ՀՅԴ բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ եւ նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների եւ աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Անկախության ամբողջ պատմության մեջ երեւի այսպիսի խայտառակ ընտրությունների կազմակերպում ու անցկացում Հայաստանում չի եղել:
«Իշխանությունները որքան էլ փորձեն ներկայացնել, թե պահպանում են վստահությունը ժողովրդի մեջ, այս ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դա բացարձակապես այդպես չէ: Այս իշխանությունների հոգեվարքը սկսվելու է կատարվածի վրա, որովհետեւ միայն հենվել ռեպրեսիվ ապարատի վրա, մնալ միայն ոստիկանության, իրավապահ մարմինների օժանդակության հույսին, նշանակում է՝ այլեւս դադարել ժողովրդավար լինել: Սա դասական ճշմարտություն է, եւ քաղաքականությունն այս առումով բացառություններ չի ճանաչում:
Մենք երբեք այսպես թուլացած, այսպես անզոր չենք եղել միջազգային ասպարեզում, մենք որպես գործոն այս տարածաշրջանում օր-օրի վերացվում ենք ու դառնում քննարկումների առարկա: Մարտահրավերներն էլ դրա հետ միասին ամեն օր ավելի սաստկանում են: Այս աստիճանի ճակատագրական մարտահրավերներ Հայաստանը չի ունեցել երեւի մի 100 տարի: Հայտնվել ենք մի վիճակում, որ եթե չսթափվենք եւ չհասկանանք՝ ինչ է պետք շտկել եւ որոնք են այն գլխավոր հարցերը, որի շուրջ պետք է բոլորս համախմբվենք, ուղղակի կկորցնենք մեր պետությունը: Սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն:
Մեր թշնամիները միշտ նույնն են եղել, նրանք չեն փոխել իրենց ցանկությունները եւ նրանք այսօր մի պետություն են՝ թուրքական պետություն, որը Ադրբեջանի հետ միասին փորձում է այս պատերազմից հետո ստանալ առավելագույնը: Եվ դա անում է Հայաստանի ներկայիս իշխանությունների, անունն ինչ ուզում եք դրեք, պահվածքի արդյունքում: Նրանք միասին տանում են նորանոր կենսական զիջումների, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ մենք, որ անընդհատ այս իշխանություններից ուզում ենք ստանալ հարցի պատասխանը, թե կարմիր գիծ ունե՞ն, որից այն կողմ այլեւս չեն պատրաստվում զիջել, հարցից անընդհատ խուսափում են: Որովհետեւ չունեն կարմիր գծի այն զգացումը, որից այն կողմ խոսել Հայաստանի պետականության հեռանկարների մասին անիմաստ է դառնում»,-ասաց Արմեն Ռուստամյանը ու համազգային դիմադրություն ձեւավորելու եւս մի կոչ արեց:
Կարդացեք նաև
Պատգամավորը վերլուծեց, թե ինչ են ուզում մեր թշնամիները իրենց պանթուրանական ծրագրերն իրականացնելու համար, որին խանգարում է որպես սեպ թյուրքալեզու պետությունների մեջ մխրճված Հայաստանը՝ Սյունիքով: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ թյուրքալեզու պետությունները, որոնք միավորում են ստեղծել, այդ սեպը վերացնելու ճանապարհը տեսնում են Հայաստանի տարածքով անցնելիք միջանցքով, որի անվանումը որեւէ էական նշանակություն չունի եւ որը հանգեցնելու է Արցախի վերջնական հայաթափմանը եւ Հայաստանի թուրքացմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ