«Կարծում եմ՝ 2009-10թթ․ իրադարձությունների վերաբերյալ շատ սեղմ եւ մասնագիտորեն վերլուծություն է ներկայացրել նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս։ Այնպես որ, դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների երկխոսություն սկսելու գործընթացին եւ դրա հնարավոր ռիսկերին՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եթե նկատել եք, ես առհասարակ մեր ձեռքբերումների մասին էլ չեմ խոսել, որովհետեւ դրանք արդեն անցյալում են»,-նշեց Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով հարցադրումն այն մասին, որ իր այսօրվա ելույթում հայ-թուրքական հարաբերություններից չի խոսել։ Նկատառմանն ի պատասխան, որ գործարար միջավայրից որոշ մարդիկ շատ են ոգեւորված հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմամբ, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ