Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Սիմոնյան. «Հետընտրական գործընթացները ապացուցում են, որ վարչախումբը փորձում է հաստատել լիակատար բռնապետություն»

Դեկտեմբեր 19,2021 16:54

ՀՅԴ ԳՄ  նախաձեռնությամբ այսօր հանդիպում էր կազմակերպվել 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ եւ նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների եւ աջակիցներ հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որ շուրջ երկու ամիս իրենք իրականացրել են միասնական ուժերով, գնահատական տրվեց հետընտրական իրավիճակին:

Ընտրական եւ հետընտրական գործընթացներն ամփոփեց ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը: Նա անդրադարձավ ՏԻՄ համակարգի բարեփոխումներին, որոնք սկսվել են 2011 թվականից եւ 2016/2017 թվականներին որոշ համայնքներում փորձնական մակարդակում կիրառվել:

«Իսկ վերջին ՏԻՄ եւ վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությամբ դրանք ամբողջացվեցին ՀՀ ողջ տարածքի համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ վարչախումբը բարեփոխումների անվան տակ նպատակ էր հետապնդում իր իշխանությունը տարածել նաեւ տեղական ինքնակառավարման մակարդակում: Հունիսին տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո շրջանառության մեջ դրվեցին ՏԻՄ եւ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծեր, որոնք շատ կարճ՝ մեկ-երկու շաբաթ, ժամանակահատված հետո փոխարինվեցին տրամաբանորեն այլ նախագծերով այն հիմնավորմամբ, որ վերջին նախագծի համաձայն ձեւավորված փնջերը առավելագույնս են ապահովելու ՏԻՄ գործունեությունը ՀՀ ողջ տարածքում:

Առանց հաշվի  առնելու հանրային շահը, համայնքների շահագրգիռ կարծիքը, խախտելով սահմանադրությունը եւ այս գործընթացի հետ Սահմանադրական դատարանի հստակ որոշումը՝ վարչախումբը փոխեց  ՏԻՄ  եւ  վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի արդյունքում 441 համայնքներ միավորվեցին 37 խոշորացված համայնքների մեջ:

Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ նշված  հակասահմանադրական գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով:

Հաջորդիվ վարչախումբը առաջնորդվեց նիկոլական ոճով՝ էլ ավելի կատարելագործելով այն: 2018 թվականին վարչախումբը փողոցով տիրանալով իշխանությանը՝ իր ձեռքում կենտրոնացրեց բոլոր վարչական ռեսուրսները՝ դրանց ամբողջական օգտագործմամբ մի քանի ամիս հետո գնալով ընտրության եւ մեծամասնություն ապահովելով: Այս դեպքում փողոցը փոխարինվեց իրենց իսկ ձեռքով գրված օրենքով, որով մինչեւ ընտրությունները գրեթե ազատվեցին բոլոր այն համայնքների ղեկավարներից, որոնք իրենց համար անցանկալի էին: Նշանակվեցին համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ, որոնք հետագայում հայտնվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակներում եւ օգտագործելով ՏԻՄ վարչական ռեսուրսները, քվեներ ապահովեցին ՔՊ կուսակցության համար:  Միեւնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ իրենց համակիր շրջանակներից չեն կարողանա ձեւավորել այնպիսի ավագանու ցանկեր, որոնք մրցունակ կլինեն այլ կուսակցությունների ցանկերի հետ, վախեցնելու, աշխատանքից ազատելու, քրեական շինծու գործեր հարուցելու սպառնալիքով իրենց ցանկերը համալրեցին դպրոցի տնօրեններով, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, ՊՈԱԿ-ների ղեկավարներով եւ պետական այլ պաշտոնյաներով: Ականատես եղանք դեպքերի, երբ նրանց ցուցակները գլխավորեցին իրենց շատ սիրելի նախկին կուսակցականներով: Ի դեպ, այս թեկնածուները ապահովեցին ավելի մեծ արդյունք, քան քայլ արած ՔՊ ներկայացուցիչները:

Սրան զուգահեռ վարչախումբը ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների եւ  դաշինքների ավագանու թեկնածուների նկատմամբ սկսեց կիրառել իր հոգեհարազատ գործելաոճը՝ հետապնդում, սպառնալիքներ, աշխատանքից ազատում, շինծու քրեական գործերի հարուցում, որի հետեւանքով մի շարք ավագանու թեկնածուներ ներկայացրին ինքնաբացարկի դիմումներ: Ականատես եղանք դեպքի,  երբ այն ճնշումների ազդեցության տակ ընդդիմադիր կուսակցության  ավագանու անդամը իր մեկ քվեով համայնքի ղեկավար ընտրեց ՔՊ ներկայացուցչի: Եվ այս չակերտավոր «հավասարության» պայմաններում մենք գնացինք ՏԻՄ ընտրությունների, որի հետեւանքները հասու են բոլորիդ:

Սիրելի ընկերներ: Հետընտրական բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունենում բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի կարողացել մեծամասնություն ունենալ, փաստում են,  որ կեղծ են այն բոլոր հիմնավորումները, որոնք իշխանությունը բերում էր ՏԻՄ եւ վարչատարածքային օրենքների փոփոխության նախագծերի  ժամանակ, որ վարչախումբը փորձում է  ամբողջությամբ զավթել ՏԻ մակարդակում իշխանությունը՝ գլխիվայր շուռ տալով ժողովրդի կամարտահայտությունը, երկրում հաստատել լիակատար բռնապետություն: Սա ամբողջատիրական ռեժիմի հաստատման դասական գործընթաց է, որ պետք է մերժենք ազգովի»,- ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031