Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիների մասին Ալեն Սիմոնյանի տեսանյութը հոգեբանական տեխնիկայի կիրառման սցենարի մի մասն է»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 20,2021 14:27

«Ալեն Սիմոնյանին հիշեցնեմ իր գրառումը, թե մենք հանդգնում ենք իր հրաժարականը պահանջել։ Այս պահին բա դուք ինչի՞ եք հանդգնում քաղաքապետին անվստահություն հայտնել։ Այդ պաշտոնները տարբեր տիրույթներում են, բայց համեմատելի են գործառնական տեսանկյունից»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախաձեռնման գործընթացին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «ԱԺ-ում եւ միջազգային հարթակներում նրա պահվածը հաշվի առնելով՝ մենք միացել ենք «Հայաստան» խմբակցության այդ նախագծին»,-նշեց նա։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ հայ ռազմագերիների մասին Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումը հոգեբանական տեխնիկայի կիրառման սցենարի մի մասն է, որովհետեւ որոշ ժամանակ առաջ նախ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերեվարման ամեն դեպք պետք է քննվի, հետո եղավ Ալեն Սիմոնյանի տեսանյութի հրապարակումը, հետո կասկածելի կերպով հրապարակվեցին գերիների ցուցմունքները, հետո նրանցից մի քանիսը ձերբակալվեցին․ «Այնպես որ, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ձայնագրությունն օգտագործվեց իդեալական՝ հոգեբանական տեխնոլոգիաների տեսանկյունից։ Պետությունը պարտավոր է վերադարձնել քաղաքացուն, հետո քննություն անել։ Այն հանգամանքը, որ որոշները գուցե գերեվարվել են խնդրահարույց պայմաններում, չի բացառում պետության պարտավորության կատարումը նրանց հանդեպ»։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իլհամ Ալիեւը վերջերս հղում արեց հայաստանյան պաշտոնյաների՝ գերիների մասին հայտարարություններին ու ակնարկեց, որ Ադրբեջանը վերադարձնում է, իսկ Հայաստանում նրանց ձերբակալում են՝ Հայկ Մամիջանյանը շեշտեց․ «ՀՀ ղեկավարը այդպես էլ չի հասկանում, որ իր խոսքն արժեք ունի։ Գիտի, թե դեռ ՀԺ-ի խմբագիր է։ Չի հասկանում, որ իր խոսքն արտերկրում էլ են կարդում․․․Իհարկե, գերեվարման բոլոր դեպքերի հետ կապված պետք է լինի քննություն՝ նրանց վերադարձնելուց հետո։ Պետությունն ամեն ինչ պետք է անի, որ իր քաղաքացուն բերի Հայաստան։ Իրենց մոլուցքի մեջ եւ ներքին լսարանի համար հայտարարություն անելիս հասել են այն աստիճանի, որ այդ հայտարարություններն օգտագործում է թշնամի երկրի ղեկավարն ու պաշտոնյան։ Երբ արտաքին ճակատներում մենք կռիվ ենք տալիս, այլ երկրների պաշտոնյաները հեռախոսը հանում են, ցույց տալիս ու ասում՝ սա ձեր երկրի ղեկավարն է ասել, նա ձեր ասած պահանջները չի պաշտպանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031