Ինչպես հայտնի դարձավ Aravot.am-ին, բացահայտվել է օրերս կատարված մի հանցագործություն: Դեկտեմբերի 18-ին հաղորդվել էր, որ անհայտ անձինք մուտք են գործել Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկը եւ այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ եւ հուշանվերներ:
Ըստ մեր տեղեկությունների առանձնատունը պատկանում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Նույն օրը՝ դեկտեմբերի 18-ին, ՔՀԲ ծառայողները համատեղ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար բերման են ենթարկել Հրանտ Գ.-ին, որը ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը: Հրանտ Գ.-ն իր տնից ներկայացրել է նաեւ գողացված ոգելից խմիչքներն ու հուշանվերները: Նույն օրը Հրանտ Գ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՁՊՎ: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ