Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի նպատակն է՝ առանց պատերազմի մեծացնել ՀՀ-ում ազդեցությունը»

Դեկտեմբեր 20,2021 12:30

Հայաստանն ու Թուրքիան օրերս պաշտոնապես հայտարարեցին հայ-թուրքական երկխոսությանն ուղղված գործընթաց սկսելու եւ այդ նպատակով բանագնացներ նշանակելու պատրաստակամության մասին։ «Առավոտն» այս զարգացումների մասին խոսել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Իշխանությունը վարդագույն ակնոցով է նայում Թուրքիայի հետ հարաբերություններին եւ նրա «դրական ազդակներին», որոնք իրականում դրական չեն

-Պարոն Իսպիրյան, ձեր գնահատմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու այս գործընթացը ի՞նչ հիմքեր ու ռիսկեր ունի։ Արդյոք Թուրքիան իր քաղաքական օրակարգում հրաժարվե՞լ է հայտնի նախապայմաններից։

-Ստիպված եմ հետ գնալ դեպի 2008-09թթ.։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ փորձի ժամանակ Թուրքիան թեեւ գրավոր ու «դե ֆակտո» ընդունել էր, որ առանց նախապայմանների պետք է գործընթացը սկսվի, սակայն բանավոր առաջադրեց նախապայման՝ Ադրբեջանին հանձնել Արցախի գոնե մեկ ազատագրված շրջան։ Դա տեղի չունեցավ։ Այսինքն, սա շեշտում եմ, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո այդ մեկ նախապայմանն այլեւս լուծված է Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին։ Հիմքերից մեկը դա էր։ Երկրորդ, Թուրքիայի ցանկությունը եւ նպատակն է ՀՀ-ում առանց կռվի ու պատերազմի մեծացնել ազդեցությունը եւ ՀՀ-ին առավելագույնս հանել ռուսական ազդեցությունից։ Երրորդ, հիմքերից մեկը նաեւ այն է, որ Թուրքիան հասկանում է՝ Արեւմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից կա շահագրգռվածություն՝ հայ-թուրքական սահմանի հետ կապված։ Հայտնի է, որ Էրդողանը խնդիրներ ունի Արեւմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, եւ այս քայլով նաեւ փորձում է ինչ-որ չափով կարգավորել Արեւմուտքի, գլխավորապես՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ ցույց տալով, որ բացում է սահմանները։ Բնականաբար, Արեւմուտքին սա պետք է՝ տարածաշրջանն առավելագույնս Ռուսաստանի ազդեցությունից հանելու համար։ Իսկ ռիսկերը մեր համար, ցավոք, շատ են։ Նորից շեշտեմ՝ նախորդի դեպքում գործընթացը երկար տեւեց, մանրամասն ուսումնասիրություն կատարվեց ըստ ոլորտների, թեեւ շատ թերություններ կային։ Դեռ այն ժամանակ էի շեշտում, որ անկախ ստորագրումից՝ Թուրքիան չի գնա հայ-թուրքական սահմանի բացմանը։ Իսկ հիմա մենք, ցավոք, նախորդի համեմատ ավելի թույլ վիճակում ենք գտնվում, ավելի կոտրված ենք՝ թե մեր դիրքերով, թե բարոյահոգեբանական վիճակով, թե թուրքի հանդեպ հասարակության վերաբերմունքով։ Պատերազմից հետո այն բավականին փոխվել է, որովհետեւ թուրքն աջակցում էր Ադրբեջանին՝ մասնակցություն, մահաբեր զենքեր, ահաբեկիչների մատակարարում։ Այսինքն, ռիսկեր կան՝ սկսած անվտանգայինից եւ վերջացրած տնտեսական հարցերով։

-Ի դեպ, քաղաքական բանավեճերում մի բեւեռից անընդհատ հնչում է պնդում, որ «հեսա բոլորիս մորթելու են», իսկ մյուս քաղաքական բեւեռից ասում են, թե՝ «երեսուն տարի ասում եք մորթվելու ենք, բայց չենք մորթվել»… այս բանավեճը ձեր համար, որպես մասնագետի, որքանո՞վ է հիմնավոր։

-Երկու կողմերի մոտեցումներն էլ ծայրահեղացված են։ Հասկանալի է, որ դրանք քաղաքական հայտարարություններ են եւ ինչ-որ նպատակներ ունեն։ Բնականաբար, ծայրահեղացված է պնդումը, թե սահմանը բացելուց մեզ կոտորելու են։ Ոչ, ուղղակի սահմանը բացելուն պետք է պատրաստվել։ Առհասարակ, աշխարհում նորմալ չէ, երբ երկու հարեւաններ փակ սահմաններ ունեն։ Շատ դեպքեր կան, երբ պատերազմած պետություններն այսօր անգամ սահման չունեն։ Եվրոպայի որոշ երկրների դեպքում սահմանը «կավիճով գծված» է։ Այսինքն, նորմալ է, որ հարեւան երկրի հետ հարաբերություններ կան, բայց խնդիրը համապատասխան ձեւով հարեւանին դիմավորելն է, այսինքն՝ սահմանների բացմանը պատրաստ լինելը՝ տնտեսապես, քաղաքականությամբ, ազգային անվտանգության զգայուն կետերի հաշվի առնմամբ։ Իսկ այս պահին ես բավարար պարզաբանումներ չեմ տեսնում այս ամենի վերաբերյալ։

-Հայտնի է, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով բանագնաց է նշանակելու ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։ Սա պատահակա՞ն եք համարում։ Ի՞նչ առանցքային տեղեկություններ են հայտնի այս անձի մասին։

-Այս գործընթացը շատ լուրջ թեմա է, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե Թուրքիան ում է նշանակել բանագնաց։ Նա ԱՄՆ իշխանություններին, վերջինիս գործելաոճը շատ լավ է ճանաչում։ Կարեւոր է շեշտել, որ Թուրքիան ընտրել է մի մարդու, որը յոթ տարի ամերիկյան իշխանության հետ է շփվել։ Դա պատահական չէ։ Պատահական չէ նաեւ, որ նա Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարած թիվ մեկ ֆիգուրն է։ Նա նշանակվեց ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ, որպեսզի կարողանա կանխել ԱՄՆ նախագահների կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործելը, եւ հակազդի հայկական համայնքի՝ ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներին։ Այսինքն, Թուրքիան նշանակել է կոնկրետ մեկին, որը մասնագիտացած է ցեղասպանության փաստի հերքման գործում, շատ պատկառելի դիվանագիտական փորձ եւ հմտություններ ունի։ Սա պետք է առանձնահատուկ հաշվի առնենք։ Մենք համարժեք ո՞ւմ ենք նշանակելու։ Ովքե՞ր են լինելու այդ խմբում։ Մեկ անձով հնարավոր չէ։ Այո, սա քաղաքական հարց է, բայց մասնագետներն ամենակարեւորն են՝ ընթացքը ճիշտ տանելու համար։

-Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նաեւ ասաց՝ «եթե ՀՀ-ն տեղի ունեցածից դաս քաղի եւ խաղաղությունը նախընտրի, կարող ենք նաեւ դեսպանատուն բացել, բայց այդ որոշումը կրկին Ադրբեջանի հետ համատեղ ենք կայացնելու»… ո՞րն է ձեր հետեւությունն այս հայտարարությունից։

-Թուրքիան շարունակում է ունենալ լուրջ նախապայմաններ՝ ավելի վատը, քան նախկինում էին։ Եթե նախկինում ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ թեման ուղիղ էր, ապա հիմա ՀՀ-ն երկու երկրի հետ է փաստացի բանակցում։ Այսինքն, Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները պայմանավորում է երկրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ համատեղ քայլերով։ Սա բարդացնում է մեր գործը։ Ենթադրենք, որ հայ-թուրքական սահմանը բացված է։ Կարող է լինել իրավիճակ, երբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խնդիր ծագի ու Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրի իր վրա կրակելու մեջ (սովոր է դիմել սադրանքի եւ մեզ մեղադրել), եւ Թուրքիան հայտարարի, թե Հայաստանը սադրող է, կրակել է, ու մինչեւ պատասխանատվության չենթարկվի՝ ինքը սառեցնում է հարաբերությունները… սահմանը կփակեն, դեսպանին հետ կկանչեն… այսինքն, Թուրքիան առհասարակ վաղուց ցույց է տվել, որ հարեւանների ու դաշնակիցների հետ հարաբերություններում վստահելի գործընկեր չէ։ ՀՀ-ն կարող է գնալ անտեղի զիջումների, ինչ է թե՝ սահման բացվի, սակայն Ադրբեջանի սադրանքի հետեւանքով Թուրքիան կարող է ամեն ինչ չեղյալ անել։ Այդ դեպքում զիջումները ՀՀ-ի համար անդառնալի կորուստ կլինեն։ Այսպիսի նրբություններ կան, որոնք ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, բայց, չգիտես ինչու, վարդագույն ակնոցներով են նայում Թուրքիայի հետ հարաբերություններին եւ նրա «դրական ազդակներին», որոնք իրականում ընդհանրապես դրական չեն»։

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031