«Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը բարեգործական ծրագիր է, որը հիմնադրվել է 2008 թվականին և իրականացվում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող խոցելի խմբերի, հատկապես՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմանամերձ գյուղերում բնակվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին:
Ծրագրի «2011-2020» փուլերն իրականացվել են Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի սահմանամերձ մի շարք գյուղերում կայքի միջոցով, որոնց արդյունքում նվիրատվություն է իրականացվել շուրջ 9000 երեխաների համար։
Հատկանշական է, որ կայքի միջոցով իրականացվող փուլն ունի հանրային մեծ ճանաչում և վայելում է համակրանք ու վստահություն, ինչի վկայությունն է այն փաստը, որ հազարավոր մարդիկ աշխարհի բոլոր ծայրերից դառնում են նվիրատուներ և նվիրատվություն են կատարում ամենահեռավոր սահմանամերձ գյուղերի երեխաներին:
Համակրանքը պայմանավորված է նրանով, որ նվիրատվություն կատարելուց առաջ հնարավոր է կարդալ երեխաների նամակները, ընտրել առավել հոգեհարազատ նամակագիրներին և նվիրատվություն կատարել կոնկրետ անձանց և ոչ թե անորոշ անձանց շրջանակի: Իսկ վստահությունը բխում է այն բանից, որ նվիրատուն հնարավորություն ունի հավաստիանալու իր նվերը հասցեատիրոջը հասցված լինելու հարցում։
Այս տարի ծրագրի թիրախ են ընտրվել Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի դպրոցահասակները։
Վերջիններիս նամակները արդեն իսկ տեղադրվել են santaclaus.am կայքում և սպասում են իրենց նվիրատուներին։
Նվիրատու դառնալու համար անհրաժեշտ է այցելել վերոնշյալ կայք և «Նամակներ» բաժնից ընտրել այն երեխային կամ երեխաներին, ում նվիրատուն կցանկանաք դառնալ Դուք։
Այսօր չկոտրենք երեխաների սրտերը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար: