«Իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ վարկն ու հեղինակությունը» – հայտարարեց աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը դուրս գալով ընտրությունների «հանցավայր»-ից։ Եվ որպես ապացույց բերեց պրոֆեսորադասախոսական կազմից և աշխատակիցներից ինչ որ ներկայացուցիչների բանավոր կարծիք։
Հայ լրագրողների մոտ արված այս անիմաստ պնդումը այնպիսի ինքնավստահ տոնով արվեց, որ քիչ էր մնում ես էլ հավատայի։ «Ոչ ավել, ոչ պակաս․․․Ջա՜ն» – հիշեցի ժամանակակից հայկական երգարվեստի գլուխգործոցը «ռաբիս-պանք-ռոք» ժանրից, ինչը ավելի քան 41 մլն դիտում ունի արդեն։ Իջեք, հասել ենք։ Ժանրը չի փոխվում՝ տրագիկոմեդիա է հեղափոխության սազանդարների բաղաձայն «դամ»-ով։
Իրական հեղափոխություն երկրում չեղավ, եղավ միայն ռեակցիա գրեթե չեղած բանի վրա։ Այդ ռեակցիայի դրսևորումներից մեկն է համալսարանի ռեյդերական գրավումը։ Լավ տեղեկացված լինելով, որ Համալսարանը դա մտածելակերպ է, կյանքի ոճ՝ սուտ հեղափոխականները շտապեցին մեկուսացնել այս վտանգավոր «որջը»։ Սկսվել է «մտածելակերպի որս»։
Կարդացեք նաև
Կամայական գրագետ մարդ, նույնիսկ լավ արհեստավոր խանգարում է այս խեղկատակ հեղափոխականների տերերին։ Ես չգիտեմ, ովքեր են սրանց իրական տերերը, բայց պատահական չէր, որ «առաջնորդ կարգեցին» անգրագետ և անկիրթ մեկի, որն անձական վրեժ ուներ լուծելու համալսարանից։ Եվ տերերի համար էական չէր, թե ինչ մեթոդներով նա կպատժեր համալսարանին։ Կարևորը ժամանակակից քաղաքակրթության մեջ հատուկ դիրք գրավող այս երևույթը-համալսարանը, որը ներկայացնում է հատուկ modus vivendi (образ жизни) ապրելակերպ և վարքի կանոն, վերացնելն է որպես նոր գաղափարների և անհնազանդության պոտենցիալ աղբյուր։ Եվ դա կիրագործի պրովինցիալ աստվածաբանը, ում հավատացյալ լինելն անգամ կասկած է առաջացնում։
Հոգաբարձուների խորհրդի «ասֆալտ փռողների բրիգադ» հիշեցնող խումբը խրոխտ քայլերով անցավ ընտրությունների սենյակից մինչև ծառայողական շքեղ մեքենաները եղած հատվածը՝ չպատասխանելով տաղանդաշատ հայ լրագրողների մեկը մեկից անիմաստ հարցերին։ «Ճակատամարտը հաղթել ենք» – գրված էր բրիգադիրի դեմքին և բառերն ավելորդ էին։
Քանի որ վերջին հարցը, այն է՝ դուք ինքնասիրություն ունե՞ք, արդեն տվել եմ, այս ընտրության արդյունքները ամեն ինչ պարզեցրին։ 12 կողմ, 5 դեմ և 3 անվավեր թերթիկ։
Իսկ ինչ վերաբերում է «Մայր բուհ»-ի կոլեկտիվին, ապա կասեմ հետևյալը։ Կարելի է մնալ կադրերի բաժնի ցուցակում, բայց դա դատարկ ձևականություն է։ Կարելի է սովորել, դասավանդել, աշխատել համալսարանում, բայց չհանդիսանալ մասը universitas-կներեք վատ լատիներենիս համար։ Բարով վայելեք։ Չէ, ոչ թե նորանշանակ ռեկտորին, այլ այն աշխատավարձի տաս տոկոսի չափով պարգևավճարը, որ ընտրությունից մի քանի օր առաջ ստացաք։ Ամեն ինչ իր գինն ունի, և մի զարմացեք, որ հեռավոր գյուղերում 10 հազար դրամով ում ասես ընտրում են։ Ոչ ավել, ոչ պակաս․․․Ջա՜ն․․․
Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից