Օրերս ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց երկրի անցած 9 ամիսներին տնտեսական ու ֆինանսական վիճակի մասին հերթական վերլուծությունը: Ի՞նչ ասաց ՀՀ տնտեսության կայացման ու զարգացման համար պատասխանատու կառույցներից մեկի ղեկավարը: Այլեւայլ թվերի ու փաստերի կողքին նշեց, որ տարվա առաջին 9 ամիսներին բանկերում տեղադրված ավանդներն ավելացել են 4.4 տոկոսով, վարկավորումը նվազել է ամբողջ 8 տոկոսով:
Ֆինանսական ոլորտից ոչ լիարժեք պատկերացում ունեցող մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ավանդները քաղաքացիների ու ամենատարբեր ընկերությունների այն ազատ ֆինանսական միջոցներն են, որոնք ի պահ են տրվում բանկերին, որոշակի շահույթի դիմաց: ՀՀ-ի պարագայում դրանք մոտ 9 միլիարդ դոլարի սահմաններում են, որի նշված տոկոսաչափը 350 միլիոն դոլար է ստացվում, տարեվերջին մոտ 500 միլիոն դոլար: Ահա այսքան գումար կարող էր ներդրվել ՀՀ տնտեսությունում 2022 թվականին, եթե երկրի կառավարությունը գոնե մասամբ վստահություն ներշնչող որեւէ ծրագիր առաջարկեր, ասենք…
Որպես ՀՀ հպարտ քաղաքացի, որը նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, հիմնականում գյուղատնտեսության ոլորտի վիճակով մտահոգվում, հաճախ եմ հարց հնչեցնում, թե երբ ենք մեր մոտ 480 հազար հեկտար վարելահողերի 0.5 տոկոսի վրա ստեպղին կոչվող գազար աճեցնելու, որը պարբերաբար ներկրում ենք Իրանից, Եգիպտոսից ու Իսրայելից: Ոչ մի պատասխան, երբ հրեից երկիրն իր գրեթե չեղած հողերում յուրաքանչյուր տարի 350 հազար տոննա այս բանջարեղենից է արտադրում, որի 100 հազար տոննայից ավելին Ռուսաստանի Դաշնություն է արտահանում, որոշ մաս էլ՝ ՀՀ:
Եթե ՌԴ արտահանվողի անգամ կեսը կարողանանք փակել, այն կլորիկ մի գումար կկազմի 30-40 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
Լավ. մի պահ հաշտվենք այն մտքի հետ, որ ստեպղին աճեցնելը բարդ գործ է, հայաստանյան գյուղատնտեսական միտքն իր ազգային ագրարային համալսարանով, այլեւայլ գյուղատնտեսական կառույցներով ի զորու չէ լուծել նման աստիճանի խնդիր: Փոխարենը խաղող աճեցնելը մեզանում խաղ ու պարի պես մի բան է, միջին տարեկան բերքը 200 հազար տոննա է կազմում, կիլոգրամով` 200 միլիոն կիլոգրամ: Այսքան բերքի պայմաններում միլիոնավոր դոլարներ կազմող չամիչ ենք ներկրում, չխոսելով խաղողի կորիզից այլոց ստացած բուսայուղի մասին, որը նույնպես ներկրում ենք, մոռանալով նաեւ խաղողի հյութը հիշատակելը: Այսօրինակ հարցերը թողած ՀՀ կառավարության հեռարձակվող նիստերը դիտելիս մեր մարդիկ բյուջեից վերաբաշխումների ականատեսներ են դառնում, բռունցքվելու ու միակամ դառնալու կոչերի ունկնդիրներ են հռչակվում: Պատմությունն ավաղ ցանկալին իրականություն ու իրողություն ներկայացնելու տրամադրությունները չի հաստատում:
ՀՀ համեստից էլ պակաս համախառն ներքին արդյունքով ու աղքատիկ բյուջեով տնտեսական որեւէ խնդիր լուծելը գրեթե անիրատեսական է: Դրանցով ոչ գերժամանակակից չէ անգամ ժամանակակից լաբորատորիաներ կարելի է հիմնել, ոչ փորձադաշտեր ստեղծել, որտեղ պարտավոր ենք մեր հավերժի համար անհրաժեշտ անվտանգային երաշխիքներն ապահովել: Երբ մի առիթով հրեից բանակի ղեկավարին հարցրել են, թե ունե՞ն արդյոք այդ ատոմային ռումբ կոչվածը, պատասխանը հետեւյալն է եղել. չունենք, բայց երբ պետք լինի` կօգտագործենք: Նախաամանորյա այս օրերին շատերիս ցանկությունն է. օգնել մեր պատասխանատուներին այդ ոճով խոսել մեր լավը չուզողների հետ: Ընդամենը:
Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2021