Լրագրողները պատերազմում
JamNews. Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակից Հայկ Նավասարդյանը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ստեփանակերտում է եղել՝ լուսաբանելով իրադարձությունները։ Հատուկ «Հետագծերի» համար գրված բլոգում նա խոսում է այն մասին, թե արդյոք լրագրողը կարող է զենք առնել ձեռքը, արդյոք այդպիսով նա չի կորցնում լրագրող կոչվելու իրավունքը։
«Նոյեմբերի 2-ն էր։ Ստեփանակերտ հասանք՝ այնտեղ աշխատող նկարահանող խմբին փոխարինելու։
«Տղանե՛ր, մեկ շաբաթվա սնունդն է՝ մակարոն, պահածոներ, թեյ, սուրճ։ Տեսախցիկներն այստեղ են, սրանք էլ՝ սաղավարտները»։
Օպերատորներ Հակոբն ու Արտակը մեզ են փոխանցում եղածը։
«Հա՛յկ, այստեղ մի բան էլ կա, վերցրո՛ւ, — ասում է գործընկերս՝ թղթակից Մուշեղը, և ինձ տալիս է ինքնաձիգն ու նռնակը։ — Այժմ դո՛ւ ես պատասխանատու այս ամենի համար»։
«Ի՞նչ եմ անում դա, — հարցնում եմ ընկերոջս ու գործընկերոջս։ — Զենքն ի՞նչ եմ անում»։
«Մեզ, ամեն դեպքում, ինքնաձիգ են տվել, որ վերցնենք մեզ հետ, եթե ճակատագիծ գնանք։ Ի՞նչ իմանաս, գուցե պետք գա։ Իրավիճակն այնքան էլ լավը չէ»։
Ինքնաձիգը շուտով իր տեղն է զբաղեցնելու կողքս՝ Արցախի դրոշի կողքին, ինքնաշեն մահճակալի աջ կողմում, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի նկուղի հողե հատակին։
Հաջորդ առավոտյան՝ ժամը տասին, քաղաքում կրկին պայթյուններ են։ Օդային տագնապի զզվեցնող ազդանշանը չի լռում։ Նկարահանող խումբը տեսախցիկները տեղավորում է մեքենայի մեջ։ Դնում ենք սաղավարտներն ու հագնում զրահաբաճկոնները։ Վարորդ Գառնիկն, ինչպես միշտ, հրաժարվում է բաճկոնից։
«Կարծես՝ ամեն ինչ վերցրե՞լ ենք», — հարցնում եմ գործընկերներիս։
«Սա չե՞ս վերցնում», — գլխի շարժումով ինքնաձիգն է ցույց տալիս նրանցից մեկը։
«Ոչ, չեմ վերցնում, դրանով կարող է ավելի վատ լինել, քան առանց դրա։ Ի՞նչ գիտենք»։
Մարտունի ենք գնում և ահա արդեն առաջնագծում ենք։
Այսօրվա հարցազրույցի հերոսը 18-ամյա մի տղա է, այնքան երիտասարդ, որ երևի դեռ չի հասցրել դեմքին զգալ ածելու կտրվածքի ցավը։ Բայց հիմա նա զինվոր է առաջնագծում՝ ինքնաձիգով, վստահ, հանուն հողի կյանքը զոհաբերելուն պատրաստ։
Եվ նրա դիմաց ես եմ՝ 34-ամյա տղամարդս, զրահաբաճկոնով, սաղավարտով և Առաջին ալիքի կապույտ տարբերանշանով բարձրախոսով։
Այդ օրը ես առանձնապես սուր եմ զգում երկվությունը, ներքին սուր պայքարի մեջ եմ․ ի՞նչ անեմ։ Լրագրո՞ղ մնամ, թե՞ զենքը ձեռքս առնեմ։
Ես նայում էի տղային, և ինձ թվաց, որ նրա հայացքն ասում է․ «Չե՞ս ամաչում։ Մեծ մարդ ես, բարձրախոսով պատերազմ ես եկել․․․ Թո՜ւ»։
Եվ մինչ նա փորձում էր ինչ-որ հարցի պատասխանել, որ տվել էի, մտքերս հարցազրույցի հետ կապ չունեցող տեղում էին։
«Ի՞նչ անեմ, — մտածում էի ես՝ նայելով տղային, — բարձրախոսս թողնեմ, զե՞նք վերցնեմ ձեռքս։ Իսկ գուցե՝ թե մեկը, թե մյո՞ւսը»։
Բայց միաժամանակ ես հասկանում էի, որ եթե զենքը ձեռքս առնեմ, զինվոր դառնամ, էլ լրագրող չեմ լինի, չէ՞ որ հստակ էթիկական սկզբունքներ կան․ պետք է պահպանել անաչառությունն ու անկողմնակալությունը։
Մյուս կողմից՝ ինչպե՞ս հավատարիմ մնալ էթիկական սկզբունքներին, եթե գրեթե ամեն օր աչքիդ առաջ հարազատ մարդիկ են զոհվում։
Տղան խոսում է, իսկ ես նրան եմ նայում ու շարունակում մտածել․
«Իսկ եթե ինքնաձիգ ունենամ պարզապես հուսալիության համա՞ր, բարձրախոսի հետ միասին։ Բայց եթե գերի ընկնեմ՝ զենքը ձեռքիս, ինձ չի փրկի լրագրողական հավաստագիրը․ ոչ մի միջազգային կազմակերպություն ինձ չի պաշտպանի, և ինձ կվերաբերվեն որպես սովորական ռազմագերու։
Բայց չէ՞ որ ես, նույնիսկ կյանքի գնով, ուզում եմ աշխարհին ցույց տալ, թե ինչ է կատարվում այս պատերազմում։ Եվ հիմա, գրողը տանի, ի՞նչ անեմ»։
Այս մտքերն ինձ տանջում էին զօր ու գիշեր։ Իսկ ինձ տրված ինքնաձիգը նախկինի պես իր տեղում էր։
Նոյեմբերի 5-ին թանձր մառախուղ իջավ քաղաքի վրա։ Մի քանի մետրի վրա բան չէր երևում, բայց լսվում էր, որ Շուշին արդեն մի քանի ժամ ինտենսիվ հրետակոծության տակ է։
Որոշում ենք բարձրանալ այնտեղ՝ ռեպորտաժ նկարահանելու։ Արդեն գիտենք, որ քաղաք-ամրոցի հետ կապված իրավիճակը ծանր է։
Դեռ մի քանի օր առաջ Ստեփանակերտին մոտենալիս խրամատներ էինք տեսնում, որոնք փորված էին ճանապարհի երկայնքով։ Դա նշանակում էր, որ հակառակորդը քաղաքին է մոտեցել։ Իսկ այսօր դժվար է հասկանալ, թե որտեղ են մեր զորքերը, և որ ուղղությամբ է գրոհում հակառակորդը։
Ոչ մի երաշխիք չկա, որ մենք նրանց համար հեշտ թիրախ չենք դառնա։
Բարձրանում ենք Շուշի։
Այրվող տների հրդեհի լույսը ցույց էր տալիս մեր գտնվելու մոտավոր վայրը։ Այրվում են հարևան երկու տները։ Գերանների ճարճատյունը հստակ լսվում է անգամ մի քանի հարյուր մետրից։
Ուժեղ մառախուղը պատել է քաղաք-ամրոցի փողոցները։ Մոտ կես ժամ դրա ուղղությամբ ոչ մի հրթիռ չի արձակվել։ Շուրջը լռություն է, լիակատար, անտանելի։ Առաջին անգամ զգում եմ, որ դող է անցնում մարմնովս, հավանաբար, անորոշությունից և լռությունից։
Ես կրկին ինքս ինձ հետ խոսում եմ։
«Ահա թե ինչու էր պետք զենքը վերցնել, այն ինձ վստահություն կտար։ Չէ՞ որ մարտեր են ընթանում արդեն Ստեփանակերտի ծայրամասերում»։
Ինքնաձիգների կրակոցների ձայնն աստիճանաբար ուժգնանում է։ Ես ակամա փորձում եմ ինչ-որ կերպ պաշտպանել ինձ, ձեռքս սեղմում է ավտոմեքենայի դռան բռնակը, մտածում եմ՝ ինքնաձիգ ունենայի, ինձ ավելի լավ կզգայի։
«Գիշերվա կեսին Շուշի բարձրանալն, այն էլ՝ առանց զենքի, պարզապես արկածախնդրություն է», — անընդհատ մտածում եմ ես։ Ստեփանակերտի ճանապարհը քսան րոպեի փոխարեն մեկուկես ժամ է տևում այս անգամ։
Մեկ տարի է անցել։ Մինչ օրս շատ հարցերի պատասխաններ չունեմ։ Ինձ մի միտք է տանջում․ գուցե, եթե բարձրախոսը փոխարինեի ինքնաձիգով, պատերազմը բոլորովին այլ ե՞լք ունենար։ Զգում եմ՝ այս հարցն ինձ երկար է տանջելու, և ես, միևնույն է, չեմ կարող ասել, ինչ կլիներ, եթե։
Ես անընդհատ մտածում էի այլընտրանքի մասին․ գուցե կարելի՞ էր, որ ունենայինք և՛ բարձրախոս, և՛ զենք։ Բայց ամեն անգամ հիշում էի մեր մասնագիտության ոսկե օրենքը, որն ասում է․
«Մարտական գործողությունների գոտում լրագրողները պետք է խուսափեն զինվորական համազգեստ և զենք կրել՝ թիրախ չդառնալու համար, և որպեսզի նրանց հետ չվարվեն ինչպես ռազմագերիների, եթե գերեվարվեն»։
Հիշում եմ, թե ինչպես 2020 թ-ի նոյեմբերի 6-ին, երբ պատերազմը շատ վատ ընթացք ստացավ, մոտեցա Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին․ «Պարո՛ն ․․․յան, հրահանգեք, որ ինձ, վարորդին ու օպերատորին զենք տան։ Անհարմար ենք զգում․ երեք առողջ տղամարդ օրական երեք-չորս ժամ նկարահանում ենք անում, հեռուստանյութեր պատրաստում, իսկ այդ ընթացքում 18-ամյա տղաները զոհվում են սահմանին»։
Նա շատ հանգիստ ձայնով պատասխանեց․ «Պատկերացնո՞ւմ եք, եթե չլինեին սահմանին կանգնած զինվորների մասին ձեր ռեպորտաժները, ծնողները չէին տեսնի իրենց որդիներին, աշխարհը չէր տեսնի, թե ինչ կատարվում։ Իսկ հիմա, խնդրում եմ, ասա, քանի՞ հոգի գիտես, որ կկարողանար ձեր աշխատանքն անել»։
Եվ իրոք, լրագրողները, ոչ միայն նրանք, ովքեր լուսաբանում են ռազմական գործողությունները, իրենց կռիվն ունեն։ Ամենօրյա, ծանր, լարված։ Մենք կռվում ենք ոչ թե հողի, այլ ճշմարտությունը պարզելու փորձի համար։ Եվ լինում է, որ վճարում ենք մեր կյանքով, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ, թե ինչ է կատարվում նրանցից հեռու վայրերում։
Երևի թե մեզ կարելի է անվանել «ճշմարտության զինվորներ»։ Իսկ լավ ենք անում մեր աշխատանքը, թե ոչ, լրիվ ուրիշ պատմություն է»։
Հայկ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ