Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Հայաստանը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որեւէ փաստաթուղթ»

Դեկտեմբեր 19,2021 22:02

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ եւ նրա  կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների եւ աջակիցներ հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  ներքաղաքական մարտահրավերներին, առաջիկա անելիքներին եւ դիմադրության շարժմանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքները կարեւորեց Հայաստանի ներքաղաքական կյանքի իրավիճակի ամբողջական գնահատման համատեքստում:

«Հստակ կարելի է արձանագրել, որ սուտ խոստումներով, կեղծ կարգախոսներով վերարտադրված իշխանությունը այլեւս չունի ժողովրդական լայն զանգվածների աջակցություն: Չնայած պետական եւ վարչական լծակների կիրառմանը, բազմաթիվ ապօրինություններին, իշխանությունները չկարողացան գրանցել իրենց համար ցանկալի արդյունքներ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ վերահաստատելով նախորդ բանախոսների պնդումները, թե հետընտրական շրջանում գործի են դրվել կամակատար դարձած իրավապահ համակարգը՝ փորձ է արվում  նենգափոխել ժողովրդի կամարտահայտությունը, ինչն ապացուցում է, որ իրենց միակ գերխնդիրը իշխանության պահպանումն է, որ իրենք ոչ մի կապ չունեն ժողովրդավարության, ժողովրդի՝ ընտրվելու եւ ընտրելու իրավունքի, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ:

«ՏԻՄ ընտրությունների հետընտրական գործողություններով իշխանության ղեկին հայտնված խմբակը ըստ էության հայտարարում է, որ անկախ ընտրությունների արդյունքներից, իրենք պատրաստ չեն իշխանություն զիջելու, եւ իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած ստորության: Այս պարագայում, այս պայմաններում պետականության ազատ անկման ընթացքը կասեցնելու միակ տարբերակը մնում է պետություն ունենալ ցանկացողների նպատակաուղղված, կազմակերպված ներկայությունը փողոցում, որը պետք է վերածվի արժանապատվության վերականգնման համազգային ալիքի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը՝ հերթական անգամ ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, դուրս եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից:

Բանախոսը վերահաստատեց, որ ընդդիմության, մասնավորապես, դաշնակցության հակադրությունը այս իշխանության հետ անձնական եւ անհատական չէ, չնայած դրա պատճառը եւս ունեն: Իրենց հակադրությունը շատ ավելի խորքային եւ գաղափարական է, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ներկային եւ ապագային վերաբերվող տեսլականն է: «Սա պայքար է երկու տեսակների՝ մարդկանց, որ ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, եւ մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան: Մենք դեմ չենք խաղաղությանը: Բայց եթե այդ խաղաղությունը լինելու է հայ ժողովրդի հայրենազրկման գնով, մեզ նման խաղաղություն պետք չէ: Դա խաղաղության կարգախոսի տակ նոր ցեղասպանություն է: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով չի կարող ստորագրել քաղաքական կամ ռազմական բնույթի որեւէ  փաստաթուղթ: Այսպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է: Սա թող իմանան բոլորը: Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից՝ Հայաստանը նոր զիջումների տանելու»,- հայտարարեց պարոն Սաղաթելյանը եւ մատնացույց արեց, թե իրավիճակից դուրս գալու համար ինչ պետք է անի հայ ժողովուրդը: «Ելքը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում համազգային դիմադրության ձեւավորումն է»,- ասաց դաշնակցության ներկայացուցիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031