«Առագաստ» սրճարանում Ֆուտբոլային գիտակների ակումբը (ՖԳԱ) անցկացրեց այս տարվա վերջին քննարկումը, որի ժամանակ մասնագետները գնահատական տվեցին այս տարվա ֆուտբոլային արդյունքներին եւ կիսվեցին եկող տարվա իր սպասելիքներով: Քննարկմանը աջակցեց «Ավերս» ընկերության տնօրեն Կարո Շահբազյանը:
Հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանը, ամփոփելով ֆուտբոլային տարին, նշեց, որ Հայաստանի ֆուտբոլային հավաքականը ունեցավ շատ հաջող մեկնարկ, գրավելով աշխարհի ուշադրությունը, սակայն հետագայում մեր խմբի հավաքականները սկսեցին լավ ուսումնասիրել հայ ֆուտբոլիստների խաղը եւ երկրորդ կեսի ելույթներում այդ ուսումնասիրությունները տվեցին լուրջ արդյունքներ, իսկ մեր հավաքականը չկարողացավ արդեն հաջող հանդես գալ: Կարելի է դրական համարել հավաքականի ելույթները, թեկուզ առաջին հատվածի լավ խաղերի համար, գտնում է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնության խաղերին, ապա այն դեռ չի ավարտվել եւ վաղ է գնահատական տալ, քանի որ անցնում է աշուն-գարուն աշխատակարգով: Գիտակի կարծիքով անցած ժամանակաշրջանում կայուն խաղ ցուցադրեց միայն «Արարատ Արմենիա» ակումբը: Հենց սկզբից, ամենայն լրջությամբ մոտենալով բոլոր հանդիպումներին, թիմը հիմա վստահորեն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ ներկայումս չեմպիոնի գլխավոր հավակնորդն է համարվում:
Ինչ վերաբերում է եկող տարվա սպասումներին, ապա Սարգսյանի կարծիքով ՀՀ ֆուտբոլի հավաքականի, ինչպես նաեւ ՀՖՖ ղեկավարները պետք է լուրջ հետևություններ անեն: Սա կապված է նաեւ ՀՀ առաջնության հետ, թե ինչ պետք է անել, որպեսզի հայ ֆուտբոլիստները ավելի հաճախակի հանդես գան իրենց ակումբներում: Նրա խոսքերով, լեգիոներների չափազանց քանակի ներկայությունը հայկական թիմերում շատ լուրջ խնդիր է ՀՀ առաջնության համար: Անհրաժեշտ է հեռանկարային երիտասարդ հայ ֆուտբոլիստներին հնարավորինս շատ խաղաժամանակ տրամադրել առաջնությունում: «Եթե խորհրդային ժամանակներում տեղ չտային երիտասարդ Կովալենկոյին, Բոնդարենկային, Զանազանյանին, Նազար Պետրոսյանին, Անդրեասյանին, իրենք էլ չեին խաղա եւ չեին ունենա լայն ճանաչում», – ավարտեց խոսքը նա:
Կարդացեք նաև
Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը ամենեւին դրական չի գնահատում ֆուտբոլային տարին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար: Նրա խոսքերով, առաջին երեք հանդիպումներում գրանցված հաղթանակները ավելի շատ պատահականություն էին, քան ինչ-որ որակների դրսեւորում: Հաջող խաղ ցուցադրեց հավաքականը միայն Իսլանդիայի հետ հանդիպման ժամանակ, իսկ Ռումինիայի եւ Լիխտենշտեյնի հետ դեր խաղաց բախտի գործոնը: Հետագայում 9 խաղերում ոչ մի հաղթանակ, ինչը ուղղակի խայտառակություն է:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ապա մասնագետը մատնանշեց այն փաստը, որ թիմերը դուրս են մնում մրցաշարից: «Ինչու՞ է դա տեղի ունենում: Բարձրագույն առաջնությունից 3 տարվա մեջ արդեն 5 թիմ է դուրս մնացել: Սա խնդիր է, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի», – նշեց նա:
Բաղդասարյանը խոսեց նաեւ «Ալաշկերտի» եվրոգավաթների ելույթների մասին: Նրա խոսքերով, այդ թիմը 14 խաղ է անցկացրել եւ հիմնական ժամանակում ոչ մի հաղթանակ չի տոնել: Երկու հաղթանակներն էլ լրացուցիչ ժամանակում է ձեռք բերել, իսկ մնացած խաղերում պարտվել է: Ինչ վերաբերում է խմբային փուլի ելույթներին, ապա Բաղդասարյանը գտնում է, որ ավելի լավ է, որ ակումբը չմտներ խմբային մրցաշար, չխայտառակվեր, քան մասնակցեր, քանի որ 6 խաղից հինգում պարտվեցին, իսկ մեկ խաղում էլ ոչ ոքի արեցին: «Սա է մեր ֆուտբոլի իրական պատկերը» – նշեց նա:
Խոսելով Հայաստանի ներքին առաջնության մասին գիտակը համոզմունք հայտնեց, որ չեմպիոնության հարցը արդեն լուծված է, քանի որ «Արարատ Արմենիան» ավելի լուրջ է վերաբերվում իր ելույթների եւ խաղը ավելի բարձր մակարդակի վրա է դրված: Դրա հետ մեկտեղ այդ թիմի հովանավորը ավելի կարող անձնավորություն է: Նրա խոսքերով, եթե թիմը եվրոգավաթներում դուրս գա խմբային փուլ, ապա թիմի սեփականատերը ի վիճակի է բարձ մակարդակի ֆուտբոլիստներ բերել: Եթե մեկ հայկական թիմ սկսի հաջող հանդես գալ եվրոգավաթներում, ապա իրավիճակը կփոխվի եւ այլ երկրի ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ կուզենան հանդես գալ հայկական ակումբում, քանի որ եվրոգավաթների հանդիպումները՝ դա ցատկահարթակ է, որպեսզի ֆուտբոլիստը հայտնվի եվրոպական լավ թիմերում:
Նա նշեց, որ անցած տարում եղել են դրական պահեր, բայց բացասականը շատ է: Բաղդասարյանը շեշտեց, որ փաստորեն արդեն քանի տարի է Հայաստանում ոչ մի առաջնություն իր վերջնագծին չի հասնում, կան բազմաթիվ խնդիրներ եւ մրցավարության եւ լեգիոներների քանակի հետ: «Ես այն կարծիքի եմ, որ մինչեւ Ֆեդերացիայի ղեկավարությունը չփոխվի, ոչ մի հարց էլ չի շտկվի», – եզրափակեց նա:
«Ֆուտբոլ +» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ հավաքականի այս տարվա առաջին երեք հաղթանակները պատերազմից հետո, ոնց որ թե Աստված մեզ պարգեւեց, եւ բոլորը, շեղվելով ներկա տխուր իրավիճակից, սկսեցին ֆուտբոլով ապրել, եւ հույսով, որ ինչ-որ բանի պիտի հասնենք: Իսկ երբ հանդիպեցինք Գերմանիայի հզոր հավաքականի հետ հասկացանք, որ մեր ֆուտբոլը դեռ շատ հեռու է կատարյալից: Մեր հաղթանակներում կար բախտի գործոն, վստահ է մասնագետը: Նա վստահ է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել երիտասարդական եւ պատանեկան հավաքականների վրա: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա Մարտիրոսյանը շեշտեց, որ այնտեղ մեծ մասամբ խաղում են ֆուտբոլիստներ, որոնք չեն հանդիսանում հայրենի ֆուտբոլի «պրոդուկտ», դրսից են: Նրա համոզմամբ պետք է տեղ տալ հավաքականում հայրենի ֆուտբոլիստներին, օրինակ՝ դարպասապահ Մելիքսեթյանին, որի մասին, չգիտես ինչու, մոռացել են: Նա նշեց, որ երիտասարդական հավաքականը խաղերը «պրովալ» տվեց, պատանեկան հավաքականները իրենց խաղերը հերթով պարտվում են: Աշխարհով մեկ ընկած ման ենք գալիս ազգանունի «յան» վերջավորությամբ խաղացողներ, բայց իրականում ֆուտբոլիստները մեր պատանեկան ակադեմիայից պետք է դուրս գան, վստահ է նա: «Մենք արդյունք չենք կարող ունենալ, քանի դեռ հայրենի ֆուտբոլիստները հանդես չեն գալիս հավաքականի կազմում, կամ շատ քիչ են հանդես գալիս», – նշեց նա:
«Ավերս» ընկերության գլխավոր տնօրեն Կարո Շահբազյանը նշեց, որ իր նման շատ-շատ ֆուտբոլասերներ Հայաստանում ակումբային ֆուտբոլով համարյա չեն հետաքրքրվում, որովհետեւ այնքան դեպքեր են տեղի ունենում առաջնությունում, որ դա պատիվ չի բերում ֆուտբոլի ֆեդերացիային՝ ինչ-որ խռովություններ, մասնավոր նեղացկոտություններ, ինչը հանգեցնում է նրան, որ ֆուտբոլասերը, հոգնելով, սկսում է հետաքրքրվել միայն երկրի հավաքականով:
«Սկզբից հավաքականը լավ խաղ ցույց տվեց, իսկ հետո՝ ոչ: Որպես ֆուտբոլասեր չեմ կարողանում հասկանալ որն է պատճառը, որ կազմը հաճախակի ենթարկվում է ռոտացիայի, սկզբում մի ֆուտբոլիստներ են հանդես գալիս, հետո իրենք անհետանում են, հայտնվում են այլ ֆուտբոլիստներ, էլ չեմ ուզում խոսել դարպասապահի մասին: Ընդհանրապես Հայաստանը միշտ լուրջ խնդիր է ունեցել դարպասապահի հետ կապված», – նշեց նա: Նրա կարծիքով, այս բոլորի գլխավերեւում ֆուտբոլի ֆեդերացիան է կանգնած, նա պետք է իր «ճշմարտացի եւ հուժկու խոսքը ասի եւ չփոխի իր որոշումները»: Շահբազյանը գտնում է, որ «թեկուզ այդքան հաջողություններ չունենանք եվրոպական հարթակներում, բայց գոնե հաստատվի կարգ ու կանոն մեր հայրենի ֆուտբոլում»:
Ինչպես նշեց ՖԳԱ հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանը, ֆուտբոլասերները հիմնականում հետեւում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթներին եւ գնահատական տալիս են ելնելով հավաքականի ցույց տված արդյունքներից: Ըստ այդմ մեր հավաքականի ելույթները տարվա առաջին կեսին բավականի հաջող էին, ինչը չի կարելի ասել վերջին խաղերի մասին: Հայաստանի հավաքականը երկար ժամանակ առաջատար էր իր խմբում, սակայն հետագայում ցավալի պարտությունները գլորեցին նրան 4-րդ տեղ խմբում, զրկելով մասնակցել աշխարհի առաջնության հնարավորությունից:
Հայաստանի ակումբներն էլ նույնպես չունեցան հաջողություն եվրոգավաթների մրցաշարերում: Թեպետ առաջին անգամ մեր պատմության մեջ «Ալաշկերտը» դուրս եկավ խմբային փուլ, սակայն բոլոր խաղերում պարտվեց եւ ընդամենը մեկ հանդիպում ավարտեց ոչ ոքի: Սա նույնպես կարելի է անվանել անհաջող ելույթ: Նա հույս հայտնեց, որ մյուս տարի լուրջ հետեւություններ կարվեն մեր ֆուտբոլային ֆունկցիոներների կողմից:
Գիտակի խոսքերով, Հայաստանում լուրջ խնդիրներ կան նաեւ մարզադաշտերի առկայության տեսանկյունից եւ կա անհրաժեշտություն զարկ տալ դրանց կառուցմանը երկրում, քանի որ նույնիսկ բարձրագույն խմբի ակումբները տեղ չունեն անցկացնել իրենց հանդիպումները եւ խաղերի մեծ մասը անցկացնում են Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում: Ընդ որում` դաշտերը պետք է կառուցել ոչ միայն Երեւանում, այլ նաեւ շրջաններում, եթե մենք ուզում ենք զարգացնել ֆուտբոլը նաեւ ռեգիոններում:
Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ