Երևանի վերելակների փոխարինման ծրագիրը 2021-ին հատուկ առաքելություն ստացավ: Հասցեների ընտրության գործում փոխվեց մոտեցումը. նոր վերելակներ պետք է տեղադրվեն առաջին հերթին այն շենքերում, որտեղ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներ են ապրում։ Խնդիր դրվեց որոշակիորեն թեթևացնել նրանց հոգսը։
Համայնքի միջոցներով իրականացվող ծրագրում ընդգրկվեց 54 հասցե: Երևանյան այս շենքերում մեր կողքին մեր հերոս տղաներն են ապրում: 16-րդ թաղամասում բնակվող Դավիթ Օսիպյանին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Իր առջև դրված մարտական խնդիրը կատարելու համար 20-ամյա հերոսը կենաց-մահու կռիվ տվեց՝ մինչև ծանր վիրավորում ստանալը: Պատերազմը փոխեց Դավիթի կյանքը, բայց նրա վճռականությունն անսասան մնաց:
«Մինչև պատերազմը որոշել էի խոհարար դառնալ, բայց հիմա որոշել եմ շարունակել ուսումս, ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ստանալ կինեզոլոգի մասնագիտություն, ոտքի կանգնել և հետագայում բուժել ինձ նման տղաներին»,- ասում է Դավիթ Օսիպյանը:
Կարդացեք նաև
Երևանի բազմահարկերում տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած երևանցիներին աջակցելու սոցիալական ծրագրերը տարբեր են: Քաղաքային իշխանությունն իր ներուժով ու ենթակառուցվածքներով է անցել գործի: Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աջակցության ծրագրով զինհաշմանդամներին տրամադրվեցին նաև հոգեբանական ծառայություններ, իսկ ընտանիքներին, ըստ կարիքի, անհրաժեշտ պարագաներ: Անվասայլակով մուտք գործելու համար հարմարեցված են նաև նոր գնված բոլո՛ր 311 ավտոբուսները։
«Ծրագրի մոտեցումն այսպիսին էր. տան հարմարեցումն արվեց, վերելակը փոխվեց, ինքը դուրս է գալիս տնից, այսինքն՝ թեքահարթակը կառուցվեց, և արդեն պետք է առաջնային օգտվի տրանսպորտից: Տեղյակ եք, որ Երևանում տրանսպորտային բարեփոխումների շրջանակում ևս առաջնահերթությունը մատչելիությանն է տրված, և բոլոր ներմուծված ավտոբուսները հարմարեցված են: Երևանում ինչ նախագիծ էլ մենք իրականացնենք, որպես գերակա խնդիր դնում ենք մատչելիության հարցը, որպեսզի ունենանք ներառական քաղաք»,- նշել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:
2019-2021 թթ․համայնքի միջոցներով ու ծրագրերով մայրաքաղաքում փոխարինվել է 574 վերելակ: 2022թ.-ին նախատեսվում է ևս 426 վերելակի փոխարինում: Հաջորդ տարի ընդհանուր առմամբ Երևանում կունենանք շուրջ 1000 փոխարինված վերելակ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն