Արհեստական բանականության շնորհիվ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առավել մատչելի է դարձնում տեղեկատվության ազատության եւ փաստերի ստուգման մասին տեղեկատվությունը։
Այս ոլորտներին առնչվող հիմնական հարցերի պատասխաններն ստանալու համար զրուցեք ԻԱԿ-ի պաշտոնական կայքում գործող «Բանալի» չաթբոթի հետ։ Այցելիր www.foi.am կայք, մկնիկի մեկ հպումով ակտիվացրու էջի աջ անկյունում տեղադրված կանաչ պատկերն ու սկսեք ձեր զրույցը «Բանալու» հետ։
ԻԱԿ-ը հավաքագրել է տեղակատվության ազատությանն ու փաստերի ստուգմանն առնչվող հաճախ տրվող հարցերն ու մշակել դրանց ամփոփ պատասխանները։ «Բանալի»-ն կպատասխանի «Ի՞նչ է տեղեկատվության ազատությունը», «Ինչպե՞ս պետք է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում», «Ե՞րբ եւ ի՞նչ պատճառներով կարող է մերժվել տեղեկություն ստանալու հարցումը», «Ինչպե՞ս ստուգել լուսանկարների իսկությունը», «Ինչպե՞ս տեղորոշել տեսանյութերը», «Ինչպե՞ս իրականացնել խորացված որոնում որոնողական համակարգերում» եւ ոլորտին առնչվող այլ հարցերի։ Չաթբոտն արձագանքում է արագ, ամփոփ ու հակիրճ պատասխաններով, ինչպես նաեւ առաջարկում ծավալուն հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ տեսանյութերի վստահելի աղբյուրներ։
Չաթբոթը ստեղծվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կոալիցիայի «Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ Չաթբոթն աշխարհում լայն տարածում ունեցող համակարգչային ծրագրի տեսակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել հաղորդակցություն տեքստային կամ ձայնագրված նամակների միջոցով։ Սովորաբար, հաճախորդների եւ շահառուների հետ շփման համար օգտագործվող այս գործիքը հրաշալի միջոց է կոնկրետ ոլորտին առնչվող հիմնական հարցերի եւ դրանց պատասխանների մոդելավորման համար, երբ օգտատերը համակարգչի հետ երկխոսության միջոցով ստանում է իր հարցերի պատասխանները։
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
18.12.2021