառված է 300-ից ավելի պատանի։

Սևանի Թումո տուփին զուգահեռ տուփեր բացվեցին նաև Կապան և Վայք քաղաքներում։

Սևանի Թումո տուփը բացվել է բարերարների աջակցությամբ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Ինչպես նշեցին բացման մասնակիցները, սա հիանալի հնարավորություն է պատանիներին իրենց կրթական ուղին ուրվագծելու, նոր հորիզոններ բացելու, նաև մասնագիտական կողմնորոշման հիանալի հարթակ է։

Սևանի համայնքապետարանի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությունը պսակվեց հաջողությամբ, որի արդյունքում Սևանի տարածաշրջանի պատանիներն այսուհետ հնարավորություն կունենան բացահայտելու իրենց ունակությունները, միանալու Թումոյի մեծ ընտանիքին։

Հավելենք, որ Թումոն անվճար կրթական փորձառություն է, որում պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին: Կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից` արվեստի և տեխնոլոգիաների 14 ոլորտներում։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031