«Չգիտեմ, թե պարոն Եղոյանի գիտելիքներն այդ ոլորտում որքան են եւ ինչու է նա այս մասին խոսում, բայց նա հերթական սուտը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի մասին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վերջերս ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի այն հայտարարությանը, թե 2019թ․-ի դրությամբ բանակցային սեղանին առկա առաջարկներում նորություն չի եղել․ «Կարգավորման հայտնի տարբերակն է եղել փուլային, սկզբից 5, հետո՝ 2 շրջան վերադարձնելը՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման»։
Հայկ Մամիջանյանը նշեց․ «Իշխանությունից աղաղակում էին այդ ժամանակ, թե աշխատանքային փաստաթուղթ սեղանին չկա, թե չեն բանակցում, մինչդեռ ԱԳ նախարարների մակարդակով յոթ ժամանոց հանդիպումներ էին լինում։ Մենք դեռ այդ ժամանակ բարձրաձայնում էինք, որ փուլային տրամաբանությամբ փաստաթուղթ է եղել։ Փաշինյանն այնքա՜ն ստեր է ասել։ Հիմնական բանակցողի բացահայտ ստի մասին է խոսքը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ