Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանում է արդյոք գիտությունների կոմիտեն ՀՀ պետական շահերը

Դեկտեմբեր 20,2021 18:00

Յուրաքանչյուր տարվա աշնանը գիտության պետական կոմիտեն շահարկելով գիտություն բառը՝ մեր պետական բյուջեի ծախսերի բաժնում խցկում են մի կլորիկ գումար Հայաստանում գիտության զարգացման հիմնավորումով: Իսկ կառավարությունը և ֆինանսների նախարարությունը պրոգրեսիվ երևալու ցանկությամբ հաստատում են այդ գումարները:

Հաստատվել է ՀՀ բյուջեն, որի մեջ մեր «գիտնականները»` շահարկելով «գիտություն» բառը, հասել են այն վիճակին, որ գիտության համար նախատեսված գումարները, նախորդ տարվա համեմատ կրկնապատկել են: Սակայն ինչի՞ վրա է ծախսվելու այդ գումարը: Ելնելով նախորդ տարիների փորձից՝ պնդում եմ, որ այն ծախսվելու է առաջին հերթին գիտության կազմակերպումով և կառավարումով զբաղված (գիտությունների կոմիտե և ակադեմիա) երկու ստվար կոլեկտիվների՝ վարչական ապարատները պահելու համար, գիտական կոնֆերանսներ, ընդունելություններ և գործուղումներ կազմակերպելու համար, գիտական կենտրոնական ապարատի շինությունների տնտեսական ծախսերը հոգալու համար:

Այնուհետև կատարվելու են ծախսեր գիտության կենտրոնական ապարատի ենթակայությամբ գործող ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների վարչական ապարատը պահելու համար:

Ապա, մնացածը նոր գիտական աշխատողներին վարձատրելու և գիտական սարքավորումների գնման համար: Գուցե այդ վերջին փոքր մասը ծախսվի ի շահ մեր պետությա՞նը, նրա պաշտպանական և տնտեսական համակարգին, դե իհարկե ոչ, քանի որ գիտության կոմիտեի վարած քաղաքականությունը երկրի զարգացմանը նպաստելը չէ, այն աշխատում է ավելի վեհ և հումանիստական գաղափարների համար, այն է՝ ծառայել համամարդկային շահերին և նպաստել համամարդկային միջազգային գիտության զարգացմանը: Այդ նպատակով գիտկոմը առաջարկում է բոլոր գիտական կազմակերպություններին և խմբերին, ֆինանսավորում ստանալու նպատակով, իրեն առաքել գիտական նախագծերի առաջարկներ: Բնական է, որ ամեն մասնագիտական խումբ առաջարկում է իր տեսանկյունից արդյունավետ թեմա, որի ուղղությամբ նա արդեն աշխատել է: Գիտկոմի կողմից կազմվում են հանձնաժողովներ, որոնք ընտրում են ներկայացված առաջարկներից «լավագույնները»՝ ֆինանսավորում հատկացնելու նպատակով:

Նախկինում, մի քանի անգամ, ես ինքս եղել եմ նման հանձնաժողովի անդամ: Առաջարկած նախագծերի որակի ցուցանիշների օբյեկտիվ չափանիշների բացակայության դեպքում սկսում էին գործել հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ չափանիշները: Որպեսզի գումարի բաշխումը լինի ավելի օբյեկտիվ՝ այժմ գիտկոմը հորինել է մի նոր չափանիշ՝ գիտական մեծ արժեք ունի այն նախագիծը, որի հեղինակները մինչ այդ ունեցել են առաջարկված թեմաներով հրատարակումներ միջազգային գիտական մամուլում: Այդ պատճառով էլ գիտական կոլեկտիվները ընկած են թղթեր մրոտելու հետևից՝ որքան հնարավոր է շատ հոդվածներ բաց մամուլում ունենալու համար: Իսկ այն հանգամանքը, որ արդյունքներից կարող են օգտվել թշնամի երկրները՝ գիտկոմին բոլորովին չի հուզում:

Հարգելի ընթերցող, այսպիսի քաղաքականության դեպքում արդեն հեղինակները իրենց իրական արժեքները ստիպված են լինում առանց հեղինակային իրավունքի անվճար մատուցել օտարին: Իսկ ի՞նչ օգուտ դրանից մեր հանրապետությանը: Նշեմ, որ գիտությամբ առաջատար երկրներում, իր պետության սահմաններում մշակված գիտական արդյունքները դրսում հրապարակելու համար հեղինակները ենթարկվում են քրեական հալածանքի (օրինակ՝ Ամերիկա, Իսրայել և այլն), իսկ մեր մոտ գիտկոմն ինքն է դրդում գիտնականներին դեպի այդ հանցավոր ուղին:

Գիտկոմի ղեկավարությունը պնդում է՝ նման ձևով ստեղծվում են համամարդկային արժեքներ, և որ Հայաստանը նպաստում է համաշխարհային գիտության զարգացմանը: Գտնում եմ, որ դրանք կեղծ հումանիստական ձգտումներ են: Նկարագրված իրավիճակում գիտության բյուջեն ծախսվում է տարատեսակ, միմյանց հետ չհատվող, երբեմն խիստ տեսական թեմաների կատարման համար: Այսինքն` կատարվում է գումարների փոշիացում, որից չկա ոչ մի օգուտ մեր հանրապետությանը:

Այս ամենը կրկնվում է ամեն տարի: Մեր գիտության կազմակերպիչները ամեն հաջորդ տարի էլ ավելի շատ փող են պահանջելու երկրից և դրանից երկիրը չի ստանում ոչ մի օգուտ: Սա նման է անհատակ մի տակառի, որի մեջ որքան էլ փող լցնես, միևնույն է՝ չի լցվելու: Գիտկոմի նման ձևով կազմակերպված աշխատանքները, փաստորեն, չեն նպաստում երկրի զարգացմանը: Ռեալ արդյունքներ ստանալու նպատակով, իրականում, անհրաժեշտ էր, որ ոչ թե կատարողները առաջարկեն թեմաներ և գիտկոմը հաստատի, այլ՝ հակառակը:

Ելնելով պետական շահերից գիտության կոմիտեն պիտի կարողանար խնդիրներ և առաջադրանքներ դնել գիտական կոլեկտիվների առջև, ելնելով այդ կոլեկտիվների նախորդ փորձից դատել նրանց կարողությունները և ըստ դրա էլ կատարել պետական պատվերի ձևավորումը և գիտական ֆոնդերի բաշխումը: Ցավով նշում եմ, որ գիտկոմի ներկայիս կոլեկտիվը ունակ չէ ապահովել նման աշխատաձև: Ավելի մանրամասն կնկարագրեմ այս ընթացքի մասին այս հոդվածաշարի հաջորդ փուլերում:

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՊՀ պրոֆ. տ.գ.դ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031