Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Գուրգեն Մելքոնյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը:
Անդրանիկ Քոչարյանը եղբայրական է գնահատել երկու երկրների դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ հայ ժողովուրդը տարիներ շարունակ զգացել է այդ եղբայրությունն ու բարեկամությունը՝ կարողանալով հաղթահարել դժվարությունները: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ բազմաթիվ ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունության ապահովմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը, ճանապարհների ապաշրջափակմանը, հետպատերազմյան իրավիճակին առնչվող հարցեր: Տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում զրուցակիցները կարեւորել են ջանքերի համատեղումն ու համագործակցության խորացումը: Ընդգծվել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու կարեւորությունը:
Կարդացեք նաև
Իրանցի պատգամավորներն անընդունելի եւ դատապարտելի են համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները: «Հայաստանի սահմանների որեւէ փոփոխություն անընդունելի է մեզ համար»,-ընդգծել են հյուրերը՝ հավելելով, որ երկու երկրների շահերն աշխարհաքաղաքական դաշտում համահունչ են:
ՀՀ Ազգային ժողով