Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի մեկնարկը շուտով կտրվի․ երեկ թուրքական կողմը հայտարարեց առաջիկա օրերին երկու երկրների ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։
Հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին առաջինն «ավետեց» թուրքական կողմը։ Ո՞րն է լինելու երկխոսության «գինը»` հայկական կողմը պարտիզանական լռություն է պահպանում, իսկ թուրք պաշտոնյաները շարունակում են հիշեցնել իրենց նախապայմանները, ինչպես նաեւ Զանգեզուրի միջանցք ստանալու պահանջը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի նշանակումը Հայաստանի հատուկ բանագնաց, հանրային բուռն արձագանքի է արժանացել։ Շատերը տարակուսած են՝ այդ կարեւորագույն գործընթացի գլխին նշանակվում է մարդ, որը չունի դիվանագիտական եւ, ընդհանրապես` քաղաքական մեծ փորձառություն:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն այս առումով զարմացած է Ռուբինյանի անձի շուրջ ծավալված դիսկուրսի․ «Փոխարենը քննարկենք՝ արդյոք Թուրքիան հրաժարվե՞լ է իր նախապայմաններից, մասնավորապես՝ Արցախի հարցի ադրբեջանական օրակարգից, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու պահանջից, քննարկում ենք բանագնացի անձը․ «Իհարկե, շատ կարեւոր է, թե ով է Թուրքիայի բանագնացը․ բացի փորձառու դիվանագետ լինելուց, նա այն անձն է, ով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին լինելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը՝ հակահայ ցույց էր կազմակերպել ընդդեմ Հայոց ցեղասպանության, մի անձ է, ով Ցեղասպանության ժխտման առաջամարտիկներից է: Այստեղ բնավ կարեւոր չեն Ռուբեն Ռուբինյանի անձը եւ նրա ունակությունները»,- ասում է Զոհրաբյանն ու ընդգծում, որ թուրք որեւէ պաշտոնյա մինչ այս պահը չի հայտարարել վերոնշյալ նախապայմաններից հրաժարվելու մասին: «Եվ եթե Էրդողանը, Չավուշօղլուն հայտարարում են, թե Հայաստանից ստացել են դրական ազդակներ, եւ արդեն պաշտոնական բանագնաց են նշանակել, ես կուզենայի, որ ԱԺ-ում նստածներից որեւէ մեկը Փաշինյանին հարց ուղղեր՝ դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը հրաժարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգից եւ այլն։ Կարդալով մեր ԱԳՆ-ի ուղերձը` ցեղասպանությունների ճանաչման միջազգային օրվա, ես, իհարկե, կարող եմ իմ եզրահանգումներն անել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին օրակարգի կարեւոր առանցքներից մեկը, բայց ես շատ կուզենամ, որ այսօր ոչ թե Ռուբեն Ռուբինյանի անձը քննարկեն, որովհետեւ ինքը ոչինչ չի որոշելու, եթե բանագնաց նշանակվեր անգամ Շառլ դը Գոլը կամ Շտիրլիցը, միեւնույն է՝ բան չէր փոխվելու։ Օրակարգը որոշում է ՀՀ իշխանությունը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կարեւոր հարցն այն է՝ որն է արժեքը, գինը, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով պատրաստ է երկխոսություն սկսել։ Եվ, ուրեմն, ինչի՞ց է հրաժարվել Հայաստանը, երբ Թուրքիան ոչնչից չի հրաժարվել եւ հայտարարում է, որ այլեւս պատրաստ է խաղաղության օրակարգի բանակցություններ սկսել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: