Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է» եզրույթը քննիչին, դատախազին, դատարանին վերապահում է քրեական վարույթը կասեցնելու հայեցողական լիազորություն

Դեկտեմբեր 20,2021 11:30

Քրեական գործերով դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ վարույթը կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Մենք հաճախ ենք ականատես լինում նման վարույթների «տեղափոխմանը» Սահմանադրական դատարան, գործը կասեցվելուց հետո: Նմանօրինակ գործերի վարույթը կասեցնելու` դատավարության մասնակիցների միջնորդությունները բավարարվում կամ մերժվում են դատարանի որոշմամբ, որը կայացման պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերադաս դատարան: Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո:

Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 7-ին հրապարակել է գրավոր ընթացակարգով ավարտված մի գործ: Այս գործն այնքանով էր հետաքրքիր, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա էր` ներկայացուցիչ՝ սահմանագրագետ Ա. Վարդեւանյան, եւ առնչվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին: Գործով պատասխանողը ԱԺ աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանն էր: Հանրության համար ՍԴ որոշումը կարեւոր էր այնքանով, որ առնչվում էր պատգամավորության թեկնածուի, ապա պատգամավոր ընտրվածի անձեռնմխելիությանը: Բացի այդ, ՍԴ երեք դատավորներ՝ Ա. Պետրոսյանը, Հ. Թովմասյանը, Ա. Վաղարշյանը ունեցել են հատուկ կարծիք, որը դեռ չի հրապարակվել: Գործին լրատվամիջոցներն անդրադարձան միայն որոշման եզրափակիչ մասը ներկայացնելով, մինչդեռ խոսք է գնացել որոշ նրբությունների մասին, որոնց կուզենք անդրադառնալ:

Քրեական դատավարության օրենսգրքի «Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը» վերտառությամբ սահմանադրականությունը վիճարկվող 31-րդ հոդվածը սահմանում է. 1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե`1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ. 2) մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ. 3) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից. 4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է. 5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին. 6) մեղադրյալի հետ կնքվել է մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Դիմող կողմն անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորմանը, արձանագրել էր, որ նշված դրույթում օգտագործվում է «կարող է» եզրույթը, որով քննիչին, դատախազին, դատարանին վերապահվում է քրեական վարույթը կասեցնելու հայեցողական լիազորություն անգամ անձի՝ մեղադրյալի, որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի անձեռնմխելիությամբ օժտված լինելու պայմաններում, ինչը հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածին: Դիմողի դիտարկմամբ՝ այդ դրույթի «..սահմանադրաիրավական բովանդակությունը պետք է բացառապես պահանջի եւ ենթադրի ոչ թե հայեցողություն, այլ պարտադիր կատարման ենթակա լիազորություն մինչդատական վարույթում՝ քննիչի, դատախազի, իսկ դատական վարույթում դատարանի՝ այն է քրեական գործի կասեցում»: Մեկ այլ նկատառում եւս: Ըստ դիմողի՝ դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում տեղ գտած ձեւակերպումը «..պարտավորություն է նախատեսում անձին անձեռնմխելիության զրկման հարցով գործողություններ ձեռնարկելու…», նույնպես հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածին, քանի որ դատարանն իր վարույթում գտնվող գործով անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելու լիազորությամբ օժտված չէ եւ նույնիսկ նման լիազորություն ունենալու պարագայում, եթե դատարանը նշված հարցով դիմեր ԱԺ, ապա կվերածվեր քրեական հետապնդման մարմնի. «Դատարանի վարույթում գտնվող գործով հիշյալ հարցով ԱԺ համաձայնությունն ստանալու գործիքակազմ առկա չէ, դատախազությունը նույնպես ,… չի կարող նման գործողություն կատարել, քանի որ գործը չի գտնվում իր վարույթում եւ սահմանափակված է կողմերի հավասար մրցակցության սկզբունքով»:
Պատասխանող կողմ Ազգային ժողովի արձանագրմամբ՝ պատգամավորի եւ պատգամավորի թեկնածուի անձնական անձեռնմխելիության ծավալները նույնն են

Անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Սահմանադրության 96-րդ հոդվածի ենթադրյալ հակասության հարցին՝ պատասխանողը նշել է, որ վիճարկվող դրույթը չի կարող դիտարկվել պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի հետ հակասության համատեքստում՝ նկատի ունենալով, որ վարույթն իրականացնող մարմնի հայեցությունը վերաբերում է գործի վարույթը կասեցնելուն, այլ ոչ թե պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցով ԱԺ դիմելուն: Պատասխանողի պնդմամբ. «թեեւ դիմողը եզրահանգել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 295-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգում անձին անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազի կողմից չի կարող լուծվել, այնուամենայնիվ, դիմողը չի հիմնավորել, թե դատախազի կողմից այդ հարցը լուծելու դեպքում ինչպես է սահմանափակվում կողմերի մրցակցության սկզբունքը»:
Այս գործով «երրորդ աչքը»՝ Սահմանադրական դատարանը հղում էր կատարել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Kart v. Turkey» գործով 2009 թվականի դեկտեմբերի 3-ի վճռին: ՍԴ-ի գնահատմամբ. «Խորհրդարանի գործունեությունն անհարկի «արտաքին» միջամտությունից պատշաճ ապահովման ցանկացած անկարողություն վտանգ է ներկայացնում ժողովրդավարական սահմանադրական համակարգի համար: Եվ հակառակը, պատգամավորական մանդատի չարաշահումներից քաղաքացիների իրավունքների, ինչպես նաեւ խորհրդարանի՝ իբրեւ ինստիտուտի պաշտպանության ապահովման անկարողությունը խորհրդարանի հանդեպ վստահության խաթարման վտանգ է ներկայացնում եւ վտանգի տակ դնում նրա լեգիտիմությունը»:

Սահմանադրական դատարանն անդրադառնալով անձի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման եւ հետագայում այդ անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջեւ ընկած ժամանակային խզմանը՝ չէր բացառել. «Քանի որ նույնիսկ նման իրավիճակում չի բացառվում, որ տեղ գտնի անձի իրավունքների այնպիսի սահմանափակում (օրինակ՝ անձը կալանավորվի), որով փաստացի բացառվի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի խորհրդարանական գործունեության հնարավորությունն ընդհանրապես՝ որպես հետեւանք հանգեցնելով ԱԺ աշխատանքի խաթարմանը, վտանգելով ԱԺ անկախությունն ընդհանրապես»: Հետեւաբար, անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ համաձայնությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031