Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու հյուրախաղորդ տենորներից մեկը կղեկավարի երեւանյան «Տոսկան»

Դեկտեմբեր 20,2021 10:30

«Առավոտի» դիտարկմամբ՝ հասկանալի պատճառով մշտապես հետաքրքրություն է առաջանում, երբ հյուրախաղորդ արվեստագետի անուն է հայտնվում հայտագրում։ Բացառություն չէ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացումը։ Այս դեպքում մեղմ է ասել հետաքրքրություն։ Պատճառն այն է, որ ներկայացումը ղեկավարելու է ռուսաստանաբնակ մեր հայրենակից Միհրան Աղաջանյանը, որը 2018թ. Երեւանում այս օպերայում հանդես է եկել Կավարադոսիի դերերգով։

Ընդ որում, նա երկրորդ անգամ է հայրենիքում։ Իսկ հիշյալ դերերգով առաջին անգամ հանդես կգա տենոր, Մոսկվայի «Գելիկոն-օպերայի» մեներգիչ Իգոր Մորոզովը։ 30 տարին բոլորած երկու երաժիշտներն էլ հիանալի կարիերա են անում։ Երկուսն էլ երաժշտության այբուբենին ծանոթացել են 7-8 տարեկանից հաճախելով երգչախումբ. մեր հայրենակիցը իր ծննդավայրում՝ Ռոստովում, պետական երաժշտական թատրոնի տղաների երգչախումբ, մյուսը՝ Ռյազանի Սվեշնիկովի անվան երգչախմբային ուսումնարանում։ Ի դեպ, փոքր տարիքից երգչախումբ հաճախելը հետագայում անգնահատելի դրական ազդեցություն է թողնում ցանկացած երաժշտի վրա։ Ի դեպ, կային ժամանակներ, երբ Հայաստանը հարուստ էր իր երգչախմբային արվեստով, թեկուզեւ գոյություն ունեցող երգչախմբերի թվով… Բայց, ինչպես ասում են՝ սա ուրիշ օպերա է։

Հայրենիք առաջին այցի ժամանակ Միհրան Աղաջանյանին ներկայացնելիս նշել էինք, որ երիտասարդ տենորը ռուսաստանյան ու արեւմտյան թատրոններում հասցրել է հանդես գալ համաշխարհային օպերային գրականության շուրջ 30 դերերգով եւ ընդամենը մեկ նախադասությամբ հայտնել էինք, որ նա կարիերա է անում նաեւ որպես դիրիժոր։ Նկատենք, որ այդ տարիքի երգչի համար դա բարձր ցուցանիշ է։ Հիշեցնենք, որ նրա առաջին բեմելը կայացել է 2012թ., Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում՝ Բիզեի «Կարմեն» օպերայում։ Թվարկենք երգչի խաղացանկից մի քանի օպերաներ եւս. Մոցարտ՝ «Դոն Ժուան», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Կախարդական սրինգ», Բելինի՝ «Նորմա», Վերդի՝ «Ռիգոլետո», «Դոն Կառլոս», «Նաբուկո», «Սիմոն Բոկանեգրա», Պուչինի՝ «Տոսկա», «Բոհեմ», «Մանոն Լեսկո», «Մադամ Բաթերֆլայ», Լեոնկավալո՝ «Պայացներ», Մասկանի՝ «Գեղջկական պատիվ» եւ այլն։ Էլ չնշենք նրա հաղթանակները վոկալիստների միջազգային մրցույթներում, որպես տենոր ակտիվ մասնակցությունը Ռուսաստանի եւ Եվրոպայի հեղինակավոր թատրոններում։

Մեր թատրոնում «Տոսկայի» գլխավոր փորձից հետո զրույցի հրավիրեցինք երաժիշտներին։ Միհրան Աղաջանյանը ժպտալով ասաց, որ ինքը, կարելի է ասել՝ ավելի շուտ է սկսել դիրիժորի կարիերան, քան երգչի, մասնակցել է նաեւ դիրիժորների միջազգային մրցույթների։ 2012թ. հիմնել եւ մինչ օրս ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ «Համերգաշրջանի ընթացքում նվագախմբի հետ ունենում եմ 50-60 ելույթներ ոչ միայն Պետերբուրգում, այլեւ Ռուսաստանի ու Եվրոպայի այլ քաղաքներում։ Վերջին արտասահմանյան հյուրախաղը համավարակից առաջ էր, Գերմանիայում՝ Բեռլինի հեղինակավոր «Կոնցերտ հաուս»-ում»,- հայտնեց Աղաջանյանը։ Հիշեցնելով, որ իրեն ժամանակին որպես սկսնակ օպերային երգչի աջակցել է Պլասիդո Դոմինգոն՝ հրավիրելով ուսանելու իր ղեկավարած «Լոս Անջելես օպերա»-ի Երիտասարդական ծրագրում, որն ավարտելուց հետո սկսել է երգչի հաղթարշավը Քովեն-Գարդեն, Մետրոպոլիտեն եւ այլ հռչակավոր թատրոններում, հետաքրքրվեցինք՝ գուցե դիրիժորական արվեստում էլ նման հնարավորություն է ընձեռել աշխարհահռչակ որեւէ արվեստագետ։

Մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս դեպքում շնորհակալ եմ իմ պրոֆեսորին: Ուսանել եմ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում, Վլադիմիր Ալտշուլերի ղեկավարությամբ, հետո արդեն մասնակցել վարպետության դասերի Կոլլին Մետտերսի եւ Ալեքսանդր Պոլյանիչկիի մոտ»։ Խնդրեցինք թվարկել իր ղեկավարած ստեղծագործություններից մի քանիսը։ Պարզվեց՝ դիրիժորը ղեկավարել է Չայկովսկու, Բրամսի, Շումանի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆեւի բոլոր սիմֆոնիաները։ Սա դեռ ամբողջը չէ… Հարցին, թե այսօր Միհրան Աղաջանյանը մեծ հաշվով որպես օպերային երգի՞չ, թե՞ դիրիժոր է հաճախ հանդես գալիս, երաժիշտը պատասխանեց. «Աշխատում եմ զուգահեռել…»։ Ռեպլիկին՝ ստացվո՞ւմ է, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Մեծ հաշվով՝ այո»։

Իգոր Մորոզովի հետ զրույցում պարզեցինք, որ 2008թ. Սվեշնիկովի անվան երգչախմբային ուսումնարանի երգչախմբով հանդես է եկել Երեւանում եւ Դիլիջանում։ Իսկ մինչ այդ ուսումնարանի սանը Տղայի սոլո պարտիայով հանդես է եկել Կրեմլի պալատում՝ Շորի «Մատանիների տիրակալը» սիմֆոնիկ ստեղծագործության մեջ։ «Մանկուց շատ էի տարված երգչախմբային արվեստով։ Սվեշնիկովի անվան ուսումնարանն ավարտելուց հետո ուսումս շարունակեցի Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայում։ Վստահ եմ գիտեք, թե երգչախմբում երգելը ինչ է տալիս ընդհանրապես երաժշտին։ Կարճ ասած՝ երկու բարձրագույն կրթություն եմ ստացել, առաջինը որպես խորմայստեր, երկրորդը՝ վոկալի»,- ասաց երգիչը։ Ծանոթանալով նրա ստեղծագործական ուղուն, կարելի է ասել, որ Միհրան Աղաջանյանի նման, Իգոր Մորոզովի զբաղվածությունն էլ մեծ է օպերային ներկայացումներում։ Այս առիթով երգիչն ասաց, թե ինքը գոհ է իր կարիերայից, հետո էլ մանրամասնեց. «Հանդես եմ եկել ոչ միայն ռուսաստանյան թատրոններում, այլեւ Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Բրազիլիայի, Չիլիի… բոլորը չթվարկեմ, հիմա էլ Հայաստանի օպերային թատրոնում։ Առաջին դերերգը Լենսկին էր՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում»։

Ընդ որում, համագործակցել եմ անվանի շատ դիրիժորների հետ, օրինակ՝ Մազուրի, Սպիվակովի, Պլետնյովի, Սվետլանովի, Գերգիեւի, Վեդերնիկովի եւ այլն։ Բացի դերերգերից, հանդես եմ եկել նաեւ վոկալ-սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործություններում եւս։ Հայ դիրիժորի հետ, իմ լավ բարեկամի՝ Աղաջանյան Միհրանի հետ առաջին անգամ եմ հանդես գալու եւ շնորհակալ եմ, որ նա պատճառ դարձավ Հայաստան այցիս»։

Հավելեց նաեւ, թե տարիներ առաջ, իր որակմամբ՝ անմոռաց բեմել է ունեցել Բարսելոնի թատրոնում, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի ընկերակցությամբ՝ Ռուբինշտեյնի «Դեմոն» օպերայի համերգային կատարմանը։ Ռուսաստանյան թատրոններում, եւ ոչ միայն, Կավարադոսիի դերերգով հանդես եկած մեր զրուցակցից ցանկացանք իմանալ իր կարծիքը երեւանյան «Տոսկայի» բեմադրության մասին (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան)։ «Ասեմ, որ ինձ հոգեհարազատ է հանդես գալ դասական ռեժիսուրայով ներկայացումներում, թեեւ վաղուց աշխարհում տենդենց կա ավելի շատ ժամանակակից ռեժիսուրայով բեմադրությունների։ Ձեր «Տոսկան» դասական ռեժիսուրայով արված ներկայացման տիպիկ օրինակ է։ Հիացած եմ ձեր ձայներով ու զարմացած, որ բոլոր մեներգիչները հայազգի են։ Լսել էի, բայց չհասցրի ծանոթանալ ձեր ճանաչված տենորներից Գեղամ Գրիգորյանի հետ, ինչի համար շատ ափսոսում եմ»,- ասաց Իգոր Մորոզովը։ Ճի՞շտ է, որ ձեզ ձգում է կինոարվեստը, նկարահանվում եք ֆիլմերում՝ հարցին մեր զրուցակիցը հաստատելով, ասաց. «Նման բան կա։ Մեկ-երկու ֆիլմում նկարահանվել եմ, կուզեի առանձնացնել Աննա Մատիսոնի «Թշվառները» կատակերգական ֆիլմը, որտեղ իմ խաղընկերն էր հանրահայտ Սերգեյ Բեզռուկովը»։

Հետաքրքրությանը՝ այցելելով իր կայք, հաճելիորեն զարմացանք, որ մանրամասն ներկայացված է ոչ միայն նրա գործունեությունը, այլեւ դրանից դուրս յուրաքանչյուր քայլ, դիպված եւ այլն, Իգոր Մորոզովը ժպտալով հայտնեց, որ դա ոչ թե իր, ռուսաստանյան կամ արտերկրյա գործակալությունների, այլ իր երկրպագուհու աշխատանքի արդյունք է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Իգոր Մորոզովը և Միհրան Աղաջանյանը

«Առավոտ» օրաթերթ
18.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031