Լրահոս
Օրվա լրահոսը

Հարբուխն ու գրիպը ամենևին էլ ինչ-որ մի տեղ չեն թաքնվել․ իմունիտետի մասին պետք է հոգալ ամեն օր

Դեկտեմբեր 19,2021 23:00

Հարբուխը, գրիպն ու «գրիպանման» ախտանշաններն ամենևին էլ ինչ-որ մի տեղ չեն թաքնվել՝ գաղտագողի սպասելով նոր կորոնավիրուսային վարակի ավարտին․ դրանք նույնպես, հատկապես այս սեզոնին, նոր կորոնավիրուսի հետ ձեռք ձեռքի տված շարունակում են գրոհել ոչ միայն մեր իմունային համակարգը, այլև նյարդերը, հոգեվիճակն ու, իհարկե, քսակը։

Ավելին, դեռ հոկտեմբեր ամսին գիտնականները սկսեցին կիսվել իրենց մտահոգություններով՝ հնչեցնելով «տվինդեմիա» եզրույթը․

«Մենք կանգնած ենք միաժամանակ 2 շնչառական վարակների համավարակի վտանգի առջև»,- զգուշացրել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Դանիել Սոլոմոնը։

«Ես կարծում եմ, որ այս ձմեռ սպասվում է գրիպով և ստորին շնչառական ուղիները ախտահարող HRSV վիրուսով հիվանդացության նշանակալի աճ, այսինքն մեզ մոտ կվերադառնան վիրուսները, որոնք անցած ձմեռ, սահմանափակումներով պայմանավորված, ճնշվել էին»,- ասել է Բրիստոլի համալսարանի բջջային և մոլեկուլյար բժշկության դպրոցի պրոֆեսոր Դեվիդ Մեթյուսը։

Պրոֆեսոր Մեթյուսը հիշեցնում է՝ ամեն տարի սեզոնային այդ անվնաս վիրուսից մահանում է մոտ 650 000 մարդ։ Ռիսկի խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեց մարդիկ, թույլ իմունիտետ ունեցող երեխաները։

Հարբուխի ու գրիպի առաջացման պատճառները

Շատերը կարծում են, որ հարբուխի ու գրիպի հարուցիչները բակտերիաներն են, բայց այդպես չէ։ Այդ հիվանդութունները վիրուսային բնույթի են, իսկ վիրուսները շատ ավելի մանր են, քան բակտերիաները և բոլորովին այլ կառուցվածք ունեն, ուստի դրանց՝ հակաբիոտիկներով բուժումը ոչ միայն նպատակահարմար ու արդյունավետ չէ, այլև խիստ վտանգավոր է։ Սակայն երբեմն հակաբիոտիկներն անհրաժեշտ են, երբ միանում է նաև բակտերիալ վարակը։

Նաև կարևոր է իմանալ, որ թեև վիրուսն է առաջացնում հարբուխի կամ գրիպի ախտանշանները, սակայն հիվանդության բարդացման պատճառներն ավելի խորն են՝ կապված իմունային համակարգի խանգարումների հետ։

Ինչպես նշում է ամերիկյան բժիշկ-սննդաբան Ջոզեֆ Մարկոլան, գրիպով կամ հարբուխով հաճախակի հիվանդանալը կարող է վկայել վիտամին D-ի անբավարարության մասին։ Այդ վիտամինի ցածր մակարդակն օրգանիզմում վատթարացնում է իմունային համակարգի աշխատանքը՝ մարդուն դարձնելով ավելի ընկալունակ շնչառական վարակների նկատմամբ։

Իմունային համակարգը թուլացնող գործոնները բազմաթիվ են, սակայն առավել տարածված են հետևյալները․

  • Վիտամին D-ի անբավարարությունը, ինչպես նշվեց վերևում,
  • Անքնությունը,
  • Սթրեսը,
  • Շաքարի ու հատիկավորների չարաշահումը,
  • Նստակյաց կյանքը և այլն։

Վիտամին D-ն զարմանալի արդյունավետություն ցուցաբերող հակամանրէային ագենտ է, որն օրգանիզմում 200-300 տեսակի հակամանրէային պեպտիդներ է առաջացնում, որոնք սպանում են բակտերիաները, վիրուսներն ու սնկերը։

Վիտամին D-ի լավագույն աղբյուրն արևն է, սակայն ձմռան ամիսներին արևի ազդեցությունը գնալով թուլանում է՝ անհնարին դարձնելով այդ վիտամինի՝ ամենաարդյունավետ եղանակով ստանալու տարբերակը։ Հետաքրքիր է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 2000 МЕ վիտամին D-ն օգնում է խուսափել սեզոնային գրիպից։

Երբ զգում եք, որ ձեզ մոտ ի հայտ են գալիս հարբուխի ախտանշաններ, փորձեք խոսափել քաղցրեղենից, գազավորված քաղցր ըմպելիքներից ու վերամշակված մթերքներից։ Շաքարը իմունային համակարգի լավագույն բարեկամը չէ, հատկապես այն շրջանում, երբ վերջինս շատ գործ ունի անելու։

Գրիպի կամ հարբուխի դեմ պայքարելու շրջանը սննդակարգում շտկումներ անելու լավագույն ժամանակն է։

Աշխատեք հիշել այս մթերքների մասին նաև այն ժամանակ, երբ ապաքինվել եք և հայտնվել կյանքի սովորական շրջապտույտում․

  • Թարմ բնական կաթ կամ շիճուկից ստացված թարմ կաթնամթերք,
  • Թարմ տնական ձու,
  • Կոկոսի յուղ,
  • Այնպիսի համեմունքներ, ինչպիսիք են քրքումը, օրեգանոն, դարչինը, մեխակը,
  • Ֆերմենտացված մթերքներ, թթուներ,
  • Տավարի միս,
  • Տեղական մրգեր ու բանջարեղեն,
  • Սխտոր, որն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային զգալի ազդեցություն։
  • Եվ իհարկե՝ մաքուր ջուր։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք դուք քնում. եթե դուք բավական ժամանակ չեք հատկացնում քնին, որի ընթացքում վերականգնվելու հնարավորություն կստանաք, ապա հայտնվում եք ռիսկի խմբում և մեծանում է հավանականությունը, որ ինչ-որ մի վիրուս կկարողանա մի շարք պատնեշներ հաղթահարելով՝ ձեզ բավականին տհաճություն պատճառել։

Չարժե թերագնահատել ֆիզիկական վարժությունների դերը հիվանդությունների դեմ պայքարելու գործում։ Ապացույցներ կան, որ կանոնավոր, չափավոր ֆիզիկական վարժությունները նվազեցնում են շնչառական վարակների հավանականությունը՝ ամրացնելով իմունային համակարգը։

Սթրեսի գործոնը նույնպես չարժե թերագնահատել, և զգացմունքային հավասարակշռություն որոնելու ամենօրյա գործընթացը կարող է լավ օգնական լինել վարակների դեմ պայքարելու գործում։

Իմունիտետի օգնականները գրիպի և հարբուխի դեպքում

  • Վիտամին С- հզոր հակաօքսիդանտ է։ C վիտամինի աղբյուր են սև հաղարջը, ցիտրուսայինները, կարմիր բիբարը, քաղցր պղպեղը, մասուրը, լոռամրգին, ելակը, մրգերի ու բանջարեղենի շատ տեսակներ։
  • Խնկածաղկի (օրեգանոյի) յուղ– որքան բարձր է կարվակրոլի մակարդակը, այնքան այն ավելի արդյունավետ է։ Կարվակրոլը հակամիկրոբային ակտիվ ազդություն ունեցող եթերայուղ է, որով հարուստ է օրեգանոն։
  • Ակնամոմ-ակնամոմը հակամանրեային ազդեցության լայն շրջանակ ունեցող նյութ է, որը նաև կոֆեինաթթվի և ապիգենինի հարուստ աղբյուր է․ սրանք երկու շատ կարևոր միացություններ են, որոնք նպաստում են իմունային համակարգի աշխատանքին և անգամ հակաքաղցկեղային ազդեցություն ունեն։
  • Թեյերը- հատկապես արդյունավետ է թանթրվենու, հազարտերևուկի, լորենու ծաղիկների, ուրցի, կոճապղպեղի համադրությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նյութում օգտագործվել են տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ www.bbc.com, russian.mercola.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031