Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում տարբեր համայնքներում իշխանության զավթման փորձ է տեղի ունենում». «Առերեսում»

Դեկտեմբեր 18,2021 23:49

«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը եւ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գնահատում են, թե արդյոք իրականությանը փաստացի համապատասխանո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»: Անդրադարձ կատարվեց նաեւ ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո՝ տարբեր համայնքապետերի նկատմամբ իրավական հետապնդումներին:

Մի քանի մեջբերումներ նրանց խոսքից:

Արաքսյա Գրիգորյան. Իշխող քաղաքական ուժի արձանագրած արդյունքները, որոնք այսօր տեսնում ենք՝ իրականացվել են վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ճնշումներով: Եվ հետեւաբար՝ անհնար է արձանագրել, որ ՏԻՄ ընտրությունները եղել են արդար, հավասար, քանի որ առնվազն մենք բախվել ենք նման խնդիրների:

Միքայել Նահապետյան. Առանց սեթեւեթանքի՝ այո, (համայնքապետերի նկատմամբ սկիզբ առած իրավական գործընթացները.-խմբ.) դա քաղաքական հետապնդում է, որն ուղղված է իշխանության զավթմանը՝ բռնություն գործադրելու միջոցով կամ դրա սպառնալիքով…

Ինչու իրավաչափ չեն այդ գործողությունները՝ քանի դրանք կիրառվում են շատ կոնկրետ համատեքստում, ավագանիների շատ կոնկրետ հարաբերակցություն փոխելու եւ դրանով շատ կոնկրետ արդյունք երաշխավորելու համար: Գործի է դրվում իրավապահ համակարգը՝ գուցե գոյություն ունեցող իրավական հիմքերի հաշվի առմամբ: Այսինքն՝ կա քրեական գործ, որը քնած է դարակում, այն հանում են՝ ասում են, վայ, տեսեք, մենք չենք հորինել՝ կա այդ գործը: Այ, ե՞րբ եք որոշել այդ գործը քննել՝ դա քաղաքական հետապնդում է եւ բռնության գործադրման՝ լավ մշակված եւ ակնհայտ մեխանիզմ է: Սա է տեղի ունենում՝ Հայաստանում տարբեր համայնքներում իշխանության զավթման փորձ է տեղի ունենում:

Արաքսյա Գրիգորյան. Իշխող քաղաքական ուժի գրանցած արդյունքները՝ երբ այն օգտագործել է այսքան վարչական ռեսուրս եւ գրանցել է այս արդյունքները՝ մտածելու տեղիք են տալիս, որ մյուս ընտրությունների համեմատ՝ ինչ որ տարբերություններ կան:

Միքայել Նահապետյան. Ընդդիմադիր այն հատվածը, որը վստահորեն պնդում է, թե ՏԻՄ ընտրություններում ձայների նվազումը՝ համապետականի համեմատ, Նիկոլ Փաշինյանի իշխանության անկման ցուցիչ է՝ այդ ընդդիմադիր ուժերը հերոին են բաժանում Հայաստանի հասարակությանը՝ թմրեցնելով ու լավ, դրական սպասումներ ներարկելով:

Արաքսյա Գրիգորյան. Համարել այս ընտրությունները, թե արդյոք մեր երազած այն ժողովրդավար ընտրություններն են՝ ոչ, դա այդպես չէ: Դեռ շատ անելիքներ ունենք, որ քաղաքացին ազատ գնա ընտրատեղամաս ու իր կամքով կատարի այն ընտրությունը, որն ինքն է ցանկանում… Էլի մեքենաներով բերում էին՝ մեքենաների վրա էլի փակցված նկարներով…սա արդեն ինչ որ բան նշանակում է, թե մարդկանց ինչպես են բերել ընտրության:

Միքայել Նահապետյան. Ընտրությունները, այո, էապես տարբերվում են մինչեւ 2018 թվականը եղած ընտրություններից՝ դրականորեն, բայց դրանից հետո ամեն հաջորդ ընտրություն բացասականորեն է տարբերվում իր նախորդ ընտրությունից… Այսինքն՝ 2018-ի ընտրություններն ավելի լավն էին, քան դրանից հետո եղած ՏԻՄ ընտրությունները, դրանք ավելի լավն էին, քան դրանից հետո եղած համապետական ընտրությունները, դրանք էլ ավելի լավն էր, քան ՏԻՄ այս ընտրությունը… Մենք ունենք բացասական դինամիկա…

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031