Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Այս իշխանությունների հետ մենք չենք կարող ունենալ հաջողություններ»

Դեկտեմբեր 19,2021 23:35

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ կայացած ՏԻՄ ընտրություններում Դաշնակցության եւ նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների եւ աջակիցների հետ հանդիպմանը ներկա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իրեն ուղղված հարցին՝ չնայած նոյեմբերին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքում հայտարարվեց, թե հիմք է դրվում փողոցային նոր պայքարի, սակայն առայսօր գործնական քայլ չկա, պատասխանեց. «Վերջին հանրահավաքի ժամանակ մենք հայտարարեցինք, որ ոչ թե փողոցային նոր պայքարի սկիզբ է դրվում, այլ դրվում է դիմադրության ձեւավորման սկիզբ, որը իր մեջ պետք է պարունակի համադրված գործունեություն Ազգային ժողովում, հանրության մեջ եւ նաեւ մեր բոլոր այն համակիրների հետ, որոնք մեզ ձայն են տվել, որոնք դժգոհություն են արտահայտում այս իշխանությունից: Դիմադրություն նրա համար, որպեսզի Հայաստանը եւ Արցախը չգահավիժեն, դիմադրություն մեր հայտարարած «Ո՛չ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը» կարգախոսի ներքո: Եվ դաշինքը, եւ դաշինքի մեջ գտնվող քաղաքական ուժերը ամբողջ գործիքակազմը օգտագործելու են այդ ամենը իրականացնելու համար, գեներացնելու այն գաղափարը, որ այս իշխանությունների հետ մենք չենք կարող ունենալ հաջողություններ:

Մեզ պետք են նոր, ավելի ուժեղ, ավելի թարմ ուժեր, որոնք կարող են մեր տեսակետն արտահայտել միջազգային հանրության մեջ, կարող են արագ տեմպերով մեր ժողովրդին համախմբել եւ մեր անվտանգությունը ապահովել: Որ կարող են, ըստ էության, ձեւավորել մեր անվտանգության համակարգի համար անչափ կարեւոր միջազգային երաշխիքներ, իրականացնել արտաքին լայն ներգրավվածություն ունեցող եւ նաեւ խելացի բանակցային ներուժ օգտագործող գործունեություն: Եվ նաեւ ազգային երաշխիքներ, որ արտահայտվում են ժողովրդի համախմբմամբ, անվտանգային համակարգի, մանավանդ, բանակի արագ տեմպերով վերականգնմամբ, մեր սահմանային իրադրության կարգավորմամբ»:

Գեներալը նաեւ համաձայնեց, որ որոշ բաներում ուշանում են, որոշ բաներ  ուշացած են: «Բայց այդ դիմադրության ձեւավորման համար պետք է օգտագործել ոչ միայն ընդդիմադիրի, առանձին անհատների ուժը: Այստեղ գործ ունի անելու յուրաքանչյուր բանիմաց, գիտակցող քաղաքացի, որը պետք է ոչ ասի բոլոր այն բացասական երեւույթներին, որոնք Հայաստանը տանում են դիպի ինքնիշխանության անկում, Արցախը՝ շատ դժվար իրավիճակ: Այստեղ գաղափարական եւ գործնական գեներացում է պետք, որոնց համադրմամբ է հնարավոր այդ ուժը ձեւավորել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031