«Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ կան հաստատված գերիներ, Ադրբեջանը պահում է նրանց, անխուսափելի է, որ վերադարձնելու են: Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում կամ ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը, կամ ԵՄ-ն, տարբեր ազդեցիկ պետություններ իրենց ազդեցությունն օգտագործելով` կազմակերպում են գերիների վերադարձը: Տեսնում եք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովում: Եվ դա էլ մի գուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող մեծ գործընթացներ, որտեղ ներգրաված են միջազգային դերակատարները»,-ասաց ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով, գերիների հաստատված թիվը շուրջ 50 է, իսկ ինչ վերաբերում է ոչ պաշտոնական տվյալներին, եւս 80 անձի մասին է խոսքը:
Իրավապաշտպանի ձեւակերպմամբ, պետք չէ գերիների վերադարձը կապել միայն բանակցությունների, բարձրաստիճան հանդիպումների հետ, բայց նաեւ փաստ է, որ այդ հանդիպումներին զուգահեռ միշտ գերիների վերադարձ լինում է:
Խոսելով գերիների հանդեպ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող վերջին իրավական գործընթացների, մասնավորապես կալանավորման մասին, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց. «Անթույլատրելի է հրապարակային դաշտում խոսել գերիների նկատմամբ քրեական հետապնդումների մասին, իրավական եւ բարոյական առումով՝ չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն, առողջական վիճակը եւ այլ հանգամանքներն իսկապես չեն արդարացնում անազատությունը: Ես չեմ տեսնում նաեւ ռիսկեր՝ նրանց փախուստի դիմելու, քննությանը խոչընդոտելու եւ այլ առումներով: Եթե իրենք փախուստի դիմելու ցանկություն ունենային՝ կտեղափոխվեին իրենց կամարտահայտությամբ երրորդ երկրներ… Իրենք գտնվում են խոցելի վիճակում, ընտանիքները՝ ծանր բարոյական, եւ նյութական վիճակում եւ չեմ կարծում, որ իրատեսական է այս անձանց հանդեպ վարչական ռեսուրսներ իրացնող սուբյեկտների գործունեությանը միջամտելը: Նրանք անկախ իրենց մեղսագրվող արարքներից՝ պետք է մնան ազատության մեջ, նրանց հանդեպ կարող են այլ խափանման միջոցներ կիրառվել»:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=T7lA5K2eAFU&ab_channel=a1plus
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ