«Դինամո» մարզահամալիրում Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Ուկրաինայի մասնակցությամբ բռնցքամարտի թիմային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ՝ Ուկրաինայի նկատմամբ: Մրցաշարն ընթանում է նորմալ հունով, ինչին մեծապես նպաստում է նաեւ մրցավարությունը:
Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանն Aravot. am-ի հետ զրույցում ասաց. «Մարտերը սպասարկում են 19 մրցավարներ, որոնցից 7-ը միջազգային կարգի որակավորում ունեն: ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրավերով 2-ական մրցավար ներկայացրել են Վրաստանը եւ Ուկրաինան, 1-ը՝ Ռուսաստանը, 14-ը Հայաստանի մրցավարներն են: Մրցաշարի ընթացքում պատվիրակություններից ոչ մի բողոք, դժգոհություն չենք ստացել, ինչը վկայում է, որ մրցավարներն անկողմնակալ են, ճիշտ որոշումներ են կայացնում:
Մեր գործընկերները, որոնց հետ զրուցել եմ, գոհ են իրենց համար ստեղծված պայմաններից եւ պատրաստակամություն են հայտնում ոչ միայն կրկին գալ մեզ հյուր, այլեւ ցանկանում են նպաստել, որպեսզի մեր մրցավարներին հրավիրեն իրենց երկրներ: Երեւի տեղյակ եք, որ հանրապետությունում ԱԻԲԱ-ի միջազգային կարգի երեք մրցավար կա ընդամենը, իսկ այդպիսի մասնագետների կարիքը մեզանում մեծ է: Եվ այստեղ է, որ մեր մրցավարները հասունանում են, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերում իրենց որակավորումը հետագայում բարձրացնելու համար»,- ասաց ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ