Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ ենք հասկանում, որ ընդդիմությունն անզոր է

Դեկտեմբեր 20,2021 15:48

Կա տեսակետ, որ հայ-թուրքական երկխոսության մեջ ով էլ լինի հայկական կողմի բանագնացը, միեւնույն է, քանի որ սա պայմանավորված գործընթաց է ու տպավորություն է, որ քայլ առ քայլ Հայաստանը մտցնում են Թուրքիայի տիրապետության տակ ու հարց է առաջանում՝ ի՞նչ է անում Հայաստանի ընդդիմությունը՝ սրա դեմն առնելու համար: Այսօր ասուլիսում Aravot.am-ը այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեց՝ այս ծանր իրավիճակում դուք երկու գործընթաց եք անում՝ պահանջում եք ԱԺ նախագահի հրաժարականը եւ պահանջում եք գլխավոր դատախազի հրաժարականը, այսինքն, ստեղծված իրավիճակին անհամարժեք եք գործում, սրանից է, որ հանրության մոտ տպավորություն կա, որ դուք մանր խնդիրների հետեւից եք ընկնում, աթոռի հարց եք լուծում, ոչ թե Հայաստանն ուզում եք հանել այս իրավիճակից, ինչպե՞ս կպարզաբանեք:

Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ռուբեն Ռուբինյան անձը ամենափոքր դետալն է հայ-թուրքական շփումներում, որովհետեւ ինքնին ժամանակը, երբ փորձ է արվում կարգավորել ամենադժվարին հարցերից մեկը, խիստ վտանգավոր է այն ժամանակահատվածը, որին համաձայնել են ՀՀ իշխանությունները: Ինչ վերաբերվում է հրաժարականներին, Ալեն Սիմոնյանի հրաժարականը կոնկրետ վերաբերվում է այն հայտարարություններին, այն պահվածքին, նաեւ կոռուպցիոն վտանգներին, որը դրսեւորվում է իր վարքուբարքով: Պետք է արձանագրել, որ գլոբալ խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Նա հիշեցրեց, որ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ոչ մեծաթիվ հավաքներ էին սկզբում անում ԱԳՆ-ի դիմաց, բայց հետո «Ոչ»-ի հաջողված շարժումը եղավ:

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ գերխնդիրը Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանությանն հեռացումն է, որովհետեւ պարտվածի հոգեբանությամբ են:

Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյանն էլ պատասխանեց, որ հրաժարականների գործընթացը նույն հարթության վրա պետք չի դնել: Գլխավոր դատախազի հրաժարականն են պահանջում, որովհետեւ կարծում են՝ քաղաքական հետապնդումներ է իրականացրել, իրենց պատգամավոր գործընկերները մի քանի ամիս շարունակ մնացել են կալանքի տակ, Արթուր Դավթյանը պետք է պատասխանատվության ենթարկվի այն ապօրինությունների համար, որոնք թույլ է տվել: Իսկ Ալեն Սիմոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ իր կարգավիճակը չգիտակցելու եւ այնպիսի արտահայտություններ անելու համար, որոնք դիվանագիտական սկանդալի հիմք են դարձել:

Աննա Գրիգորյանը հավելեց, որ իրենց պետք է տեղեկացված լինեն բավարար չափով, որ կարողանան արդյունավետ հակազդեցություն ձեւավորել, օրինակ, «3+3» ձեւաչափի մասին իմացել են մեկ օր առաջ: Եթե Չավուշօղլուն չխոսեր այն մասին, որ բանագնաց են նշանակում, իրենք ի՞նչ պետք է իմանային հայ-թուրքական գործընթացի մասին:

Ճշտեցինք՝ ճի՞շտ ենք հասկանում, որ անզոր եք՝ նա պատասխանեց. «Ոչ թե անզոր ենք, այլ դիտանկյունից եք գալիս: Որպեսզի հասկանանք, թե հայ-թուրքական հարաբերություններում մենք ինչ կարող ենք ասել՝ որպես ընդդիմություն, մենք պիտի հասկանանք, թե ինչ է սեղանին դրված»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031