Լրահոս
Օրվա լրահոսը

Թումո տուփ՝ Սյունիքի մարզկենտրոնում. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2021 22:22

Կապանում եւ հարակից համայնքներում ապրող 12-18 տարեկան մոտ 240 պատանի այսուհետ հնարավորություն կունենա սովորելու Սյունիքի մարզկենտրոնում տեղադրված Թումո տուփում։ Նրանք անվճար հիմունքներով կհմտանան անիմացիայի, ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, ռոբոտաշինության եւ 10 այլ կրթական ոլորտներում։

Դեռես երեք տարի առաջ էր Սյունիքի մարզպետարանը Թումոյի առաջատար կրթությունը Կապանում հասանելի դարձնելու առաջարկը ներկայացրել կենտրոնի ղեկավարությանը։ Այս ընթացքում բազմաթիվ փոխադարձ այցեր են եղել, ու համագործակցային աշխատանք է տարվել։ Թումոյի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը՝ բարերար Կարապետ Պարտագճեանի հետ միասին բացում է Թումո տուփի դռները՝ ասելով՝ «բարով վայելեք, Կապան ջա՛ն»։ Կապանի թիվ 3 դպրոցի բակում տեղադրված Թումո տուփի գործարկումը հնարավոր եղավ բարերարների՝ Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի նվիրատվությունների արդյունքում։

Տեղում կաշխատեն նաեւ 2 դասընթավար-մարզիչ, որոնք միաժամանակ տեղի մասնագետներին կվերապատրաստեն։ Կապանից բացի, միաժամանակ Թումո տուփեր բացվեցին Վայքում ու Սեւանում։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի խոսքով՝ եկող տարի նախատեսել են 25 Թումո տուփ բացելու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Ամսեկան՝ երկու հատ։

«Նույնիսկ պատերազմից առաջ մենք ուզում էին կապը ստեղծել Կապանի ու Ստեփանակերտի միջեւ, ու այդպես արդեն սկսեինք մինչեւ Երեւան։ Ուզում էինք այս տարածքը ուժեղացնենք։ Այդ ժամանակ պատկերացնում էինք Կապանից գնան Ստեփանակերտ, բայց որոշեցինք, որ այստեղ էլ կենտրոն բացենք, որ դժվարություններ չունենան ու այդպես հաջորդները՝ Եղեգնաձոր, Վանաձոր, Արմավիր։ Կապանը կարեւոր, շատ կարեւոր կապի կետ է»,-ասում է Մարի Լու Փափազյանը։

«Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է Կապանում բացել նաեւ Թումո կենտրոն։ Այն տեղակայվելու է քաղաքի երկաթուղային կայարանի շենքում, որը կառուցվել է 1932 թվականին։ Մարի Լու Փափազյանի խոսքով, ամեն ինչ անելու են եկող տարի շահագործման հանձնելու համար, բայց շենքի վերակառուցման աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին: Արտաքին տեսքը, որպես պատմական շինություն՝ պահպանվելու է։ Խորհրդային Միության տարիներին գործող Կապան-Երեւան երկաթուղին սպասարկում էր Ադրբեջանը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հերքում է այն տեղեկությունները, որ շենքի ճակատագիրը դեռեւս անորոշ է։

«Հերթական ապատեղեկատվություն է։ Շենքը պատկանում է պետգույքի կառավարման կոմիտեին, 2018թ-ին այդ շենքը սեփականաշնորհվել էր մի քաղաքացու։ Թումոյին հաջողվեց այդ քաղաքացու հետո երկար բանակցություններից հետո՝ շենքը հետ գնել»,-ասում է Նարեկ Բաբայանը ։ Մարզպետի տեղակալի խոսքով Թումոյի հայտնվելը Կապանում՝ բացառիկ է այն առումով, որ դասերից հետո սյունեցի դպրոցականները կստանան հավելյալ կրթություն։ «Մարզպետարան-համայնքներ-Թումո կապը պիտի ամուր լինի, որ այս ծրագիրը զարգանա եւ մարզի բոլոր քաղաքներում հասանելի լինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Նարեկ Բաբայանը։

Թումո կենտրոն՝ Կապանից բացի, կառուցվելու է նաեւ Սիսիանում։ Այդ երկու կենտրոններին կցված կլինեն Թումո տուփեր։ Կապանի կենտրոնին կցվելու են Քաջարանի ու Մեղրու Թումո տուփերը, իսկ Սիսիանի կենտրոնին՝ Գորիսի, Շաքիի, Տեղի, Շինուհայրի տուփերը։

«Թումո Հայաստան» նախաձեռնությունը նպատակ ունի Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփեր, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա մոտ 80 հազար պատանու։

Կապանում տեղադրված Թումո տուփի բացման այլ մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031