Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության նախկին ուսուցչին մեղադրում են իբրեւ պաշտոնատար անձ. Ռուբեն Մելիքյան

Դեկտեմբեր 20,2021 21:30

«Նյութերը, որոնք այս պահին մեր ձեռքի տակ են, բավական տարօրինակ երեւույթների մասին են խոսում: Դրանցից մեկը ընդամենը նշեմ՝ ուսուցչին մեղադրում են իբրեւ պաշտոնատար անձ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ առհասարակ իր համար պատմության նախկին ուսուցչին առաջադրված մեղադրանքն է զարմանալի:

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործով նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Հակոբ Գրիգորյանը Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ է:

Ըստ մեղադրանքի, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Պաշտպանն առնվազն տարօրինակ է համարում, երբ բազմաթիվ պաշտոնատար անձինք, որոնց գործողությունները ակնհայտ վնաս են հասցրել պետությանը, որոնց գործողությունների արդյունքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ, տարածքային եւ ինքնիշխանության կորուստներ, ովքեր ատելության խոսքի տարածողներ են եղել, այսօր շարունակում են անպատիժ պաշտոնավարել: Մինչդեռ իր պաշտպանյալը, որի անհամաձայնությունը քաղաքական է, պատասխանատվության է կանչվել:

Ռուբեն Մելիքյանն այսօր է այս գործով իբրեւ պաշտպան ներգրավվել: Նա դատարանից երեք աշխատանքային օր խնդրեց, որպեսզի ծանոթանա գործի նյութերին:

Հաջորդ նիստը կկայանա 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 14. 00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031