Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու հարց է դիտարկվելու, ապա այն պետք է լինի առանց նախապայմանների:
Բայց պարզվում է, որ պաշտոնական Անկարան դեռ չի հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմաններ առաջ քաշելու գայթակղությունից: Թուրքիայի ԱԳ նախարարը եռօրյա հաճախականությամբ տարբեր չափաբաժիններով շրջանառության մեջ է դնում գաղափարներ, որոնք ավելի շատ դրանց արձագանքների միջոցով Հայաստանի եւ տարածաշրջանի շահագրգիռ երկրների տրամադրությունների ու դիրքորոշումների «գույքագրման» նպատակ են հետապնդում, քան գործնական, թիրախային քայլեր են:
Նախորդ շաբաթվա ընթացքում Մեւլութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հանդես եկավ միանգամից երկու հայտարարությամբ: Առաջինի դեպքում նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ քննարկվող հարցերի վերաբերյալ մշտապես խորհրդակցելու է Ադրբեջանի հետ, իսկ երկրորդ հայտարարությամբ ավելի հեռուն գնաց՝ ասելով. «Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի: Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն, Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։
Դժվար է ասելը, թե ենթադրյալ առաջարկի «համընդգրկուն խաղաղության պայմանագրի» տակ ինչ է հասկանում Թուրքիան: Եթե դա ենթադրում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա տակ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի հարցի փակում, ապա կնշանակի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունները չսկսած միանգամից փակուղի տանել:
Կարդացեք նաև
Հայաստանը հայտարարել է, որ եղել ու կմնա Արցախի անվտանգության երաշխավորը, բայց ոչ նրա ճակատագրի որոշողը, այն Արցախի ժողովրդի ձեռքում է, որը նա արդեն արել է եւ չի խուսափում այդ աստվածահաճո քայլը եւս մեկ անգամ անելուց: Հետեւաբար՝ թյուրքական կողմը սթափ մտածելու դեպքում կարող է հասկանալ, որ, ամեն կերպ անտեսելով եւ փորձելով օրակարգից դուրս թողնել Արցախի կարգավիճակի հարցը, ավելի է բարդացնելու իրավիճակը: Տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելու համար ուղղակի պետք է բացել փակ սահմանները, իրավապայմանագրային հիմնավոր բազայի վրա սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել եւ անցնել Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական բանակցությունների փուլին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: