Ինչու Սյունիքը դարձավ անպաշտպան: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Հայաստան» խմբակցության պատգամավորները շուրջ մեկ տարի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո գրավոր հարցումներ են արել պետական գերատեսչություններին: Այսօր հրավիրած ասուլիսում խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը ներկայացրեցին գրավոր փաստաթղթերի մի ամբողջ տրցակ՝ բացահայտելով դեպքերի ժամանակագրությունը ու ամբողջացնելով Սյունիքում կատարվածը: Հարցումները-ամբողջությամբ
Ինչպե՞ս ստացվեց, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մասը տրվեց Ադրբեջանին:
Նախ` նրանք հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր Սյունիքի մարզի համայնքապետերին ու ասել, որ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպեն: Համայնքապետերը ակտիվ խրամատավորվում են, լայնածավալ գործողություններ իրականացնում ու դրանից հետո դեկտեմբերի 17-ին հրաման է գալիս, որ պետք է հետ գան, մոտ 20 կմ իրենց տեղակայման դիրքերից առաջ էին գնացել ու խրամատներ փորել, դիրքավորվել: Աննա Գրիգորյանի խոսքով՝ «Վաղարշակ Հարությունյանն ասում է՝ կարողանո՞ւմ եք պաշտպանել՝ պաշտպանեք, մենք ձեզ հետ չենք, այսինքն, պետությունը ձեզ հետ չի»:
Կարդացեք նաև
Փետրվարին Հրանտ Բագրատյանը հրապարակեց մի փաստաթուղթ՝ հուշագիր անունով, պատճենն էր փաստաթղթի: Որեւէ պետական կառույց չհաստատեց այդ փաստաթղթի իսկությունը: ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԺ ճեպազրույցներից մեկի ժամանակ, երբ այս մասին լրագրողները հարցրեցին, ասաց՝ A4 ձեւաչափի թուղթ ցանկացածը կարող է տպել:
Փետրվարի 10-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց են տալիս Սյունիքի սահմանների, Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի հետ կապված: Նա պատասխանում է, որ Սյունիքում սահմանապահ զորքեր են հսկում սահմանները ե՛ւ մեր կողմից, ե՛ւ Ադրբեջանի, բայց եկեք նմանատիպ հարցերը հանրայնորեն չքննարկենք: Համապատասխան հանձնաժողովերում հանդիպումներ արեք, հրավիրեք ՊՆ ներկայացուցիչներին, ԳՇ-ի, ԱԱԾ-ի, տեղեկացեք մանրամասներով ու դրանից հետո հասկացեք, թե որ մասը կարելի է հանրայնորեն քննարկել: Բայց դրանից հետո որեւէ նախարարության ներկայացուցիչ չի եկել հանդիպման ու չի խոսել այդ թեմայով:
Հունվարի 15-ին պատասխանում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո հավելված որեւէ փաստաթուղթ չկա: Աննա Գրիգորյանը ՊՆ նախարար Արշակ Կարապետյանին է գրություն գրում Դավիթ- Բեկ-Գորիս եւ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի շահագործման կազմակերպման վերաբերյալ, վերջինս ասում է, որ այդ հարցերը դուրս են ՊՆ շրջանակից: Հարցին՝ զորքերի հետ քաշման որեւէ փաստաթուղթ կա՞, որի հիման վրա զորքերը հետ են քաշվել, Արշակ Կարապետյանը պատասխանում է, որ «բարձրացված հարցերը ՀՀ ՊՆ-ի իրավազորությունից ու լիազորություններից դուրս են»: Աննա Գրիգորյանը 2021-ի հոկտեմբերի 8-ին հարցում է էլի ուղարկում Արշակ Կարապետյանին, ՊՆ-ից պատասխանում են, որ նույնաբովանդակ գրություն է, ուղարկում են վարչապետի աշխատակազմ ու հորդորում հարցերի պատասխանը ստանալ այս անգամ վարչապետի աշխատակազմից:
Հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարությունն հարցուպատասխանի ժամանակ Գեղամ Մանուկյանը հարց է հնչեցնում՝ Կապանի զորքերի հետ քաշման մասին՝ Փելա սարո՞ւմ էին կանգնած, թե՞ դրանից առաջ, ինչի՞ հիման վրա է որոշում կայացվել հետ քաշել զորքերը, ՊՆ նախարարի կողմից ստորագրվե՞լ է որեւէ փաստաթուղթ, հուշագիր, հռչակագիր որեւէ այլ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Խնդրում են տրամադրել դրա պատճեն: Մեկ ամիս անց ՊՆ նախարարը պատասխանում է, թե ներկայացված հարցերը ՊՆ-ի լիազորություններից դուրս են, հարց է առաջանում՝ ո՞ւմ ուղղեն այս հարցերը՝ ԿԳՄՍՆ-ի՞ն, թե՞ առողջապահության նախարարությանը: Գեղամ Մանուկյանին հորդորում են գրավոր հարցում անել, կառավարությունը կհուշի, թե ում հասցեագրեն:
Նույն օրը Աննա Գրիգորյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ զորքերի հետ քաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ԱԱԽ նիստում քննարկվե՞լ է այդ հարցը, թե՞ոչ: Փաշինյանը այդ ժամանակ պատասխանեց. «Ես երբեւէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Գրավոր է եղել, թե բանավոր՝ իրենց ընթացակարգով է եղել: Քննարկում, այո, եղել է, ԱԱԽ նիստ չի եղել, բայց ԱԱԽ գործնականում բոլոր անդամները, ԱԳ նախարարը, որ ասում է, տեղյակ չեմ եղել, տեղակալը մասնակցել է այդ քննարկմանը, եւ որոշում է կայացվել: Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար: Իմ համոզմունքն այն է, որ եթե այդ որոշումը չկայացվեր, պատերազմական գործողություններ էին լինելու եւ Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Որոշումը կայացվել է այն տրամաբանությամբ, բանակցային տրամաբանությունը եղել է այնպիսին, որ 7 շրջանները պետք է հանձնվեն, այդ տարածքները հանձնվել են՝ 7 շրջանների մաս լինելու բերումով»:
Աննա Գրիգորյանը փաստեց, որ մինչեւ վերջերս կառավարությունից հստակ որեւէ ձեւակերպում չէին տալիս:
ԱԱԾ-ից պատասխանել են, որ վերոնշյալ ճանապարհահատվածում քաղաքացիների երթեւեկության կազմակերպումն ու անվտանգությունն իրականացվում են ՀՀ-ի եւ ՌԴ սահմանապահ ծառայությունների միջեւ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ վերջերս ԳՇ պետի (Արտակ Դավթյանի) ստորագրությամբ ստացել է պատասխան. «ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան: Իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակեմ, բայց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 20կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա: Ես պարտավորագիր եմ ստորագրել գաղտնիություն պարունակող փաստաթուղթ չհրապարակել»:
Դրանից հետո եւս մեկ հարցում է ուղարկել, այս անգամ՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարցնելով, թե 2020-ի դեկտեմբերի 18-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են «Քաղաքացիական տրանսպորտային միջոցների եւ բեռների ավտոճանապարհներով անվտանգ շարժ կազմակերպելու մասին» հուշագիր, որի առաջին կետի հիման վրա էլ ԳՇ-ն տվել է Սյունիքում ստորաբաժանումների եւ ԶՈՒ-ի հետ քաշման մասին մարտական հրաման, հորդորել է փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն տալ: Պապիկյանը շաբաթ օրը պատասխանել է. «2020-ի նոյեմբերի 9-ին մինչեւ այժմ եռակողմ ձեւաչափով բացի այն, ինչ հանրությանը հայտնի է՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի, այդ հայտարարությունից դուրս ստորագրված որեւէ փաստաթուղթ առկա չէ»: Նա հայտնել է, որ կա երկկողմ փաստաթուղթ, որը հրապարակման ենթակա չէ, գաղտնագրված է:
Մեր հարցին՝ Արտակ Դավթյանը գաղտնի փաստաթուղթը խախտումո՞վ է տվել ձեզ՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ Պապիկյանն էլ է առաջարկել գալ ՊՆ եւ ծանոթանալ այդ փաստաթղթին, բայց չի տրամադրել պատճեն:
Մանուկյանը՝ ամփոփելով ասաց, որ հասարակությունից մեկ տարի գաղտնի են պահել, թե ինչի հիման վրա են հետ քաշել զորքերը Սյունիքից, ու միայն այժմ է ԳՇ պետի գրությունից պարզ դառնում, որ եղել է գրավոր փաստաթուղթ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ