Պահեստազորի զինծառայողները պահանջում են վճարել իրենցից տարիներով հափշտակած գումարները: Նրանք կրկին կոչով դիմում են ՀՀ իշխանություններին, Ազգային ժողովի խմբակցություններին՝ վերականգնել զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց իրավունքները, որոնց 2005 թ-ից չի վճարվել արձակուրդային վճարները եւ անտեսվել են նրանց սոցիալական իրավունքները:
Aravot.am-ի հետ զրույցում «Վերելք» կուսակցության անդամ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանն ասաց, որ արդեն քանի տարի է՝ պայքարում են, դիմել են ՀՀ նախագահին, տարբեր տարիների վարչապետերին, ԱԺ նախագահներին, սակայն որեւէ մի գերատեսչություն այս հարցին լուծում չի տալիս, նամակներին ի պատասխան էլ միայն «անհասկանալի ու ոչինչ չասող» գրություններ են ստանում: Մինչդեռ այդ տարիների ընթացքում զինծառայողներն իրենց կյանքի ու առողջության գնով ծառայել են հայրենիքին:
Արսեն Վարդանյանի խոսքով, Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը այս տարի կրկին դիմել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ ներկայացնելով առաջարկներ՝ կազմակերպել բաց hանրային լսումներ՝ խնդրին համակարգային լուծում տալու նպատակով:
Նախաձեռնության անդամների խոսքով, Ազգային ժողովից իրենց հետ հեռախոսակապ է հաստատել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը՝ նշելով, որ այս հարցով չեն զբաղվելու եւ գրավոր պատասխան էլ չեն տրամադրելու: «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ թեմայի վերաբերյալ հարցումներ են ուղարկել ՀՀ ուժային կառույցներին եւ այժմ խնդիրն ուսումնասիրության փուլում է եւ դեռեւս պատասխան չունեն: «Քաղաքացիական պայմանագրից» էլ նախաձեռնության անդամ Էդգար Հովհաննիսյանին գրավոր պատասխանել են, որ առաջարկը քննարկել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ եւ միաժամանակ պաշտպանության նախարարության դիրքորոշումն ունենալու նպատակով դիմումը վերամակագրվել է ՀՀ ՊՆ:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամների հաշվարկներով ընդհանուր գումարը, որը պետք է վճարվի զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց, կազմում է մոտ 150 000 դոլար: Այդպիսի անձանց թիվը 100-ից ավելին է:
«Այդ գումարը հափշտակվել է մեզնից, ինչը մեր «ազգափրկիչ» կառավարություններին չի էլ հետաքրքրում, առհասարակ որեւէ մի մարմնի չի հետաքրքրում այս հարցը։ Ավելին, իշխանությունները, վախենալով սեփական կաշվի համար, ոստիկանին վճարում են 280 000 դրամ, մինչդեռ երկրի սահմանները պահող պայմանագրայինին ընդամենը 180 000 դրամ։ Հիմա բոլորդ սուրբ եք ձեւանում եւ էլի շարունակում բանակի թալանը»,-ասում են Պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամները՝ նշելով, որ ոչ թե ողորմություն են ուզում, այլ իրենց հալալ քրտինքով վաստակած գումարները:
Խնդիրն ուսումնասիրել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Ի պատասխան Էդգար Հովհաննիսյանի դիմումին ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ ամենամյա արձակուրդի գումարի տրամադրման խնդրի առնչությամբ պաշտպանը բողոքի առնչությամբ կայացրել է խախտման որոշում, որում արտահայտել է իր իրավական դիրքորոշումը: Պաշտպանն այդ հարցին անդրադարձ է կատարել նաեւ 2018 թվականի տարեկան հաղորդմամբ:
Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ներկայացնում է այն հիմնավորումները, որով պահանջում են իրենց գումարները:
«21.06.2005 թվականից ուժի մեջ մտած՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում զինծառայողներին եւ զինծառայողներին հավասարեցված անձանց լիարժեք չի վճարվում իրենց հասանելիք արձակուրդային վճարումները։ Այդ անձանց իրավունքները փաստացի խախտվում են, ընդ որում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում 2005-2015 թթ. արձակուրդային վճարումները տրամադրվել են համաձայն՝ վերոնշյալ իրավական նորմի:
07.08.2010 թվականին ուժի մեջ մտավ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված տարբերակը եւ այդ ժամանակից մինչեւ 16.12.2017 թվականը, երբ ուժը կորցրել էր «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը, արձակուրդները հաշվարկվում էին աշխատանքային օրերի փոխարեն օրացուցային օրերով:
Բանն այն է, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով, մինչդեռ զինծառայողներին եւ զինծառայողներին հավասարեցված անձանց վճարում են նրանց դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից:
Ինչ վերաբերվում է զինծառայողներին եւ զինծառայողներին հավասարեցված անձանց արձակուրդային օրերի հաշվարկմանը, ապա՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որը փոփոխվել էր 24.06.2010 թվականին, ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատվածն է, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, որն ուժը կորցրել էր 16.12.2017 թվականին, արձակուրդի տեւողությունը կազմում է`մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր, 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր, 25 եւ ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր։
16.12.2017թ․ ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ փոփոխված օրենքում նվազեցվել է տրամադրվող օրերի քանակը եւ ավելացել է «օրացույցային օր» ձևակերպումը՝ ըստ էության չանդրադառնալով արձակուրդների տևողության յոթ տարվա սխալ հաշվարկի փոխհատուցման հարցին, ընդ որում նվազեցվել է միայն զինծառայողների արձակուրդային օրերի քանակը, իսկ՝ ՀՀ ուժային եւ ուժայիններին հավասարեցված այլ կառույցներում (ՀՀ ԱԱԾ-ում, ՀՀ ոստիկանությունում, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում) մնացել է նույնը՝ 30 օր, 40 օր, 45 օր, այն էլ առանց «օրացույցային օր» ձեւակերպմանը:
ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրավունքների վերոնշյալ խախտումների մասով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձ է կատարել դերևս 2018 թվականի տարեկան հաղորդմամբ, սակայն զինծառայողների ոտնահարված իրավունքները, ըստ այդմ արհամարհվում են գործադիր իշխանության կողմից:
Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ կառավարության 2018 թ. օգոստոսի 09-ին ընդունված թիվ 898-Ն որոշումը, որով կարգավորվում է զինվորական (քրեակատարողական) ծառայությունից արձակելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափի հաշվարկումը, արձակվել է ղեկավարվելով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով, որը դրանից մեկ ամիս առաջ՝ 10.07.2018 թ-ին ՍԴՈ-1424 որոշմամբ, ըստ այդմ հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչված եղել, սակայն գերատեսչությունները մինչ օրս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափի տրամադրումը շարունակում են իրականացնել ղեկավարվելով վերոնշյալ օրենքի իրավանորմով ու ՀՀ կառավարության որոշումով»,-նշված է նրանց նամակում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ