Ժամանակակից հրապարակախոսության մեջ (նաեւ հայկական) ընդունված է մեջբերել լորդ Դալբերգ-Աքթոնի ասույթն այն մասին, որ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակապես: Տեսականորեն դա, իհարկե, ճիշտ է, բայց եթե խոսքը Հայաստանի նման երկրի մասին է, ապա այդ բանաձեւը կիրառելի չէ, որովհետեւ մեր տիպի ավտորիտարիզմի դեպքում իշխանությունը բացարձակ չի լինում:
Ժամանակները փոխվել են: Ինչպես կատակել է ռուսաստանցի քաղաքագետներից մեկը՝ 20-րդ դարում նման ռեժիմները 80 տոկոսով հիմնված էին բռնաճնշումների, 20 տոկոսով՝ քարոզչության վրա, իսկ հիմա, 21-րդ դարում հիմնականում հակառակն է՝ 80 տոկոս քարոզչություն, 20 տոկոս բռնաճնշումներ: Իհարկե, եթե դուք մտնում եք այդ 20 տոկոսի մեջ (ասենք, Գորիսի քաղաքապետն եք կամ Վանաձորի նախկին համայնքապետը), եթե դուք քաղաքական վրեժխնդրության պատճառով բանտերում հայտնվածների ընտանիքների անդամներ եք, ապա ձեզ քիչ է սփոփելու այն հանգամանքը, որ Հայաստանի եւ, ասենք, Ադրբեջանի կամ Բելառուսի միջեւ տարբերություն, այնուամենայնիվ, կա, եւ, ի դեպ, միշտ եղել է: Այդքանով հանդերձ, 37 թվի հետ համեմատությունները խիստ չափազանցված են:
Մեր դարաշրջանում իշխանությանն այլասերում է ոչ թե բացարձակ լինելը, այլ մեկուսացումը՝ տեղեկատվական պատյանի (information bubble – ի) մեջ հայտնվելը, «լայքասիրությունը», քծնողներով եւ փառաբանողներով շրջապատվելը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ հիվանդությունը այլասերում է ոչ միայն իշխանությանը, այլեւ այս կամ այն չափով՝ նաեւ մեզ բոլորիս: Տեսեք, թե քանի մանր խմբերի է բաժանվել մեր հասարակությունը: Նախ՝ դրանք Հայաստանի 4 ղեկավարների երկրպագուների առանձնացած խմբակներն են: Այնուհետեւ կան նաեւ հակառուսական եւ ռուսասեր, ազատական եւ ազգայնական, «ոչմիթիզհողական» եւ «փոխզիջողական», «հականախկինական» եւ «հականերկայական» աղանդներ, ինչպես նաեւ «ծառուկյանականներ», «սամվելբաբայանականներ» եւ անգամ «վուդրովիլսոնականներ»: Ես կարող էի եւս մի քանի համակարգչային էջերով շարունակել այդ թվարկումը՝ հասնելով մինչեւ հակապատվաստումային շարժումը:
Բայց սկզբունքը պարզ է. մարդիկ սոցցանցերի միջոցով բաժանված են մի քանի հարյուր ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի, որոնց անդամներն ի վիճակի են ընկալել միայն խմբի ներսում արտահայտվող տեսակետները եւ զայրույթով մերժում են խմբից դուրս հնչող որեւէ կարծիք: Կոգնիտիվ հոգեբանության մեջ դա կոչվում է «էխո-խցիկի էֆեկտ», երբ խցիկի ներսում գտվող մարդը կարող է լսել միայն սեփական ձայնի արձագանքը: Երբ ասվում է, որ ներկայիս իշխանությունն ապրում է «ֆեյսբուքյան սկզբունքներով», դա, իմ կարծիքով, առնչվում է հենց այդ առանձնահատկությանը:
Կարդացեք նաև
Այդ տրոհված, ատոմիզացված հասարակության մեջ, երբ չկան շփման եզրեր, մենք չենք կարող մի կողմ դնել մեր անձնական եւ քաղաքական նախասիրությունները ոչ միայն Թուրքիայի հետ բանակցություններում մեր բանագնացի հարցում, այլեւ չենք կարող լիաթոք ուրախանալ մանկական «Եվրատեսիլում» հայ երեխայի հաղթանակով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հիմնականում չկան նաև ողջախոհ բանավեճ ու առաջարկներ նշված երևույթների ճահճից աստիճանաբար դուրս գալու վերաբերյալ:
Երբևէ սոցիալական ցանցերից չօգտված մարդու տեսանկյունից այս ամենը շատ ծիծաղելի է թվում։ Շատախոսությունը, ինքնարտահայտման կիրքն ու ինքնահավանությունը թակարդ են դարձել։ Քաղաքական գործիչներն ու գործարարները չէին կարող չօգտվել այս մարդկային թուլությունից՝ հանուն իրենց նպատակների։ Սոցիալական ցանցերից կախվածությունը հոգեկան խանգարում է, որը պետք է բուժվի: Սակայն այս դեպքում հասարակությունը կբաժանվի երկու խմբի՝ հիվանդ և համեմատաբար առողջ, վերջիններս ավելի քիչ կլինեն և այդ ժամանակ հիվանդները կհամարվեն առողջ, իսկ առողջները՝ հիվանդ։
Ընտանիքն ունի իր սեփական մասնավոր սեփականությունը, ընտանիքի ամեն անդամ ունի իր անձնական մասնավոր սեփականությունը, հետո պետք է գա համայնքային մասնավոր սեփականությունը, պետությունն էլ իր մասնավոր սեփականությունը պետք է ունենա: Մենք չունենք հստակ օրենքներ, թե այս կամ այն հարստությունը ո՞ւմ մասնավոր սեփականությունն է: Այսօրվա համաշխարհային տենդենցը՝ զրկել սուբյեկտներին՝ ընտանիքի անդամին, ընտանիքը, համայնքը, պետությունը իրենց մասնավոր սեփականությունից, դրանով նրանց սուբյեկտից վերածել զոմբի օբյեկտի (դավադրությունների տեսություն հնարեմ՝ covերի ականջներից idենտիֆիկացիոն ժետոն են կախում, իսկ զոմբի մարդկանց մի քիչ ավելի քաղաքակիրթ են վարվում): Կարճ ասած, մինչեւ համայնքը իր հողի մասնավոր տերը չլինի, ինքը կմնա օբյեկտ, նույնն էլ ընտանիքին կամ պետությանն է վերաբերում: