Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում

Դեկտեմբեր 19,2021 20:00

Այսպիսով, իրականություն դարձավ հայ-թուրքական «երկխոսություն-քիրվայությունը», որն իրականում  Հայաստանի վերջնական կապիտուլյացիան է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հետաքրքրական է, որ հանրության մեծ մասը քննարկման առարկա է դարձրել, այսպես կոչված բանագնացային երկխոսության մասնակիցներին, անհանգստանալով, որ Թուրքիայի կողմից բանագնացը փորձառու դիվանագետ է, Հայաստանի կողմից․․․

Հարգելիներս, ի՞նչ կապ ունի, թե Հայաստանի կողմից ով է լինելու այդ բանագնացը։ Պարզ չէ՞, որ ինչպես ասում են, վիճակը գցված է, ամեն ինչ նախօրոք պայմանավորված, հաշվի առնելով նաև թուրքական կողմի անկեղծությունը՝ բանակցությունների ժամանակ անպայման հաշվի առնել Ադրբեջանի շահերը։

Եթե նույնիսկ ընդունենք, որ 2020թ․ պարտությունն ու Արցախի հանձնումը ոչ թե դավադրության հերթական փուլն էր, այլ ապիկարության հետևանք, ապա դրանից անմիջապես հետո, դեռ վերքերը չչորացած, վարչապետ կոչեցյալը չէր բարբաջի կոմունիկացիաների , Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» դարաշրջանի բացման մասին։Բանականություն  և ազգային արժանապատվություն ունեցող մարդն այդպես չէր շտապի։

Այն, որ,սա վարչապետ կոչեցյալի վաղեմի ծրագիրն էր, կարծում եմ անվիճելի է, բայց նրան անհրաժեշտ էր նաև «հանրային» աջակցություն, որն էլ իրականացվում էր և է, մի քանի, արտաքուստ, երբեմն թվացյալ իրար հակադիր ուղղություններով։

1.Առաջին, չքողարկված ուղղությունը, վարչապետ կոչեցյալի, պարբերական հանդիպումներն են, այսպես կոչված արտախորհրդարանական ուժերի, իրականում ՝ մարդ-«կուսակցությունների» հետ։ Պարզից էլ պարզ է, թե ինչ է «քննարկվում» այդ հանդիպումներին՝ ապահովել պետական, հակառուսական, իրականում՝ թրքամետ քաղաքականության քարոզչական ֆոնը, , որպես «անկախ» ուժեր։

2.Երկրորդ ուղղությունն «ամենաանկեղծն» է։ Այն տարիներ ի վեր, իրականացնում են Հայաստանի, այսպես կոչված քաղ․ հասարակության , քաղաքագետ-վերլուծաբանների որոշակի դերակատարների, քաղաքական մարդ-կուսակցությունների միջոցով։ Այն ընդգծված հակառուսական քաղաքականությունն է, որի ամենակարևոր բաղադրիչը ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից։ Նրանց ծրագրի առաջին փուլի իրականացումից, այն է պատերազմի պարտությունից հետո, նրանք մի պահ լռեցին, հետո նորից հրահանգավորված, շարունակեցին իրենց քարոզչությունը։Նրանք, «ընտրությունների» ժամանակ, քողարկված, կամ անթաքույց պաշտպանեցին պարտության և Արցախի կորստի միակ պատասխանատուին, այն արդարացնելով, որպես պայքար «նախկինների»  դեմ։ Նրանց կարկառուն ներկայացուցիչ, բազմիցս գաղափարափոխ, զրպարտության համար դատարանի որոշմամբ ներողություն աղերսող Ստեփան Գրիգորյանը, վերջերս թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանում Ռուսաստանի այլընտրանքը, կողմ էր արտահայտվել Զանգեզուրի միջանցքին։

«Անկեղծություն» ասելով, նկատի ունեմ հենց վերոնշյալ խոսքերը, որն «ի պատիվ» այդ գործչի, բացահայտ է ասվում, այն ինչ իրականացնում է, վարչապետ կոչեցյալը։

3.Երրորդն, այսպես կոչված, առավել քողարկված, փափուկ ուժի, «իրատեսական» ուղղությունն է, որն էլ իրականացնում են,իրենց մտավորական, մասնագետ, պատմաբան, ազգագրագետ, դիվանագետ հռչակած «մասնագետները», Ժիրայր Լիպարիտյանի գլխավորությամբ։ Այս խումբն, ինչպես ասացի, ներկայանում է հայ ժողովրդի ճակատագրով մտահոգված, «իրատեսական» թեզերով։ Նրանց կողմից ներկայացված «Սև թուղթը» (Սպիտակ թուղթ), իրականում քողարկված ձևով ներկայացնում է Ստեփան Գրիգորյանի նույն թեզերը։

Մոլորեցնելով հայ հանրությանը, «Սև թղթի» հեղինակներն առաջարկում են ապագայում Հայաստանը հռչակել, որպես չեզոք երկիր և  Հայաստանի անվտանգությունը ապահովել,այլ չեզոք երկրների խաղաղապահ ուժերով։ Չեմ կարծում, որ նրանք չեն պատկերացնում, որ ի տարբերություն Եվրոպայի, մեր տարածաշրջանում անհնար է լինել չեզոք  պետություն։ Չեմ կարծում  նաև, որ նրանք չեն գիտակցում, որ Ավստրիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան  նախ չեն համաձայնի իրենց զինված ուժերով   ստանձնել խաղաղապահի դերը  մեր տարածաշրջանում, առավել ևս հանուն հայ ժողովրդի, իրենց զավակներին զոհել։ Բայց, այս ամենը ժողովրդին մոլորեցնելու համար է,  ունենալով մեկ հիմնական խնդիր՝ հեռացնել ռուսական ռազմաբազան և Ռուսաստանին տարածաշրջանում փոխարինել Թուրքիայով։

4․Եվ վերջապես չորրորդ, իմ կարծիքով ամենավտանգավոր, «հայրենասիրության» քողի ներքո ներկայացող ԱԺԲ կոչվող խմբավորումը։ Այս ուժը հանդես է գալիս, իբր թուրք-ադրբեջանա-ռուսական եռյակի դեմ, հիմնական թիրախ դարձնելով Ռուսաստանը, պահանջելով ռուսական ներկայության հեռացումը ողջ տարածաշրջանից։ Ի տարբերություն, վերոնշյալ երեք ուժերի, ԱԺԲ-ն, որպես այլընտրանք Ռուսաստանին, ներկայացնում է, ոչ թե Թուրքիային, այլ․․․ Եվրոպային և ԱՄՆ-ին։ ԱԺԲ-ում, բացի իսկապես մոլորյալ հայրենասերներից, կան հայոց պատմությունից, քաղաքականությունից հասկացող ,գիտակ մարդիկ։ Համոզված եմ, որ նրանք քաջ գիտակցում են, որ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի միակ և հիմնական գործընկերը տարածաշրջանում Թուրքիան է և ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելուց հետո, տարածաշրջանը հանձնվում է Թուրքիային։ Բայց, նրանք հմտորեն օգտագործում են, իշխանությանը ընդդիմադիր, նաև ընդդիմությունից հիասթափված, երկրի ճակատագրով իսկապես անհանգստացած ժողովրդի զգացմունքները, բայց իրականում, մասնակից լինելով առաջին, երկրորդ և երրորդ խմբերի, այն է՝ իշխանության ծրագրերի իրականացմանը։

Նրանք 2016թ․ «ապստամբեցին», այսպես կոչված «Լավրովի պլանի» դեմ, բայց լռեցին, պատերազմի օրերին, նաև այսօր, երբ վտանգված է ողջ Հայաստանը։ Իհարկե, նրանք կհակաճառեն, թե հանրահավաքներ են անում, բայց կրիտիկական զանգված չի հավաքվում և այլն։ Հարց․ իսկ ինչո՞ւ,  ինչպես 2016թ․ զինված ապստամբություն չեք անում։ Եվ ես չտեսա նրանց կողմից որևէ քննադատական խոսք Ստեփան Գրիգորյանի «մտքի գոհարներին», որն էլ, ի դեպ 2018թ․ նրանց նախընտրական ցուցակում զբաղեցնում էր պատվավոր երկրորդ տեղը, էլ չասեմ 2008թ․ նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանին, նույնն է թե Ժիրայր Լիպարիտյանին աջակցությունը։

Ամփոփում․

Այսպիսով, այս թվացյալ  բազմավեկտոր, իրականում  նույն ուղղությամբ աշխատող ուժերը, շուտով Հայաստանը կդարձնեն Թուրքիային հպատակ տարածք՝ բացելով «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ հանձնելով Սյունիքը,  այսպես կոչված անկլավները, հեռացնելով ռուսական ռազմաբազան։

Հարց է առաջանում, բա ընդդիմությո՞ւնը․․․ Պահանջում է ԱԺ խոսնակի և Գլխավոր դատախազի հրաժարականները․․․

Պատկերացնում եմ, այս հոդվածին, հատկապես աժբականների արձագանքները․ «ռսի ստրուկ», «ռուսուլման» և այլ հայհոյանքներ։

Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ դեռևս պատանի տարիներից եղել եմ Հայաստանի անկախության մարտիկ՝ ընդգծված հակասովետականությամբ։ Այսօր, երբ վտանգված է Հայաստանի գոյությունը, նաև տեսնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, համոզված եմ, որ շունչ քաշելու համար, մեզ առավել նպատակահարմար է լինել ռուսական ազդեցության գոտում, քան վերջնականապես կորցնել Հայաստանը՝ դառնալով թուրքահպատակ տարածք։ Եվ վերջապես, հարց մեր արևմտամետներին, եթե իհարկե, նրանք անկեղծ են․

-Ո՞ր երկիրն է իր մշակույթով, ավանդույթներով, ավելի արևմուտք, Թուրքիա՞ն, թե՞ Ռուսաստանը․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Ծիծաղելին և, միաժամանակ, ողբալին այն է, որ Ձեր վերջին հարցի պատասխանն է՝ «Դժվար է ասել»:
    Ավանդույթների, վարքագծի մասին միարժեք կարելի է ասել,- Թուրքիան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031