Դեկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) տեղի ունեցավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով 3-րդ վարույթի հերթական նիստը:
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն թեև որոշել էր մերժել արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, սակայն մեկ այլ գործով ԲԴԽ-ն բավարարել էր Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Այսօր ԲԴԽ-ն քննեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի գործի հետ կապված Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործը: Եթե Նախշքարյանին եւս մեկ նկատողություն հայտարարվիի՝ նա կզրկվի դատավորի լիազորություններից:
Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 29-ին, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն արգելել էր մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը, իսկ երբ լրագրող Թագուհի Ասլանյանը փորձել էր ներս մտնել՝ Սաֆարյանն ասել էր. «Ես կարո՞ղ եմ գալ նույնքան լկտի, ինչպես Դուք եւ ներխուժել Ձեր բնակարան»: Նիստին տեւական ժամանակ «խաղարկվեց» այդ «լկտի» բառը՝ հարցուպատասխանի տեսքով:
Կարդացեք նաև
Սիրանույշ Սահակյանը հարց հղեց նախարարության ներկայացուցչին՝ «լկտի ներխուժել» արտահայտության մեջ «լկտի» բառն ի՞նչ խոսքի մաս է:
ԲԴԽ նախագահն ասաց, թե այստեղ քերականական հարցեր բարձրացնել պետք չէ, քանի որ ոչ մեկն էլ այդ ոլորտի մասնագետը չէ:
Սիրանույշ Սահակյանն էլ արձագանքեց, թե հայերենի քննություն չեն անցկացնում, ուղղակի ուզում են իմանալ նախարարության տեսակետը:
Սիրանույշ Սահակյանի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ներխուժելու համար լկտի որակումը: Գագիկ Ջհանգիրյանը միջամտեց. «Մենք բոլորս ավարտել ենք դպրոց, համալսարան, բայց արտոնագիր չունենք նման քննություն անցկացնելու: Այնպիսի հարցեր պիտի տաք, որ կարողանանք այդ ոլորտում կողմնորոշվել»:
Դիմող կողմը՝ նախարարության ներկայացուցիչն ի պատասխան հայտարարեց՝ շարունակում է ընդունել, որ լկտի բառն այս արտահայտության մեջ ոչ թե որպես ածական է օգտագործվել, այլ որպես մակբայ:
Երբ Սիրանույշ Սահակյանն իր հարցերը շարունակեց, Գագիկ Ջհանգիրյանը կրկին միջամտեց. «Մենք լեզվաբանության հարցեր չենք կարող քննարկել, առավել ևս ոչ հարուցող մարմինն ունի նման խնդիր իր առաջ դրված, ոչ էլ խորհուրդն է կոմպետենտ այդ հարցերով պրոֆեսիոնալ մասնագիտական եզրակացությունների գալ, խնդրում եմ վերադառնանք մեր ոչխարներին»:
Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես վկա ներգրավել Թագուհի Ասլանյանին և Ստյոպա Սաֆարյանին, որպեսզի հասկանան, թե «լկտի ներխուժել» արտահայտության մեջ ինչպես են նրանք ընդունել այդ «լկտի» բառը:
ԲԴԽ-ն որոշեց միջնորդության լուծումը հետաձգել՝ հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո:
Սիրանույշ Սահակյանը նաև միջնորդեց դատարանի դահլիճ հրավիրել լեզվաբանի, որը լեզվաբանական քննության կենթարկի «լկտի» բառը «ներխուժել» բառի հետ նույն արտահայտության մեջ: Նա այս առնչությամբ ասաց. «Լկտի բառն այս արտահայտության մեջ օգտագործվել է սաստկական իմաստով: Ներխուժել բառի հետ այն օգտագործվում է որպես ձևի պարագա, ուստի հնարավոր չէ «լկտի» բառին գնահատական տալ վիրավորական՝ դրա՝ վիրավորական կամ ոչ վիրավորական լինելու առումով՝ առանց հաշվի առնելու նրա կապը ստորոգյալի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ