«Տեսնում եմ մոտեցում, որ ստորագրվելիք կամ հայտարարվելիք փաստաթուղթն ամբողջությամբ զատելու է Արցախի հիմնահարցը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից։ Առաջին հայացքից թվում է, թե այդ կնճռոտ խնդիրները պետք զատել, բայց համաշխարհային փորձը հուշում է, որ սահմանազատման գնալու դեպքում իրար հետ զրո խնդիր պետք ունենան երկրները»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան սահմանազատման/սահմանագծման սպասվելիք գործընթացի հնարավոր վտանգներին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Իսկ ՀՀ-ն եւ Ադրբեջանը խնդիրներ ունեն։ Այդ սպասվելիք փաստաթղթում կամ հայտարարությունում պետք է պարտադիր հիշատակվի, որ Արցախի հարցի լուծումը շարունակում է մնալ Մինսկի խմբի տիրույթում»,-շեշտեց Հայկ Մամիջանյանը։ Նրա խոսքով՝ իշխանության որոշ երեսփոխանների հայտարարությունները, սակայն, հուշում են, որ մտադրություն կա այս գործընթացները իրականացնել իրարից զատված։
«Խորհրդային քարտեզները իրավական հիմք չեն կարող ծառայել։ Իրավական որոշումը, որի հիման վրա գծվել է քարտեզը, խոցելի է դիտարկել որպես իրավական հիմք։ Խորհրդային քարտեզները պետական սահմաններ չէին, այլ ներպետական վարչատարածքային բաժանման պես մի բան։ Քաղաքացիները կարող են ուսումնասիրել տարբեր տարիների հասանելի քարտեզները ու տեսնել, որ 2-3 տարում խիստ փոփոխություններ կարող են լինել»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ