Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռացված ուսուցիչը վերականգնվել է, սակայն տնօրենի համոզմամբ՝ համախոհներ չունի

Դեկտեմբեր 20,2021 15:38

Աբովյանի քաղաքի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, որին տնօրեն Քարմիլե Առաքելյանն ազատել էր աշխատանքից, դատարանի որոշմամբ վերականգնվել է:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Առաքելյանը նշեց. «Համաձայն ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի՝ Հայկ Փայտյանը վերականգնվում է աշխատանքի: Երբ ես Հայկ Փայտյանին աշխատանքից ազատեցի, վստահորեն գիտեի, որ վերականգնվելու է, քանի որ այն բոլոր հիմքերը, որ ուզում էի ապահովել, որպեսզի իրեն ազատեմ աշխատանքից, չկարողացա ապացուցել, որովհետեւ նա անընդհատ փորձում էր չվերցնել ձեռքիցս, ուղարկված նամակները հետ էր ուղարկում: Եվ քանի որ Հայկ Փայտյանը նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի հետ միասին մեծ եւ վճռորոշ դեր ուներ կոլեկտիվում, ես դա զգալով՝ իրենց ազատեցի, որպեսզի կարողանամ իմ նորմալ եւ բնականոն աշխատանքային գործունեությունը ծավալել:

Այժմ ինքը վերականգնվել է աշխատանքի, բայց ինչպես հասկանում եմ՝ կրկին ինչ-որ պայքարից է խոսում: Ցավոք, ամեն ինչ փորձեցին քաղաքականացնել: Ինքը եկավ դպրոց; Ես ծանուցում էի տվել, որ դեկտեմբերի 28-ից ինքը կվերականգնվի աշխատանքի եւ իր առաջ պայմաններ են դրվելու, որ ինչ քաղաքական հայացքներ էլ ունենա` դպրոցի դուրս ցուցաբերի, որովհետեւ դպրոցն այն միջավայրն է, որտեղ քաղաքական թեզեր, քարոզչություն չպետք է իրականացվի, զուտ պետք է իր պատմություն առարկան դասավանդի՝ հավատարիմ մնալով ուսուցչի նկարագրին»:

Տիկին Առաքելյանից ճշտեցինք՝ ի՞նչ վիճակ է դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, քանի որ երկար ժամանակ կրթական գործընթացը խաթարված էր:

«Դպրոցում մթնոլորտը շատ լավ է, մեր գործընկերները՝ Փայտյանի նախկին ընկերները հասկանում են,որ ինքը դեռ կփորձի ինչ-որ բաներ անել այստեղ, բայց իրենք հոգնել են եւ ուզում են հանգիստ աշխատել: Կոլեկտիվը գիտակցեց, որ գործիք է դարձել մի քանիսի ձեռքին, եւ երեւի թե սա դաս եղավ, որ զերծ մնա ինչ-ինչ մոլորություններից: Այժմ բոլորը ձգտում են խաղաղ աշխատել: Կարծում եմ՝ ինքն (Հայկ Փայտյանը-Գ. Հ.) այստեղ այլեւս համախոհներ չի ունենա»,-ասաց դպրոցի տնօրենը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Փայտյանը եւս նշեց, որ դեկտեմբերի 28-ից վերականգնվում է աշխատանքի՝ իր 22 ժամ դրույքով, վճարvելու է նաեւ պարապուրդի համար: «Ես ներկայացա դպրոց, տնօրենը ներկայացրեց պայմանները: Գործող տնօրենին ասացի, թե ինչ հարաբերություններ աշխատանքային գործունեության ընթացքում մեր միջեւ կլինեն: Բացի օրենքներից, իրավական կարգավորումներից, պարտականություններից ու լիազորություններից, նաեւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վերաբերմունք կլինի, բարոյական նորմեր եւ սկզբունքներ կգործեն մարդկային առումով: Ինքը, ըստ իս չհասկացավ, թե ինչ նկատի ունեմ: Եվ երբ դրանից հետո իմ ֆեյսբուքյան էջով գրառում կատարեցի, որ վերականգնվել եմ աշխատանքի, եւ ինձ ապօրինաբար հեռացնող ոստիկանները պետք է մտածեն այդ մասին, ընդ որում՝ տնօրենին ուղղակի կամ ուղղակի ձեւով որեւէ բան չէի ասել, դրանից անմիջապես հետո ինքը գրառում կատարեց իր ֆեյսբուքի էջում եւ ինձ որակումներ տվեց : Նա մեղադրեց նաեւ դատարաներին, ասելով, որ պետք է բարեփոխվեն»:

Հայ Փայտյանը հավելում է. «Իմ պարագայում գործել է Նժդեհի ասած վճռական անհատի եւ վճռականության գործոնը: Այն տեսակ իրավական ակտերի ու նորմերի խախտումով էր տնօրենն ինձ հեռացրել, որ հնարավոր չէր չվերականգնելը»: Նա ընդգծեց, որ պատրաստվում է դպրոցում կատարել իր աշխատանքային պարտականությունները ու տնօրենի հետ շփվել միայն այդ հարթության մեջ:

«Իմ պայքարակից մյուս ընկերների գործերը նույնպես դատարանում են, ես սպասելու եմ մյուս ընկերներիս դատական ակտերի պատասխաններին: Ես կշարունակեմ աշխատել ու սպասել այնքան, մինչեւ իմ մյուս ընկերներն էլ վերականգնվեն: Մենք միասին ենք, մինչեւ վերջ միասին ենք լինելու, որոշումներն էլ միասնաբար ենք կայացնելու: Այս պահի դրությամբ սպասում ենք դատական ակտերին, որպեսզի սկսենք մեր պայքարի երկրորդ փուլը, որովհետեւ առաջին փուլում աշակերտներին եւ ուսուցիչներին մեր օրինակով ցույց տվեցինք, որ ով ինչ ուզենա, չի կարող անել դպրոցում կամ ցանկացած տեղ: Եթե կա վճռականություն՝ քո սկզբունքների, գաղափարների, հայացքների համար պայքարելու, դու պետք է դա անես»,-ասաց պատմության վերականգնված ուսուցիչը:

Նա ընդգծեց, որ տնօրենն իրեն հեռացրել է աշխատանքից նաեւ այն պատճառով, որ ֆեյսբուքի իր էջով ուղիղ միացումներ էր անում ու իրազեկում, թե ինչ է կատարվում դպրոցում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Հայկ Փայտյանի եւ Քարմիլե Առաքելյանի ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031