Սկիզբը՝ այստեղ:
Հաջորդ օրը վաղ առավոտյան Սոնայի հետ մեկնեցինք Մարտակերտ: Այլեւս հայերի համար փակ էր Աղդամով ու արցախյան Տիգրանակերտով անցնող կարճ ճանապարհը: Առանց ցավ զգալու՝ Տիգրան Մեծի հիմնած բերդաքաղաքը հանձնվեց թշնամուն: Հյուսիսային Արցախում եւս Տիգրան Մեծի ամրոց կար, որը այս մի Տիգրանակերտից տարբերելու համար ՄԵԾաբերդ էին անվանել: Մի՞թե մեր նախնիներն ամեն անգամ նույն թեթեւությամբ են հանձնել Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի քաղաքները: Պետրոս Գետադարձի, Վեստ Սարգսի ու Վարսպուրականի թագավոր Սենեքերիմի անունները ծածկել, խլացրել են բազմաթիվ հերոսների անունները:
Ճանապարհին ուզում էի դստերս ցույց տալ անտառածածկ լեռան գագաթին խրված հսկա ապառաժը, որն էլ հայոց հռչակավոր Կաչաղակաբերդն էր: Արաբներն այն Առանի բերդ էին անվանում: Մենք անցանք Խաչենագետի կամուրջն ու Գանձասար տանող ճանապարհից թեքվեցինք դեպի աջ: Մեր առջեւ Կիչան գյուղն էր: Այստեղ հին ժամանակներից հույն հանքափորներ էին բնակվում: Արցախյան առաջին պատերազմին այն ավերվել էր: Հույները հեռացել էին: 1992 թ. ամռանը Անգլիայի լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Քոկսի հետ եկել էինք տեսնելու Կիչանի ավերածությունները: Թշնամու հրետանավորները նկատել էին մեզ ու սկսել էին ռմբակոծությունը: Շոտլանդուհի Քարոլայն Քոկսը, արհամարհելով թուրք հրետանավորի ռումբերը, գնաց լուսանկարելու գյուղը:
Դրմբոն հասանք, որտեղից ճանապարհը անտառով տանում էր դեպի Մաղավուզ: 1992 թ. ամռանը զինված տեսախցիկով շրջում էի այս անտառում եւ տեսագրում թուրք ասկյարների դիակները: Ինձ հայտնի էր, որ Ադրբեջանում երբեք չեն հայտնում զոհված զինվորների անունները, նշելով, որ անհետ կորած են: Ես որոշեցի օգնել զոհված ասկյարների մայրերին: Հետո նման կադրեր նկարահանեցի նաեւ Քարվաճառում, այդ տեսարաններով ֆիլմ պատրաստեցի եւ տեսաերիզն ուղարկեցի Բաքու: Արդյունքը եղավ այն, որ ադրբեջանցի մայրերը իշխանություններից պահաջեցին դադարեցնել արյունահեղությունը:
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմի ժամանակ եւս ցանկանում էի նման մի ֆիլմ պատրաստել ասկյարների եւ սիրիացի թուրքերի ծնողների համար, սակայն հրամանատարությունը թույլ չտվեց, որ այդ նկարահանումները ինձ հասնեն:
Սոնան մի քանի տեղից լուսանկարեց Սարսանգի ջրամբարը, որի մակարդակը զգալի իջել էր: Երկրորդ պատերազմում թուրքերի գլխավոր նպատակներից մեկը Մատաղիսի ջրամբարը գրավելն էր: Սարսանգի ջրերը կուտակվում էին Մատաղիսում, այստեղից բաժանվում դեպի դաշտերը: 1988-ից հետո, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պաշարման մեջ առան ՀՀ-ն ու ԱՀ-ն, Տրտուականի ջրերը բաց թողնվեցին գետի հունով ու այլեւս չէին հոսում ջրանցքներով: Ամայանում էին ադրբեջանական վեց շրջանների դաշտերը: Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղարը հարեւան Միրբաշիրի ղեկավարին առաջարկեց բանակցել ջրի համատեղ օգտագործման հարցով, սակայն նա Բաքվից մերժում ստացավ: Հիշում եմ, Սարսանգ էինք բերել Ավգուստ Վոսի հանձնաժողովի անդամներին: Հյուրերի ներկայությամբ ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանին առաջարկեցի բանակցել Բաքվի ղեկավարների հետ եւ առաջարկել գնեն ոռոգման մեր ջրերը: Առաջարկը հավանեցին Մոսկվայի պատվիրակները:
Ադրբեջանի քարոզչական մեքենան 2015 թ. փետրվարին նոր թեմա առաջարկեց Արցախի շուրջը լարվածությունը թեժացնելու նպատակով: Այս անգամ ուշադրության կենտրոնում Սարսանգի ջրամբարն էր: Եվրոպայի Խորհրդի պառլամենտական ասամբլեայի կոմիտեում (PASE) ադրբեջանական կողմը ներկայացրեց մի որոշման նախագիծ, որը կոչ է անում «Տարածաշրջանից անհապաղ դուրս բերել հայկական ուժերը, որպեսզի հնարավոր լինի ապահովելու չեզոք ինժեներների եւ հիդրոլոգների մուտքը, այլապես կառաջանա նոր հումանիտար ճգնաժամ»:
Ջրամբարը Բաքվի իշխանությունների պահանջով կառուցվել է Սարսանգի խոր կիրճում, որպեսզի ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի տնտեսությունները հնարավորություն չունենան ոռոգման նպատակով օգտվելու ջրից: Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին:
Ջրամբարի երկարությունը 12 կմ է, լայնությունը՝ 1,75 կմ, խորությունը՝ 100 մ, օգտագործվող ջրի ծավալը՝ 500 միլիոն խոր. մ: Մինչ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը Տրտու գետի ջրերով ոռոգվում էին Թարթառի, Բարդայի, Աղդամի, Գերանբոյի, Եվլախի եւ Աղջաբադիի շրջանների տնտեսությունների դաշտերը, ինչպես եւ Մարտակերտի շրջանի դաշտային տնտեսությունների հողերը: Ադրբեջանցիները մի քանի անգամ դիվերսիոն խմբեր ուղարկեցին՝ պայթեցնելու ջրամբարը, որը կանխվեց Արցախի անվտանգության ծառայության կողմից:
Խնդիրը մեկ այլ երես էլ ունի: Ամեն ինչում Բաքուն մեղադրում է Երեւանին, պահանջելով, որ ՀՀ-ն դուրս բերի ուժերը: Սակայն հիդրոհանգույցը Արցախում է, ուրեմն պետք է հաշվի առնվի նաեւ Արցախի բնակչության շահերը: Սակայն Բաքվի վերնախավը հրաժարվում է բանակցել արցախցիների հետ: Նա այլ խաղ ընտրեց, որը յուրահատուկ է թուրքական դիվանագիտությանը: Փետրվարին ադրբեջանական պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի պառլամենտական ասամբլեայի կոմիտեում (ԵԽՊԱ) դրեց Սարսանգի խնդիրը: ԵԽՊԱ-ն քննարկության դրեց երկու հարց, որոնցից մեկը քվեարկեց Հայաստանի օգտին, իսկ Սարսանգի հարցը՝ Ադրբեջանի օգտին: Դա ընդամենը հայկական քաղաքական վերնախավի ուշադրությունը շեղելու համար էր: Եվ իրոք, հայկական լրատվամիջոցները խոսում էին հավասարակշռության՝ ոչ ոքիի մասին: Սակայն թուրք դիվանագետները եթե մի բան են ձեռնարկում, ապա հայերը պետք է կարողանան վերլուծել ու կռահել, թե իրականում ինչ կա դրա տակ: Հիշում եմ, մի անգամ Հենրիկ Պողոսյանը ինձ ասաց. «Հայաստանի ղեկավարներին ասա, որ Բաքվի կամ Անկարայի հետ բանակցություներին պատվիրակության հետ թող անպայման մի արցախցու էլ ուղարկեն, որը հասկանում է, թե թուրքի խոսքի հետեւում ինչ միտք կամ քայլ է թաքնված»: Բաքվի պատվիրակները կաշառքի միջոցով Սարսանգի վերաբերյալ որոշումը հօգուտ իրենց լուծեցին: Բաքուն մտածեց, որ ինքը արդեն իրավունք ունի հենց զենքի ուժի միջոցով իրականացնելու Եվրախորհրդի հանձնաժողովի որոշումը: Որոշումից երկու ամիս հետո՝ ապրիլի մեկին ուխտադրժորեն հարձակվեց Արցախի վրա: Գլխավոր նպատակը նախ Մատաղիսի, ապա եւ Սարսանգի հիդրոհանգույցը գրավելն էր: Այդ ժամանակ այդ ծրագիրը չիրականացավ:
Եվ ահա 2020 թ. 44-օրյա պատերազմում թուրքերը որոշակի հաջողության հասան՝ գրավելով Մատաղիսի հիդրոհանգույցը՝ ՀԷԿ-ն ու ջրամբարը: Այն ինձ համար անսպասելի էր, քանի որ այդ ուղղության պատասխանատու Արթուր Ալեքսանյանն ասել էր, որ հիդրոհանգույցը մերոնց ձեռքին է:
Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2021