Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, որն այժմ տեղակայված է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անունը կրող ուսումնարանի շենքում, այսօր նշվել է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր Իվանյանի ծննդյան տարեդարձը:
Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ անվանի հայորդու ծննդյան օրվա առիթով ուսանողներն ու դասախոսները միջոցառումներ են կազմակերպել, իսկ նրա հուշարձանի մոտ ուղղակի ծաղիկների հեղեղ է եղել:
«101 տարի առաջ այս օրը ծնվել է հայ ժողովրդի նվիրյալ զավակներից մեկը գեներալ -լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը: Անցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմը, նա մի քանի անգամ ներկայացվել է Խորհրդային միության հերոսի կոչման, սակայն ինչ-ինչ պատճառներով միշտ մեկ աստիճան ցածր պարգեւատրումներ է ստացել, թեեւ լուրջ դերակատարություն է ունեցել իր ղեկավարած օպերացիաներով:
Երբ սկսվում է Ղարաբաղյան շարժումը եւ ընթանում են պատերազմական գործողություններ, նա առանց պատրաստվելու տնից դուրս է գալիս, եւ ընտանիքի անդամները մի քանի օր անց ստանում են հաղորդագրություն, որ գտնվում է Լեռնային Ղարաբաղում:
Կարդացեք նաև
Իվանյանը մտնում է բանակի հրամանատարի մոտ, առաջարկում իրեն ուղարկել ռազմաճակատ; Նա ղեկավարում է մեծ թվով օպերացիաներ եւ դրանցից մեկի ժամանակ՝ Ջաբրայիլի տարածքում վիրավորվում է, սակայն խույս տալով բժիշկներից, կրկին վերադառնում եւ շարունակում է ղեկավարել մարտական գործողությունները՝ մինչեւ տարածքների լիակատար ազատագրումը»,- նշեց Հովհաննես Թոքմաջյանը:
Նա հավելեց, որ ցավոք, Քրիստափոր Իվանյանը Արցախի հերոսի կոչման է արժանացել հետմահու: «Ծնված լինելով Վրաստանում, ամբողջ կյանքն ապրելով Հայաստանից դուրս՝ հայրենիքի համար դժվարին ժամանակներում նա վերադարձել է Հայաստան եւ իր պարտքը կատարել իր ժողովրդի առաջ»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ