Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։
–Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից–պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։
-Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։
Կարդացեք նաև
Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։
Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։
–ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։
– Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։
Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։
Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։
–Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի հարձակման ընթացքում հայ օրենսդիրները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոչով էին հանդես գալիս, և ավելի վճռական արձագանքներ էին ակնկալվում անվտանգային այս կառույցից։ Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ՀԱՊԿ–ից նմանատիպ հարձակումների դեպքում։
-ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում գտնվող անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ:
Ձեր հիշատակած դեպքում Երևանը շեշտը դրեց իրավիճակի հանգուցալուծման այլ մեխանիզմների վրա։
Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ․ իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։ Մենք կարծում ենք, որ սա չափազանց կարևոր և բավարար էր այդ ժամանակ ստեղծված իրավիճակում։
Հարցազրույցը` Նարինե Նազարյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: