Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Միքայելյան. «Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է». «Փաստ»

Դեկտեմբեր 21,2021 11:18

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ ամփոփել ենք անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունները, եռակողմ ֆորմատներով Փաշինյան-Ալիև հանդիպումները, արդյունքներն ու Հայաստանի առաջ ծառացած նոր մարտահրավերները: Անդրադառնալով նախ հանդիպումներին ու դրանցից ունեցած ակնկալիքներին՝ քաղաքագետը նշեց. «Այստեղ շատ լուրջ դժվարություններ ունենք ակնկալիքների տեսանկյունից:Այս առումով նախ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված խնդիր կա. անցած տարվա աղետալի պատերազմից հետո Հայաստանի ձայնն աշխարհում շատ ավելի քիչ է լսելի, շատ ավելի քչերին է հետաքրքրում Հայաստանի ազգային շահը: Այդ շահը շատ ավելի քիչ են հաշվի առնում թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ տարբեր խաղացողներն ու երկրները:

Իսկ սուբյեկտիվ հանգամանքն այն է, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները դադարել են Հայաստանի շահերն ինքնուրույն առաջ մղել, թեպետ այդ քաղաքականությունն իրականացնելու առումով երբեք էլ այս իշխանությունը աչքի չի ընկել: Ամեն դեպքում, վերջին տարվա ընթացքում ևս հնարավորությունները չօգտագործվեցին նաև այն դեպքերում, երբ կարելի էր օգտվել առկա դիվանագիտական հարաբերություններից: Մյուս հանգամանքը, որի մասին կուզեի նշել, այն է, որ մենք մեր իրական ու պոտենցիալ դաշնակիցների հետ երկխոսություն չունենք»:

Քաղաքագետը «Փաստի» հետ զրույցում շեշտեց, որ այդ երկրները մեզ վերաբերող որոշ հարցերում արդեն իրենց ինքնուրույն քաղաքականությունն են սկսում. «Օրինակ՝ Իրանը վերջերս սկսեց փոխել իր քաղաքականությունը միջանցքի առումով, չնայած ի սկզբանե կտրուկ դեմ էր Սյունիքով միջանցքին: Նման օրինակները շատ են: Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները, խոշոր հաշվով, չեն հակադարձում ու տրվում են թուրքական՝ եթե ոչ բոլոր ճնշումներին, ապա առնվազն դրանց զգալի մասին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է: Այսօր արդեն Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել: Բացի այդ, ոմանք շահարկում են միայն միջանցքի թեման՝ փորձելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքականություն խաղալ, ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ այս պահի դրությամբ ֆորմատների մրցակցություն կա. Մինսկի խումբ, եռակողմ հանդիպումներ՝ ՌԴ-ի, եռակողմ հանդիպումներ՝ Բրյուսելի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ: Չմոռանանք նաև «3+3» և այլ հնարավոր ձևաչափերի մասին: Այս ամենն արտացոլում է աշխարհաքաղաքական պայքար՝ այս տարածաշրջանում: Եվ եթե Հայաստանը շարունակի այդ աշխարհաքաղաքական պայքարի բեմերից մեկը լինել, ապա այդ հանգամանքը կրկին շատ լուրջ վնասներ է բերելու Հայաստանին»:

Քաղաքագետը նշեց՝ զուգահեռ մեր հասարակությանը, որի մի ստվար հատված անտեղյակ է իրականությունից, փորձում են հրամցնել «խաղաղության դարաշրջանի» թեզը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031