Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական պատգամավորները 2020-ից Արման Թաթոյանի դեմ հայտարարություններ են արել

Դեկտեմբեր 20,2021 23:10

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունը, նա՝ Քրիստինե Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է։ Գրիգորյանը արդարադատության նախարարի առաջին տեղակալն է։ Գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարին։

Չնայած, որ Թաթոյանի վարկանիշը տարբեր հարցումներով բավականին բարձր է, նրա թեկնածությունն առաջադրելու մտադրություն ՔՊ-ն չուներ, համենայնդեպս ՔՊ-ից առանձին պատգամավորներ այդ մասին հայտարարել էին։ Ավելին, Արման Թաթոյանի նկատմամբ ՔՊ-ն ընդգծված ոչ բարյացակամ վերաբերմունք ունի։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն օրերս Աժ-ում հայտարարել է․«Որեւէ մեկը որեւէ գնահատական ՔՊ-ի կողմից չի տվել Արման Թաթոյանի գործունեությանը։ Երբեք չի տվել։ Բացի դա, պատիվ եմ ունեցել բոլոր ՄԻՊ-երի հետ ծանոթ լինելու։ Իսկ սա առաջին դեպքն է, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարում է ամբողջ ժամկետով»։

Չնայած Վարդանյանի այս պնդմանը, ՔՊ առանձին պատգամավորներ Արման Թաթոյանին կոշտ քննադատել են դեռ 2020 թվականի մայիսից՝ ՄԻՊ տարեկան զեկույցից հետո:

2020 թվականի մայիսի 12-ին իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ բավականին կոշտ խոսեց ՄԻՊ-ի մասին, նրան դուր չէր եկել Արման Թաթոյանի զեկույցում կանանց իրավունքներին վերաբերող հատվածը։ Բացի այս, Հակոբյանը կարծիք էր հայտնել, որ Արման Թաթոյանը երկակի չափանիշներով է աշխատում. «Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք վերաբերմունք՝ մեր գործընկերոջ ասածի մասին, բայց խորքային գնահատական չէք տալիս իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, իսկ մեր գործընկերը եկավ ու վիրավորե՞ց…ես ձեզ խոհեմության եւ անաչառության կոչ եմ անում»:

«Երկու տարի շարունակ իշխանությունը եւ նրա առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չասեմ, թե կանանց մասին ինչ են խոսում, ինչ տեռորի են ենթարկում իշխանական կանանց, իսկ ձեր գնահատականը զրոյական է: Ես այստեղ միտում եմ տեսնում: Դուք աշխատել եք այս իշխանությունից առաջ եւ հիմա, եւ այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք դուք աշխատում եք»,-նույն ելույթում ասել էր Հակոբյանը։

Նույն թվականի մայիսի 11-ին Թաթոյանի գործունեությունը մի քիչ ավել մեղմ քննադատեց այն ժամանակ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը․««Մեկ դժգոհություն ունեմ ձեր աշխատանքից: Կարծում եմ՝ հատկապես պատճառահետեւանքային կապի դեպքում միշտ խոսել եք հետեւանքի մասին, մինչդեռ ատելության խոսքի դեպքում պատճառն է կարեւոր: Հասարակական կառույցներն ամիսներ շարունակ վերբալ բռնության ներքո էին, մինչդեռ դուք դա չէիք արձանագրում»։

2020 թվականի մայիսի 11-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ, կարելի է ասել, մեղադրել էր Թաթոյանին ոչ անաչառ լինելու համար․ «Ինչպե՞ս է ստացվում, որ ԱԺ դահլիճում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքը ձեր կողմից որեւէ արձագանքի չի արժանանում, սակայն հայտարարություն եք տարածում մեկ այլ դրվագի վերաբերյալ եւ մատնանշում կնոջ հանդեպ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանքը: Սա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում»։

Քիչ էին քննադատություններն ու կոշտ հայտարարությունները նաեւ այս տարի, ընդ որում, այս տարի իշխանական պատգամավորներ եւ պաշտոնյաներ Թաթոյանի որոշ հայտարարություններ համարում էին քաղաքական։ Մայիսի 6-ին իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում հակադարձելով Արման Թաթոյանին ասել է․« Դրա ագրեսիվ ոճը եւ բովանդակությունը հարիր չէ այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է…Ես խոսել եմ խնդիրների մասին՝ վկայակոչելով երկու օրինակ: Առաջինը՝ Հայաստանում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի գնահատականների անհամաչափության մասին: Մասնավորապես, ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ են բոլոր ոստիկանական ուժերը առաջնագծում։

․․․․թե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ իր եւ իր աշխատակազմի կատարած իրապես կարեւոր փաստահավաք աշխատանքն այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է: Պարո՛ն Թաթոյան, դուք մարդու իրավունքների պաշտպանն եք, դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք ձեր գործով»:

«Ազատության» եթերում Արման Թաթոյանն ի պատասխան իշխանական պատգամավորների հայտարարությունների, ասել է, որ ուղղորդված արշավներ ու հարձակումներ են Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ քննադատել է Արման Թաթոյանին, մեղադրելով, թե Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում։ Գրիգորյանը նշել է, թե երբեւէ չի տեսել, որ Թաթոյանն անաչառ հայտարարություններ անի։ «Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել եւ դիվիդենտներ է վաստակում»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Արման Թաթոյանը մի քանի անգամ հակադարձել է իշխող ուշի պաշտոնյաների հայտարարություններին, նշելով՝ քաղաքականությամբ չի զբաղվում, ընդ որում նաեւ ընդգծել՝ ՄԻՊ աշխատանքը ոչ թե պաշտոնյային պաշտպանելն է, այլ քաղաքացուն պետությունից պաշտպանելը։ Գրիգորյանի հայտարարությանն էլ Թաթոյանն այսպես է արձագանքել․ «Տո, ինչպե՞ս է համարձակվում վարկաբեկել ՀՀ ՄԻՊ աշխատանքը: Տո, ես ինչքա՞ն ասեմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Հերիք չէ՞ ձեր վախերը ցուցադրեք: Սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկել չի կարելի: Պետք չէ տանել ռազմաքաղաքական տանիքի տակ մտցնել: Տենց անում են, դրա համար մեր երկիրը տանում են ռազմաքաղաքական խաղերի դաշտ»։

ՄԻՊ-ի՝ սահմանային իրավիճակի մասին հոկտեմբերին արված հրապարակումը հերքել էր պաշտպանության նախարարությունը, ինչին ի պատասխան Արման Թաթոյանը հայտարարություն էր տարածել, նշելով՝ հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ ՊՆ-ն հերքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ եւ այլն․« Սրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը»:

Դեկտեմբերի 6-ին ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ lragir.am-ի հետ զրույցում հայտարարել է՝ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական գործունեությամբ է զբաղված: Հովակիմյանը չի էլ նշել որեւէ օրինակ, թե երբ եւ որ դեպքում կամ հայտարարությամբ է Թաթոյանն անցել սահմանները։ «Չեմ ասում՝ անցել է սահմանները: Ես չեմ ասում՝ նա քաղաքական հայտարարություններ է արել, որ ինքն ասի՝ ո՞ր հայտարարությունս է քաղաքական: Ես ասում եմ՝ վերջին շրջանում իր գործունեությունն ինձ ավելի շատ հիշեցնում է ընդդիմադիր քաղաքական գործչի գործունեություն»,-ասել է Հովակիմյանը։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքի դրսևորումը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։

․․․Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել և չեմ պատրաստվում ներկայանալ զոհի կարգավիճակով և կատարել եմ բացառապես իրավապաշտպան աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով»,-հոկտեմբերի 17-ին հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նելլի Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ամենայն հավանականությամբ նոր ՔՊ ական օմբուցմենը այլևս փաստահավաք առաքելությամբ չի զբաղվի և սահմանամերձ գյուղեր չի այցելի։ Կմնա կաբինետում և կգովերգի ժողովրդավարության բաստիոնը և իր խելագարին։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031