ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Ծաղկալանջի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել Արցախյան 2-րդ պատերազմում զոհված կրթօջախի շրջանավարտներ Նարեկ Բադալյանի և Սամվել Պոչիկյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Հուշ-ցերեկույթին դպրոցի սաները հայրենասիրական կատարումներով, Նարեկի և Սամվելի կյանքն ու մարտական ուղին ներկայացնող պատումներով իրենց խոնարհումն ու հարգանքն են արտահայտել նրանց և հայրենիքի պաշտպանության համար հերոսացած մյուս ծաղկալանջցիների հիշատակին: Հայրենի կրթօջախում 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված տղաների հավերժ ներկայությունն ապահովվել է նրանց անունը կրող դասասենյակների բացմամբ:
Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին, իր վշտակցությունը հայտնելով Նարեկ Բադալյանի, Սամվել Պոչիկյանի ծնողներին և ընտանիքների անդամներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ցավով նշել է, որ տղաները հայրենիքին և ապրողներիս տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: «Դրանով նրանք մեր առջև նաև խնդիր են դրել ապրել այս հողի վրա և հզորացնել մեր հայրենիքը, քանի որ այստեղ է մեր տունը, մեր հողն ու ջուրը», – իր խոսքում ընդգծել է մարզպետը՝ տղաներին համարելով մեր պետության ու ժողովրդի մեծագույն արժեք:
Արմավիրի մարզպետարան